«Այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու». Լալա Մնացականյան

 

«Փաստ»–ը շարունակում է մշակույթի և արվեստի գործիչների հետ զրույցների շարքը: Մեր հյուրն այս անգամ դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն է:

Անարդարության կծիկը բացվում:

Մարդը սթափվում է այն ժամանակ, երբ համբերության բաժակը լցվում է: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, և  նա սթափվեց: 20 տարուց ավելի տիրող անարդարության կծիկը բացվում է: Մենք գիտեինք, որ ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջան, բայց որ կեղծիքը, խաբեությունն ու ստորաքարշությունն այս աստիճանի է եղել…

Ամեն օր ավելի է բացվում այդ կծիկը, ու դու հասկանում ես, որ ապրել ես ոչ թե ճորտատիրական, այլ ստրկատիրական հասարակարգում: Դրա համար ժողովուրդը չէր կարող ոտքի չկանգնել: Շատ եմ ասել՝ մի փոքր կաթիլ է պետք, և ժողովուրդը կպայթի: Այդ մի փոքր կաթիլը եղավ: Երբ մարդը հասկանում է, որ պետք է արժանապատիվ կյանքով ապրի, դա արդեն գիտակցում է և ոչ թե տրամադրություն, որը կարող է փոխվել: Այդ գիտակցությունն այլևս չի կարող փոխվել:

 

Արգելել էին սիրել մեր երկիրը

Նախորդ իշխանությունները 30 տարում ոչինչ չարեցին, մենք ուզում ենք 30 օրվա մեջ ինչ–որ բան արվի: Բայց ես հիմա տեսնում եմ ծառայողի, ինչը չէի տեսնում նախորդների դեպքում: Ոստիկանը չի հարձակվում քեզ վրա ու վիրավորում: Ամեն դեպքում, հասկանում ես, որ դու կկարողանաս քո իրավունքներին տեր կանգնել: Մենք սկսե­ ցինք սիրել մեր երկիրը: Մեզ արգելել էին սիրել մեր երկիրը:

Չգիտեմ՝ այս աստիճան վատ մարդիկ ո՞նց հավաքվեցին իրար գլխի ու քսան տարուց ավելի մեզ «կերան»: Ես միշտ եմ խոսել, բողոքել, բայց հիմա ինքս ինձ հարցնում եմ՝ ինչքա՞ն բան չեմ իմացել: Որ այդքան բան իմանայի, գուցե խելագարվեի: Պարզվում է՝ եթե հարկ չեն վճարել, մեզ լավություն են արել, որովհետև հարկ չվճարելու պարագայում աշխատատեղեր են բացվել: Է, վճարի՛ր իմ հարկերը, թող ես բարձր աշխատավարձ ստանամ, ես էլ ուրիշներին օգնեմ:

 

Մշակույթը դեռ երկար կվերականգնվի. շատ աղբ է մտել մեր իրականություն

Այսպիսի պայմաններում ամենաշատը կոտրվում, մասնատվում ու դեմքն ամենաշուտը կորցնում է մշակույթը: Մշակույթի «հերն անիծել» են: Մշակույթը պահել են արվեստին անվերապահ սիրահարված անհատներ: Կառչած են պահել: Բայց ես տեսել եմ մշակութային գործիչների լռություններ, տարօրինակ պահվածք… Եթե ուզում ես բարձրացնել ժողովրդին, սկսիր մշակույթից:

Բայց չգիտեմ, թե մեր մշակույթը որքան երկար կվերականգնվի: Կարծում եմ՝ շատ երկար, որովհետև այն ամենախոցելի օղակն է: Ի՞նչ կատարվեց մեր երգարվեստում, այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու: Չգիտեմ՝ ո՞նց ենք փրկվելու ցածրորակ սերիալներից ու հաղորդումներից: Շատ աղբ է մտել մշակույթ։

Կոտրում էին հերոս ունենալու գաղափարը. սերիալներում «հերոսը» տականքը դարձավ

Ցածրորակը բարձրանում է ասպարեզ, որովհետև ունի հովանավորչություն, չունենա՝ դուրս չի գա: Ի վերջո, մեզ պարտադրեցին այդ երգերն ու ասացին, թե ժողովուրդն է ուզում: Բայց ժողովուրդը չի ուզում, ինչ կմատուցես՝ այն էլ կվերցնի: Բայց, գիտե՞ք, սա երկիրը քանդելու ծրագիր է: Սկսում են մշակույթից, սկսում են սերնդի մեջ վերացնել հերոսի գաղափարը: Դու չես ունենում հերոս: Սերիալներում մեր «հերոսը» դարձավ տականքը:

Մի ամբողջ սերունդ դաստիարակվեց այն գաղափարով, որ եթե մարդ ես սպանում, ուրեմն՝ հերոս ես: Որպեսզի կարողանաս ժողովրդի մեջ ստրկամտությունը խորացնել, նրա մեջ սկսում ես կոտրել հերոս ունենալու գաղափարը: Եթե ժողովրդի հերոսը Սասունցի Դավիթը չէ, այլ «Գվիդոնը»՝ ինչ–որ թալանչի, այդ ժողովրդին հեշտ ես կառավարում: Սա ծրագիր է, որի վրա աշխարհում ինստիտուտներ են աշխատում: Եվ դու աշխարհին սկսում էիր ներկայանալ թուրքամետ երգերով, որոնք երգեցին գրեթե բոլոր երգիչները:

Փրկվում էր անհատ ստեղծագործողը, նկարիչը, կարող էր փրկվել նաև պոետը, բայց նրանք արդեն չէին կարող եղանակ փոխել կոլեկտիվ արվեստի մեջ: Մեր բոլոր բնագավառներն ախտահարված են: 25 տարվա մեջ ինչպե՞ս հասցրեցին: Ինչպե՞ս հաջողացրին աղքատ պահել երկուսուկես միլիոն ժողովրդի, երբ նա տոննաներով ոսկի ու պղինձ ուներ:

 

Պատիժը մեխանիկորեն է գալու, այդ մեխանիզմը միացել է

Մենք ոչ միայն մատերիա ենք, այլև հոգևոր էություն: Պատիժը մեխանիկորեն է գալու, այդ մեխանիզմը միացել է: Մարդու աստվածայինն, ինչ ուզում ես՝ արա, չի վերանում, գլուխ է բարձրացնում: Հոգուդ խորքում նստած տիեզերքը գլուխ է բարձրացնում: Մենք իսկապես անկանխատեսելի ու յուրահատուկ ժողովուրդ ենք: Հաշվարկներ անելը դժվար է: Կարող է հաշվարկներ անես, էլի անես, ժողովուրդը ենթարկվի, ու հանկարծ մի անսպասելի տեղից այնպիսի բան անի, որ քո հաշվարկները ջնջի ու դեն գցի:

Կարծես կոդ է դրված՝ հասնում է ինչ–որ մի վայրկյան, գնդակը գալիս է գլխիդ, բայց դու թեքում ես գլուխդ: Դրա համար դուրս ընկանք իրենց հաշվարկներից: Օր չկա, որ ոչ միայն ես, այլև ընդհանրապես մեր միլիոնավոր ժողովուրդը չաղոթի, որ թավշյա հեղափոխությունն ունենա ադամանդե ծաղկում: Մենք արժանի ենք, որ Աստծո օրհնությունը լինի հայ ժողովրդի գլխին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Be the first to comment on "«Այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու». Լալա Մնացականյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ