«Եթե այս մակարդակով շարունակվի, ես կատեգորիկ կհրաժարվեմ երգել Հայաստանում որևէ համերգի»․ Գաբի Գալոյանը՝ երեկվա աղմկահարույց դեպքի մասին

 

Tert.am Lifeը գրում է․ Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին առթիվ Հանրապետության հրապարակում երեկ կայացած համերգի հետնաբեմում եղել են իրադարձություններ, որոնց պատճառով որոշ հայտնիներ ելույթ չեն ունեցել։ Երգչուհիներ Սոնա Շահգելդյանն ու Գաբի Գալոյանը տեղում են հրաժարվել ելույթ ունենալ, «Նեմրա» խումբը` ավելի վաղ։

Արտիստները պարզաբանել են իրավիճակը։

«Իմ ելույթը պետք է լիներ 22։30–ին, Սոնա Շահգելդյանինը` 22։50–ին։ Իմ ելույթը ձգվեց մինչև 23–ը։ Երբ արդեն պետք է բեմ բարձրանայի, ինձ ասացին, որ հաղորդավար այլևս չկա, ինքդ քեզ պետք է հայտարարես, բեմ բարձրանաս։ Հրաժարվեցի, ասացի, որ դա  անարգանք է երգչի հանդեպ ու չերգեցի։ Ստացվում էր, որ մենք ծրագրում չկայինք»,– ասաց Գարբին։

Երգչուհու խոսքով` փորձերի չի մասնակցել, քանի որ համերգից 1 օր առաջ է իմացել, որ երգելու է։ «Ես զանգեցի կազմակերպիչ աղջկան, որն ինձ հրավիրել էր, սակայն հեռախոսին չպատասխանեց, նույնիսկ ներողություն չխնդրեց։ Եթե մարդուն հասցնում են այնտեղ, պետք է պատշաճ ու հարգալից  վերաբերվեն։ Իմ համերգները հիմնականում Հայաստանից դուրս են լինում։

Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում երգել էի միայն Հ.Մ.Ը.Մ. Հանրապետության հրապարակում կազմակերպած համերգին և այս մեկին պետք է երգեի։ Դրսում կազմակերպված  միջոցառումներից հետո տեսնելով Հայաստանում կազմակերպվածները, հասկանում եմ, որ եթե  այս մակարդակով շարունակվի, ես կատեգորիկ կհրաժարվեմ երգել Հայաստանում որևէ համերգի»,– շեշտեց երգչուհին։

 

 

«Նեմրա» խումբը համերգին չներկայանալու մասին հայտարարեց երեկ կեսօրին։ Խմբի մեներգիչը` Վանը, մեզ հետ զրույցում ասաց, որ կենդանի նվագակցությամբ երգելու խնդիր են ունեցել։

 

«Մինուսով նվագելու խնդիր ունեինք։ Երկար մտածում էինք` արժե՞, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ վարչապետն է ցանկություն հայտնել, որ նվագենք, դրա համար չէինք ուզում մերժել մինուսով նվագելը, սակայն հասկացանք, որ ավելի լավ է դեմ չգնանք մեր  սկզբունքին։ Հրավիրված արտիստների հետ նախապես մշակված ծրագիր կար կենդանի նվագակցության համար, իսկ մեզ, փաստորեն, հրավիրել էին որպես հավելյալ խումբ, չկարողացան  ապահովել կենդանի նվագակցությունը։ Մինչև  վերջին օրը մենք հույս ունեինք, որ խնդիրը կլուծվի։ «Որդան կարմիրը»  պետք է նվագեր իր տեխնիկայով, մտածում էինք` խնդրել, իրենց տեխնիկայով նվագել։ Պարզվեց` իրենք էլ չեն նվագելու։ Կոկորդիս հետ կապված առողջական խնդիր էլ ունեի։ Նախկինում նման վիճակում ելույթ ունեցել էի, բայց այս անգամ ամեն ինչ գումարվեց իրար, որոշեցինք  հրաժարվել ելույթից։ Ամեն դեպքում, այն չէ ռոք խմբին առաջարկել մինուսով երգել»,– նկատեց երգիչը։

 

Ամալյա Հովհաննիսյան

Be the first to comment on "«Եթե այս մակարդակով շարունակվի, ես կատեգորիկ կհրաժարվեմ երգել Հայաստանում որևէ համերգի»․ Գաբի Գալոյանը՝ երեկվա աղմկահարույց դեպքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ