Արամ Սիմոնյանի և նրա ուսանողների մակարդակը. ինչպե՞ս պահանջել հրաժարական

 

Երևանի պետական համալսարանի ուսանողների` ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ խնդիրը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետհեղափոխական ցնցում է որակել: Նախարարը խնդրին անդրադարձել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում և նշել, որ իր համար անընդունելի է բուհի ղեկավարության կամ կրթության և գիտության նախարարության կողմից որևէ միջնորդություն ուսանողական շարժմանը կամ ուսանողական կառույցի գործունեությանը: «Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ` խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ ԲՈւՀ-երի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշել է նախարարը:

 

Նրա խոսքով` նախարարությունը որևէ ռեկտորի ազատելու կամ նշանակելու լիազորություն չունի, դա բուհի կառավարման խորհրդի գործառույթն է: Կրթության և գիտության նախարարությունը առաջիկայում անդրադառնալու է բուհերի կառավարման  խորհուրդների ապաքաղաքականացմանը: ԵՊՀ ռեկտորին պաշտոնանակ անելու մի քանի իրավական ճանապարհ կա՝ առաջնայինը բուհի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելն է: Խորհուրդը իրավասու է ռեկտորից պահանջել կատարված աշխատանքների հաշվետվություն, ինչպես նաև գնահատական տալ ԵՊՀ զարգացման ծրագրի կատարողականին: Եթե հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին դեռ ղեկավարում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվի, և դրանից հետո ռեկտորի գործունեությանը անվստահություն հայտնի, ապա Արամ Սիմոնյանը կազատվի: Երկրորդ տարբերակը բուհում աուդիտորական ուսումնասիրության անցկացումն է. եթե կլինեն չարաշահումների մասին բացահայտումներ, ապա բուհի ղեկավարը պարտավոր է ոչ միայն ազատել զբաղեցրած պաշտոնը, այլ նաև պատասխան տալ օրենքի առաջ:

 

ԵՊՀ ռեստարտ ուսանողական շարժման պահանջը, սակայն, անհապաղ հրաժարականն է՝ նրանք կարծես թե համբերություն չունեն սպասելու, մինչև որ նախարարությունն ու կառավարությունը համապատասխան քայլեր կկատարեն՝ փոխելու խորհրդի կազմը և կատարելու հաջորդական քայլեր: Որպես իրենց պահանջի գլխավոր հիմնավորում՝ նրանք նշում են, որ ԵՊՀ ղեկավարությունը այս տարիներին բուհը գերքաղաքականացրել է, չի ապահովել ազատ մտածողության և որակյալ կրթության անհրաժեշտ միջավայր, որից տուժել է ԵՊՀ կրթության որակը: Անհամբերությունը, անշուշտ, բնորոշ է երիտասարդներին, բայց նրանք պետք է հասկանան, որ դրական կամ բացասական միջավայրի գնահատելու հստակ չափանիշներ չկան, և իրենց շարժմանը միացած 100 կամ 1000 ուսանողի անգամ արդարացի կարծիքը դեռևս օրենք չէ:

Արամ Սիմոնյանը, վստահաբար, ԵՊՀ լավագույն ռեկտորը չէ, բայց ամեն դեպքում նա մտավորական է, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ի վերջո մարդ, ով արդեն 12 տարի մայր բուհի ռեկտորն է: Ուզենք, թե չուզենք՝ Արամ Սիմոնյանի գործունեությունը կապված է ԵՊՀ կենսագրության հետ: Իսկ մայր բուհը սովորական սուպերմարկետ չէ, և նրա դեմ պայքարել նույն մեթոդներով ու հռետորաբանությամբ, ինչ-որ մարդկանց հարստահարմամբ զբաղված օլիգարխի դեմ, իսկապես անընդունելի է: Երևանի պետական համալսարանը Հայաստանի բարձրագույն կրթության էտալոնն է, այդ պատճառով էլ կոչվում է մայր բուհ: Մայր բուհի ռեկտոր լինելը պատվաբեր է, պարտավորացնող, և այս պաշտոնը զբաղեցնող անձը անշուշտ գիտական, բարոյական և կազմակերպչական ամենաբարձր չափանիշներին պետք է համապատասխանի: Բայց մայր բուհի ուսանողի համար ևս կան որոշակի չափանիշներ. համալսարանական կրթությունը գիտելիքի, քաղաքացիական և իրավական արժեհամակարգի բարձր նշաձող է ենթադրում: Երբ ԵՊՀ ուսանողը պայքարում է ազատ և իրավական երկրում ապրելու և որակյալ կրթության իրավունքի համար, անշուշտ այդ նշաձողը բարձր է: Բայց երբ այդ նույն ուսանողը փակում է ռեկտորի աշխատասենյակի դուռը, կախվում նրա տաբատից, որպեսզի թույլ չտա նրան դուրս գալ սենյակից՝ անգամ հաշվի չառնելով, որ մարդը վատառողջ է, ուսանողի նշաձողի ընկնում է՝ հատակից էլ ցածր մակարդակի:

 

Հայկ Դավթյան

Be the first to comment on "Արամ Սիմոնյանի և նրա ուսանողների մակարդակը. ինչպե՞ս պահանջել հրաժարական"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ