Արայիկ Մանուկյան. «Որ ապագայում էլ ասպարեզը չմնա մեյմուններին»

 

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի հանդիպումը մշակույթի գործիչների հետ, որը տարատեսակ խոսակցությունների տեղիք տվեց: Հատկապես համացանցում եղան բազմաթիվ մեկնաբանություններ: Հանդիպմանը մասնակցում էր նաև «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը, որի հետ զրուցեցինք հանդիպման ձևաչափի, իր գնահատականների և տպավորությունների մասին:

– Պարոն Մանուկյան, Դուք ևս մասնակցում էիք մշակույթի գործիչների հետ վարչապետի հանդիպմանը: Ինչպե՞ս այն կգնահատեք:

– Գիտեք, գնահատելու համար երևույթը նախ պետք է գնահատենք, ընկալենք իր ողջ խորությամբ, արմատներով: Համացանցային մեկնաբանությունները, գնահատականները լավ են, երբեմն՝ հետաքրքիր, բայց հիմնականում մնում են համացանցային տրամաբանության մեջ՝ մի քիչ մակերեսայնություն, մի քիչ հումոր, սարկազմ, առաջին տպավորության արձագանք, թյուրընկալման ազդեցություն և այլն և՝ շատ հաճախ սեփական արժեքային համակարգի, կրթվածության, մշակութային ընկալման չափաբաժնով: Ավելի կարևոր է, այսպես ասած ակադեմիական գնահատականը, բայց մենք ավանդույթ չունենք որևէ երևույթի մասին խոսել՝ հիմնվելով վերլուծությունների, հետազոտությունների, ուսումնասիրությունների վրա: Գուցե նաև այն պատճառով, որ շատ հաճախ այդպիսիք ուղղակի չկան, թեև կա արվեստի ակադեմիական ինստիտուտ, կա գրականության ինստիտուտ, կան այլ ինստիտուտներ, համալսարաններ, տասնյակ մշակութային հասարակական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ և այլն:

Ինչ վերաբերվում է ձևաչափին, ես այդպիսի ձևաչափերով բազմաթիվ հանդիպումների եմ ներկա եղել նախորդ 35 տարիների ընթացքում: Այդ հանդիպումները հիմնականում նույն կերպ են անցել և հիմնականում՝ նույն մարդկանցով, նույն միջավայրում, նույն մթնոլորտում: Ուղղակի Կարեն Դեմիրճյանի իշխանության տարիներին դրանք սովետական համակարգի տրամաբանության մեջ էին և սահմաններում, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին տարիներին այդ տրամաբանությունը մի փոքր փոխվեց, բայց հետո շատ արագ վերադարձավ ուղեծիր և մինչև Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ավարտը այն մնաց այդ ուղեծրում՝ ձեռք բերելով նոր ժամանակների բոլոր հնարավոր արատները և այլն: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը՝ ժամանակն ու տարածությունը չհաշված, մի քիչ նման էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին տարիների հանդիպումներին. հախուռն էր, ազատ, ազատ կազմակերպված, բաց, բայց չկա վստահություն, որ այն կրկին շատ արագ չի վերադառնա ուղեծիր:

– Ինչո՞ւ: Նիկոլ Փաշինյանը շատ ազատ էր շփման մեջ, անկաշկանդ էր իր տեսակետներն արտահայտելիս, մշակույթի գործիչներն էլ ազատ էին արտահայտվելիս, նախապես գրված հարցեր, պարտադրանքներ չկային:

– Այո, բայց խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ: Սրանք ձևաչափեր են, որոնք հանրային կարծիքի վրա ազդեցություն թողնելու սովետական պատկերացման ու մոդելի տրամաբանությամբ են, և ավելի շատ պլյուս դնելու, քան իրականում խնդիրներ քննարկելու և հատկապես՝ լուծելու համար են: Ժամանակակից աշխարհին, ընդհանուր առմամբ, հայտնի չէ, թե ո՞վ է մշակութային գործիչը: Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է հնարավոր դերասանների մասնակցությամբ քննարկել գրողների խնդիրները, ռեժիսորների մասնակցությամբ՝ հրատարակիչներինը, երգիչների մասնակցությամբ՝ նկարիչներինը և այլն: Ակնհայտ է, որ կա սիրաշահելու և սիրաշահվելու ակնկալիք: Գոնե՝ տրամաբանության ու մոդելի մեջ: Մշակութային համքարություններն ինքնին առանձին-առանձին յուրահատուկ համքարություններ են, բացառիկ կաստաներ, որոնք իրենց հերթին ներսում ունեն բազում ճյուղավորումներ՝ իրենց մասնագիտական առանձնահատկություններով, և այդ ճյուղավորումների խնդիրներն անգամ միմյանցից շատ հաճախ տրամագծորեն տարբեր են:

Կինոռեժիսորների և թատրոնի ռեժիսորների խնդիրները միմյանցից տարբեր են, թեպետ երկուսն էլ ռեժիսորների ընդհանրական համքարությունում են: Եվ ընդհանրապես, հասկանալի չէ, թե ինչո՞ւ են պաշտոնյաները՝ վարչապետները, նախարարները և այլն, համքարությունների հետ քննարկում նրանց խնդիրները: Նրանք, եթե կուզեք, պետք է քննարկեն այդ խնդիրների լուծումները, նախևառաջ լուծումները, իսկ լուծումներն իրենք պետք է առաջարկեն, առաջադրեն՝ որպես քաղաքականությունների, ռազմավարությունների մշակողներ:

Հիշում ե՞ք «Մենք ենք, մեր սարերը». «…կարծում եք, իբր էս ճիշտ է՞, ոչխարն էսպես քաղաք քշելը: Նախ մենք ոչխար ծախող չենք, պետությունն է ոչխար առնող, մենք ոչխար պահող ենք, մենք չպիտի գնանք իր դուռը, թե՝ ոչխար չես առնի՞, ինքը պիտի գա մեր դուռը, թե՝ ոչխար չունե՞ս մեզ տալու…»: Պետությունն ինքը պետք է ունենա իր մշակութային հայեցակարգը, քաղաքականությունը, ռազմավարությունը, դրանք իրագործելու քաղաքական կամքը, և դրանցից բխող լուծումները՝ հիմնականում համակարգային, օրենսդրական և հենց այդ լուծումները պետք է ներկայացնի համքարություններին: Այո, նաև նրանցից լսելու համար առաջարկություններ, մոտեցումներ, բայց իրենը ներկայացնելուց հետո: Եվ սա, ընդհանուր առմամբ, բոլոր ուղղություններով: Այլապես տարիներ շարունակ մեր նախագահները, վարչապետները, նախարարները հանդիպում են գյուղացիների, դերասանների, գրողների, նկարիչների, ինժեներների և այլնի հետ, որպեսզի տեղեկանան, ծանոթանան նրանց խնդիրներին, այն դեպքում, երբ պետք է բերեն նրանց խնդիրներին փորձագիտական, հետազոտական, գիտական, կառավարչական հմտությունների մակարդակով տրված լուծումներ և քննարկեն այդ լուծումները՝ շտկելու, բարելավելու, բարեփոխելու տրամադրվածությամբ:

Այս պատճառով է, որ միշտ ունենում ենք իրավիճակային լուծումներ, փող ենք բաժանում, թատրոնի տոմս ենք գնում, կինոյի գումար ենք տալիս, համերգ ենք անում, բանաստեղծություն ենք պատվիրում (ավելի ճիշտ՝ հանգավորված տողեր), երգ ենք առնում, բայց խնդիրները մնում են, ու յուրաքանչյուր իշխանական բուրգի փլուզումից հետո փլուզվում են նաև մշակութային կամ այլ ոլորտային բուրգերը: Սովետական համակարգում ոչ խնդիրների քննարկումն էր անկեղծ ու հնարավոր, ոչ՝ լուծումների առաջադրումը, քանի որ համակարգն ուներ իր լուծումները և դրանք անբեկանելի էին: Դրա հետևանքով մնում էր շոուն՝ այսօրվա բառապաշարով, այն ժամանակվա բառապաշարով՝ հանդիպումները ստեղծագործական մտավորականության, աշխատավորության կամ ինչ-որ խմբերի, կոլեկտիվների հետ՝ հանքագործներ, այգեգործներ և այլն: Մենք խորքի մեջ անցում չենք կատարել այդ համակարգից դեպի ժամանակակից աշխարհ, ինստիտուցիոնալ որևէ խնդիր չենք լուծել, միայն ձևական, ատրիբուտիկ կողմն ենք փոխել և բառապաշարը՝ մասամբ: Ի՞նչ են ուզում մեր պաշտոնյաները կինոռեժիսորներից, դերասաններից, նկարիչներից, գրողներից և այլն: Ո՞վ ասաց, որ լավ կինոռեժիսորը անպայման պետք է կինոյի կառավարման լավ մասնագետ լինի՝ ժամանակակից աշխարհի գիտելիքներով, կամ լավ դերասանը՝ թատրոնի, կամ լավ գրողը՝ գրականության և այլն:

Ո՞վ ասաց, որ 94-ամյա երգահան Վլադիլեն Բալյանը՝ հարգարժան և վաստակաշատ անձնավորություն, պետք է վարչապետի կամ նախարարի հետ քննարկի մշակութային քաղաքականության ռազմավարական խնդիրներ: Նա երգեր է գրում և՝ հրաշալի երգեր: Ու վերջ: Եվ ո՞վ է ասել, ընդհանրապես, որ այդ ոլորտները պետք է կառավարվեն: Այդ և արվեստի, մշակույթի մյուս ոլորտները պետք է ունենան քաղաքականություններ, ռազմավարություններ, օրենսդրական կարգավորումներ և պետք է ազատականացվեն: – Դա շատ ցավոտ չի՞ լինի մեր մտավորականության համար: – Շատ ցավոտ կլինի, բայց իրավիճակը պետք է ազնվորեն գնահատենք, այլապես բուժում չի լինի, հիվանդությունը կխորանա և հիվանդը կմահանա: Սովետական համակարգը գաղափարախոսական նկատառումներով խրախուսել է մարդկանց զբաղվածությունը արվեստում, մշակույթում և արդյունքում ունեցել ենք գրողների, նկարիչների, դերասանների, երգիչների և այլն, սերունդներ, որոնք էլ իրենց սերունդներով ընդգրկված են եղել այդ մշակույթի ամենատարբեր ոլորտներում, ոլորտների արտադրական գործընթացներում, երկրորդական, երրորդական սպասարկող ծառայություններում՝ դրա բոլոր հետևանքներով: Նրանցից բոլորն իրենց համարում են մշակույթի գործիչներ: Իրավամբ, թե ոչ՝ այլ խոսակցություն է: Բայց փաստ է, որ փոքրիկ Հայաստանում ունեցել ենք և ունենք մի քանի հարյուր գրող, ռեժիսոր, դերասան, նկարիչ և այլն:

Նրանցից շատ-շատերը, մեծամասնությունը արժեք չի ստեղծել, գոնե՝ մշակութային արժեք, նույնիսկ՝ սովետական չափորոշիչներով արժեք, իսկ միջազգայինի, համաշխարհայինի մասին ընդհանրապես խոսելու նյութ չկա: Նրանք, ովքեր ստեղծել են, այս կամ այն կերպ նվաճել են իրենց տեղը: Այո, դաժանորեն պայքարելով, հաղթելով, պարտվելով, ընկնելով, ելնելով, բայց՝ նվաճել են: Մյուսներն իրենց համար տեղ են փնտրել: Տեղ՝ արևի տակ, և այդ տեղը եղել է հաճախ ստեղծագործական միություններում, առաջին քարտուղարի գրպանում, կուսակցական կազմակերպություններում, անստորագիր նամակ գրողների շարքերում, նախագահների, վարչապետների, նրանց տիկինների կողքին, նախարարների առանձնասենյակներում: Բայց սա պարտադրել է համակարգը, համահարթեցնող համակարգը, միջակություններին գնահատող, արժևորող համակարգը, տաղանդներ սպանող համակարգը, և մենք այդ համակարգը չենք փոխել, չենք ուզում փոխել: Չենք ուզում ազատվել այդ համակարգից: Փոխելն այո, ցավոտ է լինելու, բայց, ինչպես ասացի, եթե բուժում չլինի, հիվանդությունը կխորանա և հիվանդը կմահանա: – Հնարավոր համարում ե՞ք, որ նոր իշխանությունը գնա այդ բուժմանը: – Հնարավոր համարում եմ: Հակառակը հնարավոր չեմ համարում, բայց, անկեղծ ասած, դեռ այդ ազդակները չեն հնչում: Ես խորապես հասկանում եմ, որ սովետական համակարգը, որից մենք չենք հրաժարվել անկախության 27 տարիներին, նաև մշակույթի ոլորտում լուծել է սոցիալական խնդիր ու լուծում է: Խնդիր չի եղել դրված նկարահանելու հանճարեղ ֆիլմ, ստեղծելու հանճարեղ գրականություն, հանճարեղ ներկայացում, կտավ և այլն: Իհարկե, տաղանդները, հանճարները ժայթքել են, ընդերքում մնալ չէին կարող: Իհարկե, դրա համար պատժվել են, բայց ընդհանուր քաղաքականությունը դրան միտված չի եղել, խնդիրը չի եղել նրանց հայտնաբերելը, նրանց համար ճանապարհ բացելը, մթնոլորտ ապահովելը, պայման ապահովելը: Ընդհանուր քաղաքականությունը եղել է, որ որևէ մեկը սոված չմնա, ինչ-որ չափի մեջ կարողանա սնվել, գրել, նկարել, երգել, զբաղվել և հավատարիմ լինել: Այսօր էլ մշակույթին հատկացվող պետական բյուջեի մեծ մասը սոցիալական խնդիր է լուծում՝ աշխատավարձ դերասանների, որոնք տարիներով բեմ դուրս չեն գալիս, ռեժիսորների, որոնք տարիներով ֆիլմ չեն նկարահանում, գրողների, որոնք տարիներով չեն գրում կամ, նույնիսկ, եթե գրում են, նկարահանում են, կամ խաղում են՝ ոչ մեկի համար մեծ հաշվով:

Մենք միմիայն կարող ենք խնդիրը լուծել համակարգային փոփոխություններով: Բազմիցս այս մասին թե գրել եմ, թե խոսել եմ: Մենք պետք է հասկանանք, որ չենք կարող միայն սոցիալական խնդիր լուծելով առաջ գնալ: Եւ հետո, գիտեք, համակարգային փոփոխությունը կարող է առավել լուրջ սոցիալական խնդիրներ լուծել: Ոչ ստանդարտ, ոչ այսօրվա մոդելով, բայց լուրջ խնդիրներ: Առաջինը. պետք է փոխենք մշակույթի նախարարության դերն ու նշանակությունը մեզանում: Փուլ առ փուլ, բայց կարճ ժամանակի մեջ այդ կառույցում գիտական, փորձագիտական, հետազոտական, ուսումնասիրական նյութի հիման վրա պետք է ստեղծենք լրջագույն ոլորտային հայեցակարգեր, քաղաքականություններ, ռազմավարություններ՝ հիմնված ժամանակակից աշխարհի մոտեցումների, մոդելների, ապագայի մարտահրավերների վրա: Պետք է ստեղծենք Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսգիրքը՝ դրանում ընդգրկելով կինոյի, թատրոնի, գրահրատարակչության, թանգարանների, գրադարանների, համերգային գործունեության, կատարողական արվեստի, մշակութային ժառանգության, ազատ արվեստագետի, պրոդյուսինգի, գործակալական համակարգի և այլ ոլորտները կարգավորող օրենքներ:

Հայաստանի օրենսդրական դաշտը պետք է համապատասխանեցնենք մշակութային օրենսգրքից բխող փիլիսոփայություններին՝ չխանգարելով մշակույթի, ազատ արվեստագետի զարգացմանը և արդյունքում պետք է ազատականացնենք արվեստի, մշակույթի ոլորտը, ոլորտի վարչարարական, անձնավորված, անհատականացված կառավարումից անցնելով օրենսդրական կարգավորումների կառավարման: Մշակույթի պետական, բյուջետային ֆինանսավորումը պետք է «տեղավորենք» ժամանակակից աշխարհում առկա սխեմաների, մեխանիզմների մեջ՝ զուրկ կոռուպցիոն համակարգերից, ձերբազատված սովետական բյուջետային համակարգի կառուցվածքի գաղափարախոսությունից, ինչն էլ, շատ հաճախ, դրդում է չարաշահումների, խախտումների: Առաջնային պետք է համարենք մշակութային կրթության խնդիրները, մշակութային դիվանագիտության խնդիրները, մշակույթի հանրայնացման խնդիրները և այլն: Պետք է հնարավորություն ընձեռենք, որ ձևավորվեն ազատ արվեստագետի, պրոդյուսինգի, գործակալական ցանցերի, պաշտպանվածության, հանրային կապերի և այլ համակարգեր: Ի վերջո, պետք է հնարավորություն տանք փոխվելու նաև մշակույթի մարդուն: Նրանց մի մասը՝ օգտվելով համակարգի ընձեռած հնարավորություններից, տարիներ շարունակ նույնիսկ նվազագույն ջանք անգամ չի գործադրել անցնելու համակարգի շեմը, մտնելու ժամանակակից աշխարհ, սովորելու ազատ աշխարհի կանոնները, սովորելու աշխարհի հետ հաղորդակցվելու լեզու, գործնական հմտություն, համացանցից օգտվելու հմտություն, նամակ գրելու հմտություն, էլ չեմ ասում՝ բանակցելու, իրավագիտակցության, հարաբերվելու, ինքնակազմակերպվելու, մրցակցային դաշտ մտնելու կարողություններ և այլն:

– Գուցե դա երիտասարդությա՞ն գործն է:

– Գիտեք, երիտասարդության գործը, գործոնը շատ մեծ է:

Անչափ մեծ: Առանց երիտասարդության ուղղակի հնարավոր չէ, անհնար է, բայց երիտասարդներն անպայման պիտի կապի մեջ լինեն իրենց մշակութային ժառանգության հետ, ժառանգականության ինստիտուտը պետք է ճանաչեն, այլապես երիտասարդական անվախությունը կվերածվի ամբարտավանության: Հանդիպմանը նստած էին մարդիկ, ինձ համար շատ հարգարժան մարդիկ, որոնք թատրոնում, կինոյում, երաժշտության ասպարեզում և այլուր ստեղծել են դպրոցներ, ստեղծել են արվեստի գործեր, մշակութային արժեքներ, որոնք պատիվ կբերեին աշխարհի շատ զարգացած մշակույթների, ու ստեղծում են առայսօր, բայց նստած էին լուռ: Երիտասարդները նրանց պետք է ճանաչեն և դա երիտասարդների խնդիրն է: Նրանք մշակույթ ստեղծողներին պետք է ճանաչեն, իսկ մշակույթ ստեղծողներ ունենք, բոլոր ոլորտներում ունենք: Ու նաև մշակույթ ունենք: Նաև՝ այսօրվա ժամանակակից աշխարհում, այսօրվա ժամանակի մեջ ընկալվող մշակույթ՝ կերպարվեստից մինչև գրականություն, երաժշտությունից մինչև կինո և այլն: Այլ բան է, որ մեր անտաղանդ, անշնորհք կառավարման, քաղաքականությունների, ռազմավարությունների բացակայության ու մնացած արատների պատճառով ստվերված է:

Ընդհանրապես ճշմարիտ արվեստի մարդիկ ներամփոփ մարդիկ են, շատ ակտիվ մարդիկ չեն և կորչում են համընդհանուր աղմուկի մեջ: Նրանք աղմուկ չեն սիրում: Աղմկոտ մարդիկ ուրիշ են, նրանք միշտ գտնում են մեյմունություն անելու ճանապարհը: Եթե համակարգային լուծումների չգնանք, հեղափոխական լուծումների չգնանք (այս պարագայում՝ ոչ թավշյա), ազնվորեն պահպանելով մաքուր ժառանգական կապը անցյալի ու ներկայի միջև, ապագայում ասպարեզը նույն մեյմուններին է մնալու: Զրույցը` Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/29/960383/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "Արայիկ Մանուկյան. «Որ ապագայում էլ ասպարեզը չմնա մեյմուններին»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ