Մեկ հնարավորություն Բակո Սահակյանին, քանի դեռ հեղափոխության ալիքը չի հասել Արցախ

 

Օրերս «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամները՝ Վահան Բադասյան, Գրիշա Հայրապետյան, Արթուր Խաչատրյան, Ներսես Օհանջանյան, Վաչիկ Զաքարյան, Աշոտ Բեկլարյան, Գնել Համբարձումյան, Ալբերտ Համբարձումյան, Մխիթար Ասրիբաբայան, Առնոլդիկ Սարգսյան, Տիգրան Գալֆայան, Վաչիկ Բալասանյան, Սուրեն Սարգսյան, Գոռ Հայրիյան, Սերգեյ Ամիրյան, Մհեր Պետրոսյան, հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջապես երեք տասնամյակ պայքարելուց հետո նվաճեցին ազատ ապրելու իրավունքը։

«Արցախում միշտ էլ, սկսած 1993թ.-ից, իշխել է Հայաստանի դինաստիոն ռեժիմի կամակատար շարունակությունը։ Մայր Հայաստանի քաղաքացիներն այլևս ազատված են ռեժիմի հետապնդումներից ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունքում։ Իսկ Արցախում դեռ շարունակվում է նույն ռեժիմը։ Երբեք Հայաստանի և Արցախի միջև այսքան տարանջատում և անջրպետ չի եղել։ Բայց մենք մի ազգ ենք, մի երկիր փաստացի, և Արցախը միշտ էլ Հայաստան է։ Սիրելի ժողովուրդ համայն Արցախի և աշխարհի, կոչ ենք անում համախմբվել, ոտքի ելնել և մեր առաջարկած օրակարգով վերականգնել ժողովրդի իշխանությունը՝ մերժելով ընտրակեղծումներով ստեղծված ռեժիմը»։

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց նախաձեռնության նպատակները։ Նա նշեց, որ այս խումբը ստեղծվել է օրվա պահանջներին համահունչ, այն է՝ տեղի է ունեցել թավշա հեղափոխություն, և այս դեպքում անբացատրելի է, որ դա տեղի չունեցավ Արցախում։ Արցախում, նրա խոսքով, մարդու իրավունքների, ազատ արտահայտման տեսանկյունից Հայաստանից մի քանի անգամ վատ վիճակ է, ոչ բոլորն են Արցախում կարողանում ազատ խոսել և արտահայտվել:

 

«Մարդիկ տեսնում են Հայաստանում ամենուրեք փոխված վերաբերմունք՝ սկսած ճանապարհային ոստիկանների աշխատանքից, վերջացրած նրանով, որ խանութներում էլ մարդիկ արդեն ՀԴՄ են պահանջում, այսինքն՝ մարդն ուզում է իր երկրին տեր կանգնել, և Հայաստանի կառավարության կողմից արդարության սկզբունքներ են ազդարարվում։ Սակայն Արցախում դա տեղի չի ունենում։ Եվ կարևոր է, որ պարզաբանենք՝ մենք ոչ թե այստեղ իշխանափոխություն ենք ուզում, այլ մենք ուզում ենք Բակո Սահակյանին առաջարկել, որ ինքը հայտարարի այդ մասին և կոնկրետ քայլեր անի, որ այս անցումային փուլը անցնցում լինի, և ողջունի հայ ժողովրդի հաղթանակը և կոնկրետ կադրային հարցերում, արդարության հարցերում քայլեր անի, որպեսզի մենք տեսնենք, որ այդ հույսը կա նաև Արցախում»,- ասաց Մարտական խաչի ասպետը։ Նա նաև նշեց, որ ուզում են հնարավորություն տալ Բակո Սահակյանին, քանի դեռ այդ ալիքը չի հասել Արցախ:

«Մենք այստեղ ուզում ենք ազատ ապրել, մեր իրավունքները հարգվեն, ուզում ենք հասնել նրան, որ մարդը ազատ իր կամքը արտահայտի, և նրան չահաբեկեն։ Ինձ հիմա հետևում են ոստիկանները, հեռախոսս գաղտնալսում են. սա օրենքի կոպիտ խախտում է, և կուզեմ մեր անվտանգության մարմինները օրենքով սահմանված իրենց գործառույթները կատարեն, մենք դրա համար ենք գումար տալիս նրանց, մենք իրավունք չունենք որևէ մեկի իշխանությունն ամրապնդելու համար գումար տալ: Իրենք օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթները պետք է կատարեն, այլապես եթե այս ամենը չլինի, պայքարելու ենք իշխանափոխության համար։ Մեր նպատակը իմ ասած արժեքների՝ երկրի զարգացման, սոցիալական արդարության, մարդու իրավունքների վերականգնումն է։ Մեր պայքարը պետականամետ է, հանուն Հայաստանի և Արցախի, և մենք նպատակ ունենք վերջին հաշվով Արցախ-Հայաստան միացում լինի, որ մի մարզում ուրիշ կարգեր չլինեն, իսկ մյուս մարզում՝ ուրիշ բարքեր»,- ասաց Վահան Բադասյանը։

Be the first to comment on "Մեկ հնարավորություն Բակո Սահակյանին, քանի դեռ հեղափոխության ալիքը չի հասել Արցախ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ