Եթե Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա. «անծուխ» ակցիա ՝ Երևանում (ֆոտո)

 

Եթե Նիկոլ Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա: Այս մասին առանց Ծխախոտի օրվան (մայիսի 31) եւ Երեխաների պաշտպանության օրվան (հունիսի 1) նվիրված միջոցառմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ այս արտահայտությունն այսօր հաղորդումներից մեկի ժամանակ արեց դերասան Սերգեյ Դանիելյանը եւ նա այժմ ուղղակի մեջբերում է այն:

Նախարարը նշեց, որ այսօրվա օրը շատ կարեւոր է այն համատեքստում, որ մենք ուզում ենք առողջ հասարակություն, առողջ երեխաներ, առանց ծխի օդ ունենանք: «Մեր կողմից մենք ամեն ինչ կանենք դրա համար. եւ օրենսդրական եւ կրթական եւ մշակութային մակարդակներում, ինչպես նաեւ սեփական օրինակով», — ասաց նա:

 

«Եղիր տեղեկացված» ՀԿ ղեկավար Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցիան), նշեց, որ այս տարի նրանք որոշել են հասարակությանը տեղեկացնել  երկրորդային ծխի վնասի մասին, այն մասին, թե ինչպես է այն վնասում երեխաներին:

«Ծխի 80 տոկոսը անտեսանելի է եւ մենք չենք մտածում այն մասին, թե ինչ վնաս է ծուխը հասցնում երեխաներին: Նրանց մոտ կարող  են շնչառական համակարգի հետ կապված տարբեր խնդիրներ առաջանալ, իսկ նորածինների մոտ անգամ հանկարծակի մահ», — ասաց նա: Հետեւաբար, նրա խոսքով, այս տարի որոշում է ընդունվել  երեխաների պաշտպանության վրա կենտրոնանալ եւ միասին նշել այս երկու օրերը:

Շարլ Ազնավուրի հրապարակում միջոցառման կազմակերպիչները Երեւանի հայտնի վայրերի պատկերներով պաննո էին դրել եւ երեխաները ներկեցին այն: Գաղափարը երեւանցիների սիրելի վայրերն առանց ծխի ներկայացնելն էր: Այս նկարն այնուհետ կտեղափոխվի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ:

Ակցիայի մասնակիցներին տարբեր գրություններով շապիկներ էին բաժանել, դրանցից մեկը նախազգուշացնում էր, որ ծխախոտը վնասում է սիրտը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շապիկները վախեցնում են, Արուսիկ Մկրտչյանն ասաց, որ դրանք չեն վախեցնում, այլ ճշմարտությունն են ասում: Ծխախոտն իրականում առաջին հերթին վնասում է սրտանոթային համակարգին:

Չնայած նրան, որ շապիկները փոքր չափերի էին (դրանք նախատեսված էին երեխաների համար), նախարար Արսեն Թորոսյանը թեեւ դժվարությամբ, բայց հագավ դրանցից մեկը, որպեսզի լուսանկարվի ակցիայի մասնակիցների հետ:

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Եգոր Զայցեւը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՆ-ի գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը եւ ուրիշներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Be the first to comment on "Եթե Փաշինյանը ծխեր, այդքան չէր կարողանա քայլել եւ նոր Հայաստան չէինք ունենա. «անծուխ» ակցիա ՝ Երևանում (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ