Ամեն ինչ նորմալ է, ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց. Փաշինյանը շրջայց է կատարել խանութներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թանկացումների թեմայով նոր գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,-գրել է նա:

Այսօր՝ ավելի վաղ Փաշինյանը facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնից ու գրել. «Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»:

Ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Ըստ ԱԱԾ-ի, «Ալեքս Հոլդինգը» իր աշխատակիցների, նրանց ծանոթների անվամբ գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ:

Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ:

Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

Նշենք, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում մսամթերքի գինն աճել է 18-20 տոկոսով:

Be the first to comment on "Ամեն ինչ նորմալ է, ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց. Փաշինյանը շրջայց է կատարել խանութներում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ