ԵՐԲ ԿԻՆԸ ԽԵԼԱՑԻ ՉԷ, ԱՐՏԱՔԻՆԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ. ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

 

Երիտասարդ ու հաջողակ կին գործարար Լուսինե Հովսեփյանին Wnews.am-ն արդեն ներկայացրել է։ Դեռ 15 տարի առաջ նրա կողմից հիմնած հարսանյաց սրահը Հայաստանում գործող սակավաթիվ հարսանյաց սրահներից էր։ Շատ խոչընդոտներ հաղթահարելով, Լուսինեն իր աշխատասիրության շնորհիվ զարգացրեց բիզնեսը. այժմ բացի հարսանյաց սրահից, Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր Սթրիթ» մոլում գործում է նաեւ «Փարիզ» դիզայն ստուդիան, որը բացի գեղեցիկ դեկորացիաների վաճառքից, իրականացնում է հարսանյաց եւ տոնական այլ տեսակի խնջույքների կազմակերպում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս։ 

 

Կանանց մեկամսյակին ընդառաջ Wnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք հաջողակ կին գործարարների հետ։Լուսինե Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք կանացիության, երջանիկ ընտանիքի իր բանաձեւի, հետագա ծրագրերի մասին։

 

-Լուսինե, երկար տարիներ է՝ ղեկավարում եք ձեր բիզնեսը, որում հաջողության եք հասել։ Հե՞շտ է արդյոք կնոջը բիզնեսով զբաղվել, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա գործարար կինը։

-Իհարկե հեշտ չէ՝ հատկապես հաջողակ բիզնես վարելը, սակայն երբ սիրում ես աշխատանքդ, շատ խոչընդոտներ ես հաղթահարում։ Ըստ իս, պետք է լինել նպատակասլաց, ուժեղ, ազնիվ։ Եթե չկարողանաս քո ուրույն տեղը գրավել,  բիզնեսը չի կարող ծաղկել, ինչն էլ անկման կբերի։

-Դուք ամուսնացած եք, ունեք Ձեր ընտանիքը, ինչպե՞ս եք համատեղում բիզնեսն ու անձնականը, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։

-Իհարկե հեշտ չէ այնպես անել, որ ո’չ աշխատանքը տուժի, ո’չ ընտանիքը, բայց ինձ մոտ դա հաջողվում է, քանի որ ես օրս նախօրորք եմ պլանավորում՝ օրվա առաջին կեսը տրամադրելով բիզնեսին, երկրորդը՝ ընտանիքին։ Փորձում եմ ոչ մի կերպ չխախտել այդ կարգը, իսկ եթե փոփոխություններ են լինում, դա անում եմ ոչ թե ընտանիքիս, այլ աշխատանքի հաշվին։

 

-Ասացիք, որ բիզնեսը ղեկավարելու համար պետք է ուժեղ լինել, այդ դեպքում կանացիությունը չի՞ տուժում։

-Իմ կարծիքով ուժեղ կինն իր ուժը դրսեւորում է բոլոր բնագավառներում եւ դրանից միայն շահում է։Երբ կինը ուժեղ է, կարող է լինել եւ’ խնամված, եւ’ կանացի, եւ’ հաջողակ, ուղղակի պետք չէ վախենալ, այլ փորձել ինքնադրսեւորվել իրեն հարազատ բնագավառում։ Երբ գործի մեջ հոգիդ ես ներդնում եւ սիրում ես աշխատանքդ, արդյունքը երկար սպասեցնել չի տալիս եւ մեծ հաջողությունների ես հասնում։

-Ինպիսի՞ն է ժամանակակից կնոջ կերպարը։

-Հաջողություն չեմ համարում, երբ կինն ունի իր բիզնեսը, սակայն չունի ընտանիք եւ անձնական կյանք, որովհետեւ ինձ համար ամենամեծ հաջողոթյունն ընտանիքն է։ Կինն առաջին հերթին պետք է լինի հոգատար կողակից, մայր, հարս։ Պետք է կարողանալ համատեղել ընտանիքն ու աշխատանքը։ Իհարկե, ամենադժվարն այդ բալանսը պահելն է, որպեսզի եւ’ ամուսինդ եւ’ երեխադ ուշադրության պակաս չզգան, իսկ դու լինես խնամված, կենսուրախ, ցույց չտաս հոգնածությունը, օրվա լարվածությունդ, անկումներդ։ Այդ պատճառով էլ պետք է ուժեղ լինել, որպեսզի այդ բացերը ցույց չտաս։

 

-Ե՞րբ եք Ձեզ երջանիկ զգում, ինչի՞ց եք ուրախանում։

-Շատ փոքրիկ բաներն էլ ինձ կարող են երջանկություն պարգեւել։ Ամենաշատն ուրախանում եմ, երբ ամիսներ շարունակ ձեռնարկածս գլոբալ աշխատանքը հաջողությամբ է ավարտվում եւ տեսնում եմ հաճախորդներիս գոհունակ աչքերը։

-Որո՞նք են Ձեր բնավորության ուժեղ եւ թույլ գծերը։

-Ուժեղ կողմերիցս է նպատակասլացությունը. երբեք ոչինչ խոչընդոտ չեմ համարում, նույնսիկ մեծ կորուստ ունենալու կամ որեւէ բան չստացվելու դեպքում չեմ համարում, որ անհաջողակ եմ, այլ միշտ առաջ եմ շարժվում։ Թույլ կողմն այն է, որ շատ հոգատար եմ բոլորի հանդեպ,  միշտ մտածում եմ, որ բոլորին պետք է օգնեմ։ Իմ էներգիաս տալիս եմ շրջապատիս, հարազատներիս, եւ երբեմն դժվար է բոլորի հանդեպ հոգատար լինելը։

 

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։

-Ինձ մոտիվացնում է հաճախորդների գոհունակությունը։ Ես ամեն րոպե ստեղծագործոմ եմ, անգամ հանգստի մեկնելիս փորձում եմ ստեղծագործել, իսկ հանգստից վերադառնում եմ նոր մտքերով, գաղափարներով։

-Որտե՞ղ եք լիարժեք հանգիստ վայելում։

-Իմ գերծանրաբեռնվածությունից հետո լիարժեք հանգիստը կարողանում եմ վայելել այն վայրերում, որտեղ ծով կա։ Ընտանիքով շատ ենք լինում Դուբայում, դա իմ ամենասիրելի քաղաքներից է, որտեղ կարողանում եմ համատեղել եւ’ հանգիստը, եւ’ շոփինգը։

-Աշխատանքից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

-Զբաղվում եմ սպորտով, լողով, սիրում եմ ոտքով շրջել մեր գեղեցիկ քաղաքով, երեկոյան սիրում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ հետաքրքիր վայրեր այցելել։ Հաճախ ընտանիքիս հետ թատրոն եմ այցելում։

-Ի՞նչ գիրք եք այժմ ընթերցում։

-Այս շրջանում շատ եմ ուսումնասիրում մանկական հոգեբանությունը եւ այդ թեմայով էլեկտրոնային գրքեր եմ կարդում, որպեսզի ավելի լավ կարողանամ հասկանալ եւ դաստիարակել որդուս։ Առհասարակ ինձ շատ է հետաքրքրում մանկական հոգեբանությունը։

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղամարդկանց մեջ։

-Ազնվությունը, հոգատարությունը, աշխատասիրությունը։ Եթե տղամարդն աշխատասեր չէ, չի կարող իմ կյանքում տեղ ունենալ։ Փառք Աստծո, ամուսինս օժտված է բնավորության այդ երեք գծերով։

-Ո՞րն է երջանիկ հարաբերությունների Ձեր բանաձեւը։

-Շուտով տոնելու ենք մեր ամուսնության 15-րդ տարին։ Մենք շատ լավ ընկերներ ենք, կարող ենք ցանկացած հարցի շուրջ երկար քննարկումներ ունենալ, միմյանցից որեւէ գաղտնիք չունենք։ Միասին ենք հասել հաջողությունների, ամուսինս ինձ շատ է աջակցում ու օգնում, ես միայնակ չեմ կարող կառավարել բիզնեսը, որովհետեւ այն կնոջ համար ծանր է, իսկ ամուսինս ինձ շատ է օգնում։ Մենք լիարժեք զույգ ենք, կյանքում խոչընդոտներ չենք ունենում, որովհետեւ ամեն ինչ միասին ենք անում։

-Ո՞րն եք համարում կնոջ գլխավոր զենքը։

-Ըստ իս, դա խելքն է։ Եթե կինը խելացի չլինի, արտաքին տեսքը կարճ ժամանակ անց կմնա ետեւում։ Պետք է լինել նաեւ ազնիվ ու բարի, դա շատ է օգնում ցանկացած հարցում։

-Ձեզ հաջողակ համարու՞մ եք։

-Այո, որովհետեւ զբաղվում եմ սիրածս աշխատանքով, մեծ հաջողությունների եմ հասել, ունեմ լավ ընտանիք։

-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

-Երազում եմ ընտանիքս համալրելու մասին։

-Ո՞րն է Ձեր ամուսնու մատուցած ամենատպավորիչ նվերը։

-Ամուսինս ինձ նվերներ է մատուցում ոչ միայն կանանց մեկամսյակին, այլ ամբողջ տարվա ընթացքում։ Ամենատպավորիչ նվերը նա որդուս հետ միասին էր պատրաստել. նրանք ամբողջ տան տարածքը լաբիրինթի էին վերածել ժապավեններով, սլաքներով, նվերներով պատված։Լաբիրինթի վերջում ամենատպավորիչ նվերն էր. որդուս կողմից արված նկարը, որում  մեր ընտանիքն էր՝ համալրված աղջիկ երեխայով, շունիկով։

 

-Ձեր բիզնեսի հետ կապված ի՞նչ նոր նախագծեր ունեք։

-Մեր բիզնեսում անընդհատ փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի մեզ չկրկնօրինակեն։ Այս տարվա ամենակարեւոր ձեռքբերումներից է Հայաստանից դուրս աշխարհի բոլոր երկրներում պատվերներ ընդունելը։ Մեզ ճանաչում են նաեւ Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊհ տարածքում։

-Առջեւում կանանց մեկամսյակն է, ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց։

-Ցանկանում եմ բոլոր կանայց լինեն ուժեղ, որեւէ խոչընդոտի դեպքում հետ չկանգնեն իրենց երազանքներից։ Ամեն ինչ ստացվում է, երբ ուժեղ ես լինում։ Ուզում եմ բոլորը լինեն սիրված, գնահատված, խնամված, սիրեն իրենք իրենց, որպեսզի սիրվեն նաեւ մյուսների կողմից։

 

Be the first to comment on "ԵՐԲ ԿԻՆԸ ԽԵԼԱՑԻ ՉԷ, ԱՐՏԱՔԻՆԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ. ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ