ԱԽ նիստ Հայաստանում. ինչ է պատրաստում Ադրբեջանը

Հայաստանում տեղի է ունեցել նոր կառավարման համակարգի եւ նոր Սահմանադրության պայմաններում Անվտանգության խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը զեկուցել է ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձեւերի եւ մեթոդների ներդրման մասին, ինչպես նշված է հաղորդագրությունում:

Անվտանգության խորհուրդը նոր Սահմանադրության եւ կառավարման նոր մոդելի պայմաններում օժտվել է որոշումներ կայացնելու մանդատով, որոնք պաշտպանական բնագավառի մասով ենթակա են պարտադիր կատարման: Խորհուրդն է մշակելու պաշտպանական քաղաքականությունը:

Անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենում ուշագրավ ժամանակահատվածում: Հունիսի 26-ին, այսինքն վաղը, Ադրբեջանը նշելու է իր զինուժի 100-ամյակը, որի առիթով զորահանդեսին Բաքուն ծրագրում է ներկայանալ իր ռազմական ամբողջ հզորությամբ: Դրանից առաջ հայտարարվել են մի քանի նշանակալի ձեռքբերումների մասին՝ թեւավոր հրթիռներ Թուրքիայից, հեռահար հրթիռներ Իսրայելից եւ Պոլոնեզ համազարկային հրթիռներ Բելառուսից, որը Հայաստանի իբրեւ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում:

Միաժամանակ, Բաքուն արդեն մոտ երկու ամիս է աշխույժ շարժեր եւ ինժեներատեխնիկական աշխատանքներ է կատարում առաջնագծում, եղել են նաեւ Նախիջեւանի ուղղությամբ հայտնի քայլերը:

Այդ ամենը տվել է անուսափելի պատերազմի մասին խոսակցությունների նոր ալիքի առիթ: Իրականում պատերազմի անխուսափելիությունը կախված է մի հանգամանքից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռության խախտում, որը Բաքվի մոտ կառաջացնի ռազմական պատկերացնելի հաջողության համոզվածություն:

Հավասարակշռությունն անկասկած բաղկացած է մի քանի գործոններից, այդ թվում ոչ միայն ռազմա-տեխնիկական: Ռազմա-տեխնիկական հավասարակշռությունից բացի, առանցքային է արտաքին քաղաքական հավասարակշռությունը: Բաքուն լայնամասշտաբ որեւէ քայլի համար պետք է ունենա հավանություն այդ դաշտում: Հայաստանն էլ պետք է չեզոքացնի դրա հնարավորությունը: Այդ տեսանկյունից կարեւոր է մի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունը, մյուս կողմից իհարկե նաեւ հարաբերությունը Արեւմուտքի հետ: Կարեւոր է նաեւ Իրանի գործոնը:

Ադրբեջանն այդ ուղղություններով առայժմ չունի հավանության կամ հաջողության հեռանկար, եւ Հայաստանին առայժմ հաջողվում է այդ մասով պահել հավասարակշռությունը: Միաժամանակ, ակնառու է, որ ներքին կյանքում ծավալված կոռուպցիայի դեմ լայն թափով պայքարը իր խորքում ունի նաեւ ռազմա-տեխնիկական հավասարակշռությունն ապահովելու նպատակ, քանի որ դրա համար կարեւոր է յուրաքանչյուր լումա, էլ չասած, երբ խոսքը բյուջե վերադարձվող միլիարդավոր դրամների մասին է: Հայաստանի հավելյալ կարեւոր ռեսուրս է թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված բացառիկ լեգիտիմ իշխանությունն ու համընդհանուր դրական սպասումն ու տրամադրվածությունը:

Միաժամանակ ակնառու է, որ Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել այսպես ասած սառը պատերազմին: Դա չի նշանակում, որ տաք պատերազմի վտանգ չկա: Առավել եւս այն չպետք է թերագնահատել երբեք, անկախ Ադրբեջանի որեւէ քայլից:

Սակայն Ադրբեջանի գործողությունները պետք է դիտարկել նաեւ այլ տեսանկյունից: Բաքուն փորձում է ավելացնել արագությունը, Հայաստանը հետ թողնելու համար: Ապրիլի քառօրյա պատերազմում Բաքուն խոշոր հաշվով ապարդյուն մսխեց իր տարիների ձեռք բերած ռազմա-քաղաքական առավելությունը, ընդհուպ ռազմական շանտաժի անկարողության աստիճան: Վիեննայի օրակարգից ամիսներ անց, 2017 թվականի փետրվարի 25-ի դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ Ադրբեջանը ստացավ աննախադեպ ուժգին հակահարված:

Ալիեւի համար ակնառու էր, որ խաղն ավարտվում է, եւ թերեւս վերջին հույսը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է, որը Հայաստանում կարող էր բերել հանրային-քաղաքական մթնոլորտի նոր անկման, կամ մեկ այլ դեպքում այդ վարչապետության դեմ բողոքի հանդեպ ուժի կիրառման եւ Հայաստանի միջազգային խոցելիության:

Սակայն, մի կողից թավշյա հեղափոխության հաջողությունը, մյուս կողմից ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը խաղն էլ ավելի շրջեց Ալիեւի դեմ՝ Հայաստանի միջազգային աճող վարկանիշով ու բացառիկ լեգիտիմ իշխանությամբ:

Այս պարագայում Ալիեւը ինքն ուներ ոչ թե առաջ անցնելու, այլ Հայաստանից հետ չմնալու խնդիր: Ներկայում նա ակնհայտորեն փորձում է լուծել երկուսը միանգամից՝ հասնել եւ արագորեն անցնել Հայաստանից՝ ռազմա-քաղաքական փաթեթի մասով: Հաղորդել նաեւ սառը մրցավազքի այնպիսի տեմպ, որի հետեւից չհասցնի Հայաստանը:

Ադրբեջանն անկասկած ունի դրա նյութական եւ ֆինանսական հնարավորությունը: Այդ տեսանկյունից մարտահրավերն իսկապես բավական լուրջ է եւ Հայաստանն ունի հավասարակշռության ռազմա-քաղաքական փաթեթը պահելու խնդիր:

Զուտ ռեսուրսային կարողության իմաստով Հայաստանը ներկայում ունի այդ հարցը լուծելու առավել մեծ ներուժ, թե նյութական ռեսուրսների մոբիլիզացիայի, թե նաեւ հանրային տրամադրվածության մասով՝ որպես ոչ պակաս կարեւոր ռեսուրս:

Տվյալ դեպքում սակայն խնդիրը ոչ միայն ռեսուրսների ծավալային մասն է, այլ դրանց օգտագործման էֆեկտիվությունը ռիսկերի եւ մարտահրավերների համարժեք ու ամբողջական գնահատման, այսինքն Ադրբեջանի քայլերը գնահատելու եւ առաջադրվող ու առաջադրվելիք խնդիրներին արձագանքելու առումով, որպեսզի ռեսուրսները ծախսվեն առավելագույն էֆեկտիվությամբ: Այլապես չգողանալը, գողության ճանապարհը փակելը դեռ ամբողջական հարցի լուծում չէ: Կարեւորագույն խնդիր է, որին սակայն պետք է հաջորդի այն, թե որքանով է ճիշտ գնահատվել վտանգն ու ըստ այդմ որքանով է ճիշտ «տեղաբաշվել» դրան դիմակայող ռեսուրսը:

Be the first to comment on "ԱԽ նիստ Հայաստանում. ինչ է պատրաստում Ադրբեջանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ