«Ինքը լավ գիտեր, որ դա իմ թույլ տեղն է ու դրանով էր ինձ վախեցնում»․ Սկանդալային բացահայտումներ է անում՝ աշխատանքից ազատված լաբորատորիայի բժշկուհին

 

Այս տարվա փետրվարի սկզբին հայաստանյան լրատվամիջոցների ու հասարակության ուշադրության կենտրոնում էր «Մասիս» բժշկական կենտրոնը: Կենտրոնի նորանշանակ տնօրեն Նունե Ավանեսյանը լաբորատորիայի աշխատողների աշխատանքը փորձելու համար մեզի փոխարեն լաբորատորիա էր ուղարկել թեյ՝ շաքարավազով ու պանիրով «համեմված» և լաբորատոր հետազոտության արդյունքում «հայտնաբերել էին» արյուն և լեյկոցիտներ։ Այսինքն՝ տվել էին ոչ առողջ մարդու մեզի ախտորոշում:

 

Դրանից հետո լաբորատորիայի որոշ աշխատակիցներ՝ այդ թվում բժշկուհին՝ Զարուհի Հարությունյանը, ազատվեցին աշխատանքից: Հասարակությունը սկսեց տարբեր մեկնաբանություններ անել կատարվածի շուրջ. ոմանք քննադատեցին նորանշանակ տնօրենին՝ աշխատակիցներին այդպիսի դաժան փորձության ենթակելու համար: Բայց շատերն էլ ողջունեցին նրա արարքը, հիմնավորելով, թե միայն այդպես կարելի է անբարխիղճ բուժաշխատողներին զգոնացնել:

 

Ամիսներ անց մեր խմբագրություն է դիմել լաբորատորիայի՝ աշխատանքից ազատված բժշկուհի Զարոհի Հարությունյանը, ով 30 տարի աշխատել է այդ բուժհաստատությունում: Նա համարում է, որ իր հանդեպ տեղի ունեցածն ապօրինություն է, տնօրենը ոտնահարել է իր աշխատանքային եւ մարդկային իրավունքները, ինչն էլ ինքը պատրաստվում է վերականգնել: Ներկայացնում ենք բժշկուհու հետ հարցազրույցը:

-Դեպքից անմիջապես հետո տնօրենը ամբողջ լաբորատորիային անվստահություն հայտնեց եւ ասաց, որ աշխատանքից ազատվելու դիմում գրենք: Մարդիկ կային, որոնք գրեցին, ես հրաժարվեցի գրել: Ինքը ինձ կանչեց՝ հարցրեց, թե ինչու չեմ գրում: Ասացի՝ այդպես եմ ճիշտ համարում: Ասաց, որ միեւնույնն է՝ ես աշխատանքից ազատվելու եմ: Այնուհետեւ ինչ-որ հոդվածներով հիմնավորված ծանուցում ուղարկեց:

Այդ ընթացքում էլի չէր հանգստանում, ամեն օր մարդիկ էր ուղարկում մոտս, որոնք ուզում էին ինձ հավաստիացնել, որ թեյից մեզի անալիզի պատասխան ենք ստացել, մեղավոր ենք: Իբր նույն մարդու, այսինքն՝ իր, արյան անալիզներից տարբեր արդյունքներ ենք արձանագրել:

Այո, մարդու օրգանիզմում թե արյունը, թե մեզը օրվա տարբեր ժամերին տարբեր կարող է լինել՝ փոքր շեղումներով: Ես ուզում էի դիմադրել, բայց մթնոլորտը արդեն այնքան անտանելի էր, որ ստիպված դիմում գրեցի ազատվեցի:

-Իսկ ինչու՞ այդ վիճելի անալիզը դուք չտարաք կրկնակի փորձաքնննության:

-Ի՞նչը տանեի փորձաքննության: Փորձանմուշը չէր մնացել, սովորականի համաձայն, վերջում լաբորանտը թափել է, տարաները լվացել: Իսկ ինքն այն չէր պահպանել: Մինչդեռ պարտավոր էր: Չէ որ այդ գործով քրեական գործ էր հարուցվելու, եւ հարուցվեց, բայց իրեղեն ապացույցը չկար: Չէր պահում, որովհետեւ իրեն ձեռք չէր տալիս: Լաբորանտը, ով կոնկրետ հետազոտել է այն, այո, տեսել է արյուն ու թարախ՝ լեյկոցիտներ: Փաստորեն, մեր փորձաքննությունը տվել է ոչ թե մեզի սովորական, առողջ անալիզի պատասխան, այլ՝ պաթալոգիկ, հիվանդ մարդու մեզի: Դա նշանակում է, որ կամ հենց ինքը, կամ իր կողքին կանգնած բժիշկ Դավիթ Մխիթարյանը, կամ որեւէ մեկը, ով ցանկացել է տնօրենի համար ավելի ճոխ անի, մինչ լաբորատորիա բերելը թեյին խառնել է արյուն ու լեյկոցիտներ, հետո նոր հասցրել մեզ: Իմ վրա քրեական գործ էր հարուցվել: Հիմա նոր միայն քննչականում ասում են, որ դրա համար հիմք չի եղել, քանի որ փորձանմուշը չի պահպանվել: Իմ գործը ամենավերջում է կարճվել՝ այս քաղաքական վերջին հեղաշրջումից հետո՝ մայիսի 8-ին: Ասում են՝ գործը ուրիշ վարույթ է ընդունվել, ես չգիտեմ՝ ինչ վարույթ:

-Իսկ ինչու՞ դիմում գրեցիք եւ հենց հիմա որոշեցիք պայքարել:

-Այնպես չի,որ ես հենց սկզբում չէի պայքարում, պայքարում էի, ազատման դիմում չէի գրում, բայց բոլորը, ում դիմում էի՝ իրավաբաններ,փաստաբաններ, այնպիսի պատասխաններ էին տալիս, որ ես հասկացա, որ նրանք ի զորու չեն պայքարել նրա դեմ: Ավանեսյանի հովանավորներն են Գագիկ Հարությունյանը, ով իրենց բարեկամն է, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով իր ընտանիքի հետ մտերիմն է: Երբ լաբորատորիայի աշխատողների ազատման գրությունը տարավ, որպեսզի մարզպետը հաստատի, մենք հույս ունեինք, որ մարզպետը խելոք կգտնվի, մեզ կկանչի, կլսի, ապացույցներ կպահանջի եւ չի ազատի մեզ: Բայց սխալվել էինք. նա անմիջապես ազատեց: Ինքը ինձ ասում էր՝ ուզում ես, թեկուզ՝ մինչեւ Սերժի մոտ գնա, բողոքիր:

Եթե ես մի փոքր էլ դիմադրեի, ինքը ինձ կալանքի ենթարկել կտար, ես համոզված էի, ինքը դրան ընդունակ էր ու պատրաստ էր: Իսկ ես կլաստոֆոբիա՝ փակ տարածությունից վախ ունեմ, ու ինքը դա լավ գիտեր, գիտեր, որ դա իմ թույլ տեղն է ու դրանով էր ինձ վախեցնում: Անգամ այն մտքից, որ ես կարող եմ հայտնվել փակ տարածության մեջ, ես արդեն վատանում եմ: Դրա համար էլ չշարունակեցի պայքարել, ինքը իր կապերով իմ գլխին ամեն ինչ կսարքեր: Մեզ ասում էին՝ ինքը ինչ ասում է, ասեք. «Հա»:

Զարմանում էի, ո՞նց կարելի է, գործընկերներիս ում գլխին ոնց ցանկանար՝ սարքեր, պիտի ասեինք՝ «հա՞»: Ես այդպիսին չեմ, եղել, միշտ իմ անձնական կարծիքն արտահայտել եմ, դրա համար էի հայտնվել իր թախում: Այնպիսի բանսարկություններ էր անում աշխատողների վրա, բոլորին խառնում իրար,եւ մենք իրավունք չունեինք ճիշտը արտահայտվելու: Այնպիսի խառնաշփոթ էր արագ-արագ ստեղծում, որ խուճապի մեջ էր գցում բոլորիս: Եթե հետաքրքրվեք, աշխատանքից բոլոր ազատվածները նրա բանսարկությունների զոհեր են:

Մինչեւ օրս այդպես է աշխատում: Իրեն ձեռք են տալիս այնպիսի մարդիկ, ովքեր իր համար լուրեր տանեն-բերեն: Հետո՝ մեկին հանում է, մյուսին տանում նրա տեղը, տեղափոխություններ է անում: Սուտ են այն հրապարակումները, թե ինքը ծանոթ- բարեկամներին է աշխատանքի ընդունում: Նրա համար բարեկամ, հարազատ գոյություն չունի, կա միայն անձնական ֆինանսական շահ, ինքը ուրիշ արժեհամակարգ կրող մարդ է: Ինքը որ նայում է մարդուն, մտածում է, թե նրանից ոնց կարող է փող աշխատել:

Հիվանդանոցում վախի, անառողջ մթնոլորտ է: Ես պետք է պայքարեմ եւ վերականգնվեմ իմ աշխատանքին՝ նույն տեղում: Իմ փոխարեն մեկին ընդունեց աշխատանքի, որ եղել է ընդունարանի բուժքույր, մասնագետ չի: Ընդ որում՝ ընդունեց առանց մրցույթի, ինչը օրենքի խախտում է: Ես այդ ժամանակ կարող էի իրեն գումար առաջարկել եւ մնալ հիվանդանոցում՝ այլ աշխատանքի: Այդպես շատերն են անում: Մի տեղից հանում է, մի ուրիշ տեղ՝ ընդունում: Բայց իմ ինքնասիրությունը, իմ արժանապատվությունը դա ինձ թույլ չէր տա:

Ես համոզված եմ, որ ինքը չի կարող աշխատել այս իրավիճակում, հիմնարկը ահավոր վիճակում է: Աշխատողներից երկու անգամ սանգրքույկների գումար հավաքեցին՝ 3500-ական դրամ, բայց այդ գրքույկները չկան: Ինչ է արվել գումարը, տեղյակ չեմ: Այնքան բան կա ասելու: Թող իրավասու մարդիկ գան ստուգեն իր գործերը, համոզված եմ, որ շատ հետաքրքիր բաներ կբացահայտեն:

-Բայց մինչեւ Ավանեսյանի գալն էլ, երբ հիվանդները անալիզ հանձնելու անհարժեշտություն էին ունենում, հիվանդանոցի բժիշկները, հատկապես՝ մանկական բաժանմունքի, խուրհուրդ չէին տալիս այդտեղ՝ ձեզ մոտ հանձնել, ուրիշ տեղ էին ուղղորդում, ասենք՝ «Բիոմեդ», որպեսզի ստույգ պատասխան լինի: Այսինքն, Ձեր հիվանադնոցի բժիշկներն է՞լ չեն վստահում հիվանդանոցի լաբորատորիային:

-Այդ լաբորատորիաներում հետազոտությունները վճարովի են, դուք էլ դա լավ գիտեք, մեր մոտ՝ անվճար է: Այսպիսի չգրված օրենք կա, որ գումարի 20 տոկոսը տվյալ լաբորատորիան վերադարձնում է ուղարկող բժշկին: Դրա համար էլ բժիշկները հիվանդներին ուղղորդում են այնտեղ, որպեսզի շահույթ ստանան: Այո, մեր լաբորատորիան ահավոր վիճակում է, ես ինքս ինձ վատ էի զգում, որ մարդ էր գալիս այդտեղ, ինքը որ առաջին անգամ մտավ լաբորատորիա, ասաց. «Էս գոմի մեջ ե՞ք աշխատում»: Պայմանները ահավոր էին, 50 տարվա միկորսկոպներով էինք աշխատում:

Գնալով աշխատանքը ավելանում էր, աշխատավարձը ՝ ոչ, ոնց ուզում էին՝ կադրային հարցեր էին լուծում՝ առանց լաբորատորիայի բժշկուհու կարծիքը հաշվի առնելու՝ կրճատեն, մարդ տանեն, մարդ բերեն, դա իր որոշելիքն է: Իբր մեր աշխատանքը քիչ էր, սոցփաթեթները մտան: Նախկին տնօրենին էլ էինք բողոքում, բայց դրանից մեզ գումար չէին տալիս, զինկոմիսարիատի հետ աշխատում էինք, էլի մեզ ոչինչ չէր հասնում, մինչդեռ զինկոմիսարիատը դրա դիմաց վճարում էր հիվանդանոցին: Այդ պայմաններում աշխատում էինք: Անգամ կողքից բոնուսներ էին լինում եւ այլն, դրանից էլ էինք հրաժարվում: Մասնագետները իր թղթաբանությունը որ ուսումնասիրեն, շատ բաներ կգտնեն:

-Իսկ այդ միջադեպից հետո ո՞վ էր աղմուկ բարձրացրել: Դու՞ք էիք հրավիրել հեռուստաընկերություններին, ԶԼՄ-ներին:

-Իհարկե ոչ, ես ինչպե՞ս կցանականյի այդպիսի խայտառակ պատմության մեջ ընկնել, որ ամբողջ հանրապետությունը խոսեր իմ մասին, ես հույս ունեի, որ ճշմարտությունը ջրի երես դուրս կաա: Հիշեք այդ օրը ինքն ասում էր թե գիշերը տատիկը մահացել է, բայց աշխատանքի եկավ լավ խնամված տեսքով՝ նկարահանման պատրաստ: Իսկ ես անակնկալի էի եկել, անգամ տեսախցիկների առաջ չէի կարողանում խոսել, ամաչում էի, ոնց որ երազի մեջ լինեի:

Չնայած անմեղանում էր, մեզ էր մեղադրում, թե ինչու՞ էիք լրատվամիջոցներին դիմում, գայիք խնդրեիք, ընկնեիք ոտքերս՝ կներեի: Հիվանդանոցում, այո շատ բան կա վեր հանելու ու փոփոխելու: Իսկ մինչ այդ պետք է բացահայտվի ներկայիս տնօրենի ապօրինությունները: Նրա մասին կարելի է իմանալ Կարմիր բլուրից, Էջմիածնից, Երեւանից, որտեղ որ ինքը աշխատել է, ամեն տեղ նույն ձեռագիրն է եղել, ամեն տեղից հեռացված է եղել ապօրինությունների համար: Որքան տեղյակ եմ, Տարոն Մարգարյանն արգելել է նրան մայրաքաղաքում մասնագիտական գործունեություն ծավալել:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Hraparak.am

Be the first to comment on "«Ինքը լավ գիտեր, որ դա իմ թույլ տեղն է ու դրանով էր ինձ վախեցնում»․ Սկանդալային բացահայտումներ է անում՝ աշխատանքից ազատված լաբորատորիայի բժշկուհին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ