Անգամ նշանդրեքս չեմ հանրայնացնի. Սիլվի Բարկովա

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով նկարահանվում էր «Դոմինո» սիթքոմում:

Դերասանուհին արդեն չորս ամիս է, ինչ աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Ուրախ եմ, որ արդեն Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի եմ: Այստեղ խաղում եմ հանդիասատեսի բարձր գնահատականին արժանացած «Սառցե սիրտը» ներկայացման մեջ` մարմնավորելով հերոսուհուն` թագուհի Էլզային, ով հատկապես երեխաների սիրելին է: Իսկ այժմ ընդգրկված եմ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման մեջ, որտեղ կրկին հերոսուհուն եմ մարմնավորում` Վալիային»,- պատմեց Սիլվին:

 

Խոսելով թատրոնի աշխատանքի մասին` դերասանուհին նկատեց.

«Այս թատրոնում աշխատելն ինձ համար առաջին հերթին նրանով է հաճելի, որ աշխատում եմ իմ վարպետի` Արմեն էլբակյանի մոտ: Թատերական ինստիտուտում հենց նրա կուրսն եմ ավարտել եւ թատրոնի բեմն էլ ճանաչել եմ հենց  Էլբակյան թատրոնից, որտեղ երկար տարիներ կերտել եմ Ջուլիետի («Ռոմեո եւ Ջուլիետ»), Զարուհու («Սիրո տարբեր նվագներ»), արքայադուստր Էլզայի («Գորտ արքայազն»), Սիրանի («Բախտի անիվ»), Այծիկի («Տերը») կերպարները: Արմեն Էլբակյանն այն մարդն է, որին կարելի է անդադար լսել եւ սովորել: Ուրախ եմ, որ կրկին վերադարձա ուսանողական կամ աշակերտական շրջան»:

Սիլվի Բարկովան շեշտեց, որ իր համար թե կինոյում, թե թատրոնուն կարեւոր չէ, թե ինչ ժանրում է ներկայանում: Նա իրեն հարմարավետ է զգում ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական կերպարներում, եւ զուգահեռաբար, ինչպես դրական, այնպես էլ բացասական հերոսներ ներկայացնելիս:

Սիլվին խոստովանեց, որ հեռուստատեսային առաջարկ ստանալիս շատ է կարեւորում հոնորարը, իսկ հարցին, թե թանկ արժե, որեւէ նախագծում Սիլվի Բարկովային տեսնելը, պատասխանեց.

 

«Հոնորարները փոխվում են նախագծերի հետ միասին, այնպես որ կոնկրետ գումար ասել չեմ կարող»:

Հետաքրքրվելով, թե դերասանուհին ինչով է զբաղվում ազատ ժամանակ եւ ինչ ծրագրեր ունի առաջիկայի համար, նշեց.

«Առաջիկայում կրկին Հայաստանից կմեկնեմ, ուստի այս պահին այդ հարցերով եմ հիմնականում զբաղված: Թատրոնի աշխատանքին զուգահեռ` հավանաբար շուտով գեղարվեստական ֆիլմում կնկարահանվեմ, որի մասին դեռեւս խոսել չեմ կարող: Նաեւ այս շրջանում անգլերեն եւ հնդկերեն լեզուներն եմ փորձում ուսումնասիրել»:

Զրույցի վերջում, հարցին, թե ինչ է կատարվում Սիլվի Բարկովայի անձնական կյանքում, դերասանուհին նկատեց, որ իր կյանքի այդ հատվածը չի հանրայնացնում` ընդգծելով.

«Անգամ նշանդրեքս չեմ հանրայնացնի»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Անգամ նշանդրեքս չեմ հանրայնացնի. Սիլվի Բարկովա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ