«Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է»

 

Նյու Յորքում բնակվող հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը հերթական ներդրումն է անում Գյումրիում․ նա պատրաստվում է գալ Գյումրի՝ այստեղ ֆիլհարմոնիա կառուցելու նպատակով։ Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Իրենք մեր ժողգործիքների անսամբլին արդեն իսկ շենք ենք գնել, այս երկու օրը փաստաթղթերը վերջնականապես կձևակերպվեն: Նրանք այնտեղից դուրս կգան, պայմանավորվածություն կա և Մուրադ Մալխասյանի (վերջինս Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենն է, Ա․Ն․), և Հովհաննես Օյունջյանի ներկայացուցչի հետ, որ այդ տարածքը տանք, և իրենք ֆիլհարմոնիա սարքեն մեր քաղաքի համար։ Հրաշք մարդ է բժիշկը. նա անդադար ծրագրեր է իրականացնում մեր քաղաքում, այդքան շենքեր սարքեց, հիմա նորից ուզում է սարքել, 97 տարեկան մարդ է, այսպիսի հայասեր, այսպես սիրել Գյումրին․․․», ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը 20 տարիների ընթացքում շուրջ 7 միլիոնի ներդրում է ունեցել Գյումրիում։ Բժիշկը իր գործունեության ընթացքում կուտակածը ներդրել է հայրենիքի զարգացման համար։ Երկրաշարժից հետո մեծ բարերարը վերակառուցեց փլատակների վերածած թիվ 21 միջնակարգ դպրոցը, այնուհետ կառուցեց «Վարդուհի» արվեստի դպրոցը։

Դպրոց-վարժարանը կրում է ծնողների՝ Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը, իսկ արվեստի դպրոցն ու արհեստի կենտրոնը՝ քույրերի՝ «Վարդուհի» արվեստի դպրոց և «Աղավնի» արհեստի կենտրոն։ Թուրքիայում ծնված ու ԱՄՆ-ում ապրած բարերարը բազմիցս հայտարարել է, որ ամեն ինչ անում է իր հայրենիքի ու ժողովրդի համար, որպեսզի հայ երեխաները չլքեն երկիրը, չգնան օտար ափեր, ծաղկեցնեն հայրենիքը։ «Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է», – 2017թ․-ի սեպտեմբերին Գյումրի կատարած այցի ժամանակ ասել էր բարերարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/06/01/961343/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ