Ինչու է պետք անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին

 

Այս հոդվածը պետք է պատրաստ լիներ ապրիլի կեսին` այն հույսով, որ  հրապարակվելու է Նուվել դ’Արմենի Մագազին-ի մայիսյան համարում`« Ինչու էր պետք անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին » վերնագրով: Բայց ապրիլի 13-ին Երեւանում սկիզբ առած շարժումն ինձ ստիպեց ամեն ինչ մի կողմ դնել` ապահովելու համար իրադարձությունների ֆրանսերեն լեզվով ամենօրյա լուսաբանումն իմ ֆեյսբուքյան էջում, ինձ թույլ չտալով  ժամանակին ավարտել հոդվածը: Միայն մայիսի կեսից հետո  կարողացա ավարտել այն եւ արագ թարգմանելու տալ, որպեսզի հնարավոր լինի այն հրապարակել մինչեւ մայիսի 30-ը, այսինքն` Վերաքննիչ դատարանում Ժիրայր Սեֆիլյանի գործի քննության առաջին օրը: Իմ հոդվածի վերնագիրը նույնն է մնացել, չհաշված բայը ներկա ժամանակով գործածելը, որովհետեւ այլեւս հարց չեմ տալիս, թե   ինչու էր պետք անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին, այլ, թե ինչու է պետք անել դա հիմա. Եվ հիմա, երբ դատարանի համար հնարավորություն է բացվում նոր վճիռ կայացնել հօգուտ  Ժիրայր Սեֆիլյանի, ես հասկանում եմ, որ ամբողջ աշխատանքը, որ կատարել էի, իզուր չէ, եթե կարող է իր համեստ ներդրումն ունենալ արդարության վերականգնման գործում:

Բացի այդ, կարծում եմ, որ հոդվածը կարող է օգնել` կանխելու այն քննադատությունները, որոնք անպայման կհնչեն նրանց կողմից, ովքեր, եթե Ժիրայր Սեֆիլյանը ազատ արձակվի, կփորձեն հավատացնել, թե «նոր վարչակարգը» նույնքան անարդարացի է, որքան նախկինը, բայց` հակառակ ուղղությամբ: Այնուամենայնիվ, եթե Ժիրայր Սեֆիլյանն արդարացվի, ինչպես որ շատերը հույս ունեն, դա կլինի ոչ թե քաղաքական ճնշման հետեւանքով, այլ պարզապես ազնիվ դատավորի ազատ կամքով:

Եվ վերջապես, ոմանց գուցե զարմացնեն իմ հարցադրումները: Դրանք, ըստ էության, վերաբերում են ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի մեղավորությանը կամ անմեղությանը, այլ ամբողջությամբ պտտվում են ապացույցի հարցի շուրջ: Ինչու: Որովհետեւ էական է հասկանալ, որ չի կարող դատապարտում լինել, առանց մեղավորության ապացույցի: Այլ կերպ ասած` հնարավոր չէր Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել, եթե նրա մեղավորությունն ապացուցված չէր: Իսկ դա չի ապացուցվել: Դրա համար էլ ասում եմ եւ պնդում, որ անհրաժեշտ էր եւ այժմ էլ անհրաժեշտ է նրան անմեղ ճանաչել: ՍՄ: 

 

« Ինչու է պետք անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին »  

Անցյալ մարտի 20-ին` տասն ամիս տեւած դատավարությունից հետո Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 ու կես տարվա ազատազրկման 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպումը նախապատրաստելու (ՔՕ  35 225/1 հոդված), զենքի անօրինական փոխանցման (ՔՕ  235/3 հոդված) եւ   2015-2016-ին պետական հեղաշրջման նախապատրաստման (ՔՕ 35 219/3-1 հոդված) համար: Նկատի առնելով վերջին քսանվեց տարվա ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի` Հայաստանում զբաղեցրած տեղը նախ որպես Արցախի առաջին պատերազմում ռազմական առաջնորդ (նա 1992-ի մայիսի 9-ի Շուշիի հաղթանակի հերոսներից է), հետո` 2002-ից ի վեր որպես քաղաքական գործիչ, նկատի առնելով նաեւ այն, որ նրա ընդդիմադիր  (արտախորհրդարանական) շարժումն ի վերջո` 2013-ից ի վեր կարեւոր տեղ զբաղեցրեց հայկական քաղաքական թատերաբեմում, այս դատավճիռը շատ ավելին էր, քան ընդամենը մեղավոր ճանաչված մարդու պատիժ: Այն փաստացիորեն ընդդիմադիր քաղաքական առաջնորդի եւ նրա շարժման երկարաժամկետ դուրս մղումն էր քաղաքական դաշտից, ինչն անմիջապես կասկած է հարուցում: Արդյոք դա պատահականություն է, թե անհրաժեշտություն: Արդյոք Ժիրայր Սեֆիլյանն ինքն է իրեն դուրս մղել իրականում հանցավոր գործողությունների հետեւանքով, թե դուրս է մղվել իշխանության կողմից: Արդյոք նա իրոք մեղավոր է, թե դատապարտվել է քաղաքական դրդապատճառներով: Դա էր պետք պարզել: Դա անելու համար ես նորից աչքի եմ անցկացրել ամբողջ դատավարությունը, որին ակտիվորեն ներկա եմ եղել` իմ գրառումների վերընթերցումը հարստացնելով դատական գործի բազմաթիվ փաստաթղթերին ծանոթությամբ, հաճախ հարցեր տալով Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններին եւ մանրամասնորեն անդրադառնալով ձերբակալությունից առաջ նրա քաղաքական գործունեությանը: Իմ վճիռը հետեւյալն է. պետք էր անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին:

 

1/ Պետք է Ժիրայր Սեֆիլյանին արդարացնել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների  նախապատրաստման գործում

2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործի առիթով, որոնք, հիշեցնենք, տեղի չունեցան, որովհետեւ Ժիրայր Սեֆիլյանն իր շարժման չորս անդամի հետ ձերբակալվեց 2015-ի ապրիլի սկզբին եւ ազատ արձակվեց մեկ ամիս անց, մեղադրանքը հիմնված է երկու էական տարրի վրա. 1/ 2015-ի ապրիլի 7-ին Սարդարապատ շարժման եւ Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) նստավայրում, ինչպես նաեւ տարբեր այլ վայրերում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերված իրերը, որոնց առումով համարվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում էր դրանք օգտագործել որպես մահակներ եւ ձողեր, 2/ Ժիրայր Սեֆիլյանի եւ ՀԽ-ի անդամների «սադրիչ ելույթները»:

Բայց եւ առաջին, եւ երկրորդ դեպքում մեղադրող կողմի ներկայացրած ապացույցներն իրականում ապացույցներ չեն:  Պետք է լավ իմանալ, որ այսպես կոչված մահակներն ու ձողերն իրականում փայտե երկար ու բարակ ձողեր են, որոնք ըստ երեւույթին ծառայում են որպես պաստառների նեցուկներ եւ դրոշների ձողեր: Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել ՀԽ-ի եւ Նոր Հայաստանի լուսանկարներն ու տեսանյութերը: Ինչ վերաբերում է պլաստմասսայե խողովակներին եւ երկաթի մի քանի կտորներին որոնք մեղադրող կողմն այնքան կասկածելի է համարել, դրանք ակնհայտորեն շինանյութ են: 2017-ի նոյեմբերի 24-ին դատարանում ներկա գտնվելով այս նյութական ապացույցների  ներկայացմանը, կարող եմ վկայել, որ դրանք համընդհանուր ծիծաղ առաջացրեցին, որն ուղեկցվում էր դրանց անվնասության հանդեպ իսկական ապշանքով: Ուրեմն սրանք էին մեղադրող կողմի վկայակոչած ձողերն ու մահակները :

Ինչ վերաբերում է նրան, թե Ժիրայր Սեֆիլյանը զինված պայքարի կողմնակից էր, հարցազրույցներից, ելույթներից, հրապարակումներից, հեռախոսային գաղտնալսումներից, տեսանյութերից, վկայություններից եւ հարցաքննությունների արձանագրություններից բազմաթիվ հատվածները բոլորը հակասում են այս պնդմանը: Մի օրինակ բերեմ նախաքննության ընթացքում Երեմ Խոնդկարյանի տված վկայությունից: ՀԽ-ի այս նախկին ծրագրավորողը, որն այնտեղ աշխատել է Ժիրայր Սեֆիլյանի հետ սերտ եւ անմիջական համագործակցությամբ, չէր կարողացել դատարան ներկայանալ 20/10/2017-ին, բայց ընթերցվեց նրա գրավոր վկայությունը, որում նա պարզ եւ հստակ հաստատում է, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանի եւ ՀԽ-ի մյուս ղեկավարների նույնիսկ ներքին զրույցների ընթացքում երբեք չի լսել բռնություն կիրառելու կամ ուժով իշխանությունը վերցնելու մասին` այն աստիճան, որ նրա հարցաքննության ընթերցման ավարտին դատապաշտպան Տիգրան Հայրապետյանը չկարողացավ չհարցնել, թե այս վկան ինչու էր դատախազության կողմից կանչվել, եթե նրա վկայությունը, մեղադրանքը հաստատելու փոխարեն, ամբողջությամբ հերքում է այն: Իսկ չորս տեսագրությունները, որոնք ցուցադրվել են 10/11/2017-ի դատական նիստի ընթացքում, ավելի համոզիչ չեն մեղադրանքը հաստատելու համար: Մասնավորապես` այնտեղ երեւում է, թե Գարեգին Չուգասզյանն ինչպես է բացատրում որ « Մեր շարժումը քաղաքական է: Մենք ուզում ենք վարչակարգի փոփոխության հասնել քաղաքացիական լայն շարժման միջոցով, որը  կսկսվի  2015-ի ապրիլի 24-ին »: Ժիրայր Սեֆիլյանն իր կողմից ասում է, որ վարչակարգի անկմանը հանգեցնող գործընթացի ժամանակ եւ դրանից հետո «անօրինական ոչինչ չի լինի», որ դրան կհասնեն ոչ թե բռնությամբ, այլ ժողովրդական մոբիլիզացիայով եւ որ « չենք անի որեւէ բան, որըմերժելի լինի միջազգային հանրության կողմից»: Նույն միտքն ենք արձանագրում Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակման ընթացքում, որն արվել է 10/11/2017-ին, որտեղ նա բացատրում է, որ պայքարը պետք է իրականացվի ոչ թե բռնությամբ, այլ քաղաքական ուղով, եւ այլն: Ուրեմն ինչպես բացատրել մեղադրող կողմի կեղծ մեղադրանքը, թե ՀԽ-ն վարչակարգի բռնի փոփոխություն էր ցանկանում: Երկու գործոնով. մի կողմից քաղաքացիական անհնազանդության ինչ լինելուն եւ  հասկացությանը մեղադրող կողմի անտեղյակությամբ կամ դրա վերաբերյալ սխալ պատկերացմամբ, մյուս կողմից` ՀԽ-ի հռչակած ինքնապաշտպանության իրավունքի անազնիվ շահարկմամբ (այս հասկացության համաձայն, խաղաղ ցուցարարներն իրավունք ունեն ինքնապաշտպանվելու ոստիկանական անօրինական բռնության  դեպքում): Իրականում մեղադրող կողմն իր պնդումը կարողացել է հիմնավորել ընդամենը չորս շահարկման ենթարկվող մեջբերմամբ, որոնցից ահա երկու օրինակ. « Եթեիշխանությունը ժողովրդի դեմ ուժ կիրառի, վերջինս իրավունք ունի պաշտպանվելու, եւ իշխանությունը պատասխան կստանա» (ԺՍ), եւ. « Մենք խաղաղ մեթոդների կողմնակից ենք: Մեզ մի ստիպեք ուժ կիրառել» (Գեւորգ Սաֆարյան): Նույնիսկ եթե ընդունենք, որ այս ընդամենը չորս նախադասությունն իրոք վտանգ են պարունակում,  պետք է դրանք գնահատել Ժիրայր Սեֆիլյանի եւ ՀԽ-ի ելույթների ամբողջության ֆոնին եւ դրանք տեղադրել իրենց համատեքստում:

Այժմ տեսնենք, թե Ժիրայր Սեֆիլյանն ինչ էր նախատեսել անել 2015 –ի ապրիլի  24-ին. ժամը 18-ին հավաքվել Էրեբունու թանգարանի մոտ, որտեղ նա կտար քաղաքացիական անհնազանդության ընդարձակ շարժման մեկնարկը, ինչն իշխանությունները ներկայացրին որպես զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրություն: Խնդիրն այն է, որ այդ մտադրության գեթ մի (նույնիսկ` ամենափոքր) ապացույց երբեք չի ներկայացվել: Այս առումով ահա 2015-ի մարտի  6-ին (այսինքն` ապրիլի 24-ից մեկ ու կես ամիս առաջ) Ազատություն ռադիոկայանին Ժիրայր Սեֆիլյանի տված հարցազրույցից մի հատված. « Ապրիլի 24-ին գործընթաց ենք սկսելու: Ես առիթից օգտվում եմ` ասելու, որ այդ օրը մենք չենք պատրաստվում որեւէ խժդժության: Հակառակորդն այդ մակարդակում հասցրել է ապատեղեկատվություն իրականացնել` ասեկոսեներ տարածելով, թե պատրաստվում ենք բռնի գործողություններ, անկարգություններ կազմակերպել, խափանել հարյուրամյակի  (Ցեղասպանության) միջոցառումները: Ընդհակառակը, ամեն տարվա նման, մենք կգնանք հուշահամալիր` կատարելու մեր պարտքը, ինչից հետո մենք մի գործընթաց կսկսենք, որը լիովին խաղաղ կլինի: Մենք չենք անի որեւէ բան, որը խոչընդոտի ապրիլի 24-ի արարողությունները (…) մեր գործողությունը, մեր ճնշումը, վարչակարգի հանդեպ ժողովրդական ճնշումը խաղաղ կլինեն »:

Ի վերջո, այս դատական գործն այնքան դատարկ է, որ դրանից կարելի է ընդամենը եզրակացնել, որ մեղադրող կողմի համար ապրիլի 24-ին ցանկացած միջոցառում, որն իր բնույթով բացառապես հիշատակման միջոցառում չէ, ինքնին հանցանք է :

Բայց ահա մի նոր հանգամանք թույլ է տալիս Ժիրայր Սեֆիլյանի վրայից ամբողջությամբ մաքրել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը: Մայիսի 8-ին 1in.am-ի տաղավարում Նվեր Մնացականյանի հյուրը` Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ 2015-ի ապրիլի 2-ին` Ժիրայր Սեֆիլյանի հետ մի հանդիպման ընթացքում, որին ներկա էին Գարեգին Չուգասզյանը եւ ուրիշներ, ՀԽ-ն ի վերջո որոշել էր հրաժարվել ապրիլի 24-ի ցույցից: Այսպիսով` ԺՍ-ի դեմ առաջին մեղադրանքը` 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելն ամբողջությամբ վերանում է :

 

2/ Պետք է Ժիրայր Սեֆիլյանին անմեղ ճանաչել զենքի եւ զինամթերքի փոխանցման գործում  

2015-ի մայիսի 20-ի երեկոյան Երեւանում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հանդիպակաց Հալաբյան փողոցում մի փոքրիկ վթարի հետեւանքով ոստիկանությունը հայտնաբերում է երկու կալաշնիկովի եւ հարյուր քսան փամփուշտի առկայությունը այն մեքենայի թափքում, որի ուղեւորը` Հրայր Թոփչյանը, անմիջապես ձերբակալվում է: Թաղամասի ոստիկանատանը հենց նույն գիշեր իրականացված առաջին հարցաքննության ընթացքում Հրայր Թոփչյանը, որն ազատամարտիկ է, բացատրում է, որ ինքն այս երկու զենքն ու զինամթերքն ունի Արցախյան պատերազմից ի վեր, այսինքն` մոտավորապես երեսուն տարի, թե 2015-ի աշնանը ինքը ստիպված է եղել դրանք ժամանակավորապես վստահել Հովհաննես Պետրոսյանին, որովհետեւ իր համար անհարմար էր այլեւս դրանք գյուղում պահելը, եւ որ ինքը դրանք հետ է վերցրել վեց ամիս անց` 2016-ի մայիսի  20-ին` այն օրը, երբ դրանք ոստիկանության կողմից առգրավվել են ավտովթարի հետեւանքով:

Հունիսի 3-ին, այն է`14 օր անց, նույն Հրայր Թոփչյանը դեպքերի լրիվ այլ վարկած է ներկայացնում: Դրա համաձայն, զենքերը արդեն նրան չեն պատկանում. Ժիրայր Սեֆիլյանն է դրանք իրեն փոխանցել Սասուն Կիրակոսյանի միջոցով, որպեսզի ինքը դրանք փոխանցի Հովհաննես Պետրոսյանին զինված գործողության համար: Հրայր Թոփչյանը բացատրում է, որ ինքը Հովհաննես Պետրոսյանի հետ ծանոթացել է Ժիրայր Սեֆիլյանի տանը, որ վերջինս Հովհաննես Պետրոսյանին ներկայացրել է որպես իր «խմբի » անդամի` նաեւ ասելով, որ Հովհաննես Պետրոսյանը իրեն ներկայացրել է իշխանությունը տապալելու գործողությունների պլան, որը հարկավոր է ուսումնասիրել` տեսնելու, թե ինչ չափով է իրատեսական: Այս նոր վարկածով Հրայր Թոփչյանը հիմնավորապես մեղադրում է Ժիրայր Սեֆիլյանին եւ դատական գործի մեջ ներքաշում նաեւ Սասուն Կիրակոսյանին, որն ազատամարտիկ է եւ Ժիրայր Սեֆիլյանի հին ընկերը:

Որն է այս հանկարծակի շրջադարձի պատճառը: Հարցն այն է, որ նախօրեին` 2016-ի հունիսի 2-ին Հովհաննես Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանին միանգամից ամբաստանել  է որպես Սասուն Կիրակոսյանի կողմից իրեն փոխանցված երկու զենքի եւ 140 փամփուշտի մատակարար, իսկ Սասուն Կիրակոսյանին ամբաստանել է նրա համար, թե միջնորդ է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ Հրայր Թոփչյանի միջեւ, ինչպես նաեւ  ամբաստանել է երկու այլ մարդու (Ներսես Պողոսյանին եւ Գալուստ Գրիգորյանին) որպես « խմբի » անդամների, որն ինքն էր կազմել եւ որը պատրաստ էր Ժիրայր Սեֆիլյանին աջակցել զինված գործողության ընթացքում: Այլ կերպ ասած` հունիսի 2-ին Հովհաննես Պետրոսյանն ամբաստանել է չորս հոգու, որոնց մասին սկզբում չէր խոսել Հրայր Թոփչյանը եւ որոնց մասին նա հանկարծ սկսում է խոսել` իր խոսքը միանգամից համաձայնեցնելով նրան, ինչ ասում է Հովհաննես Պետրոսյանը: Հրայր Թոփչյանի ցուցմունքի էական փոփոխության տարօրինակությունը երբեք չի հուզել ոչ քննիչին, ոչ դատախազին, ոչ էլ դատավորին:

Ահա այս գործում այն հիմնական պատճառները, որոնց համար Ժիրայր Սեֆիլյանը պետք է անմեղ ճանաչվեր :

— Քննիչները չեն ճշտել, թե արդյոք զենքը եւ զինամթերքը պատկանում էին Հրայր Թոփչյանին, ինչպես որ նա գրել էր 21/05/2016-ին` իր առաջին հարցաքննության մեջ` դրան հակադրելով հետագա հարցաքննությունների իր պնդումները: Ավելի ընդհանրացնելով` ասենք, որ նրանք չեն փորձել պարզել, թե ում են պատկանում զենքը եւ փամփուշտները,  ինչն էական էր գործի բացահայտման համար :

— Հետեւաբար, քննիչները չեն փորձել նաեւ իմանալ, թե իրոք զենքը եւ փամփուշտները  Ժիրայր Սեֆիլյանն էր փոխանցել, ինչպես որ դա ասում են Հրայր Թոփչյանը եւ Հովհաննես Պետրոսյանը` ամեն մեկն իր երկրորդ հարցաքննությունից սկսած, մինչդեռ իր առաջին հարցաքննության ընթացքում Հովհաննես Պետրոսյանը Հրայր Թոփչյանի վերաբերյալ ասել է.  «Անկեղծ ասած` ես նրան չեմ հարցրել, թե ով է տվել այդ զենքերը, որովհետեւ գիտեի, որ նա կարող էր չպատասխանել, եւ հետո` ես չէի ուզում անօգուտ հարցեր տալ»: Հաշվի առնելով այս կարեւորագույն նախադասությունը, հարց է ծագում, թե ինչու եւ ինչպես է   Հովհաննես Պետրոսյանը սկսում հանկարծակի պնդել, թե ինքը գիտեր, որ իրականում այդ զենքերը Ժիրայր Սեֆիլյանն է տվել: Հետաքրքրասիրության զարմանալի բացակայությամբ քննիչները, դատախազները եւ դատավորը երբեք չեն փորձել բացահայտել այն հիմնարար ներքին հակասությունը, որ կա Հովհաննես Պետրոսյանի սկզբնական պնդման եւ հետագա պնդումների միջեւ: Հաշվի առնելով, որ Հովհաննես Պետրոսյանի վկայությունը Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորող հիմնաքարն է, այս կետը չպարզաբանելը նշանակում է չհիմնավորել մեղադրանքը:

— Իմիջիայլոց, ոստիկանության կողմից այս զենքերի ուսումնասիրությունն ուղեկցվել է կոպիտ սխալներով. ոստիկանը, որն ասում է, թե լուսանկարել է դրանք, կորցրել է լուսանկարները: Իսկ ձգաբանական փորձագետը չի պահել այն քսան փամփուշտի պարկուճները, որոնցով նա հենց առգրավման գիշերը փորձարկել էր երկու զենքը: Այս երկու փաստը ստիպում են կասկածել, թե դատական գործի մեջ ներգրավված զենքը եւ փամփուշտներն իրոք այն զենքն ու փամփուշտներն են, որ Հրայր Թոփչյանը 2015-ի նոյեմբերին փոխանցել է Հովհաննես Պետրոսյանին, իսկ հետո` 2016-ի մայիսի  20-ին վերջինիս դրանք վերադարձրել է: Այդտեղից էլ կասկածի տեղիք է տալիս այդ փաստական ապացույցների վստահելիությունն ընդհանրապես: Մի ուրիշ դիտարկում էլ. զենքի եւ փամփուշտների  արկղի վրա, որը բերվել է եւ բացվել դատարանում, նշված էր « Ժիրայր Սեֆիլյան եւ ուրիշներ », մինչդեռ 2016-ի մայիսի 20-ին` քննչական մարմինների կողմից այդ իրերն առգրավելու եւ կնքելու պահին Ժիրայր Սեֆիլյանը դեռեւս ներգրավված չէր զենքի այս գործում: Նրա անունը սկսել է շրջանառվել միայն հունիսի 2-ից` Հովհաննես Պետրոսյանի վկայությունից հետո, եւ նա ձերբակալվել է միայն հունիսի 20-ին: Այլ կերպ ասած, զենքի եւ զինամթերքի փաթեթավորումը չպետք է կրեր  «Ժիրայր Սեֆիլյան եւ ուրիշներ» գրությունը: Դատապաշտպան Տիգրան Հայրապետյանն այս փոքրիկ մանրամասնում ապացույց է տեսնում առ այն, որ զենքի գործն ամբողջությամբ արհեստականորեն  սարքված է:

— Ավարտելուց առաջ, զուտ տրամաբանական երկու փաստարկ. մի կողմից կարող ենք հարց տալ, թե Ժիրայր Սեֆիլյանն ինչու պետք է ուզենար զենք փոխանցել մի մարդու` Հրայր Թոփչյանին, որին քիչ էր ճանաչում, որպեսզի Թոփչյանը զենքը հանձներ Հովհաննես Պետրոսյանին, որին ընդհանրապես չէր ճանաչում: Դատավարության ընթացքում Տիգրան Հայրապետյանը զարմացավ Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ Ժիրայր Սեֆիլյանի նման վստահությունից` փորձելով իմանալ, թե նա ինչպես է դա բացատրում: Վերջինս չոր պատասխանեց.  «Ժիրայր Սեֆիլյանին հարցրեք, ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել» (1/12/2017): Իմիջիայլոց, դժվար է պատկերացնել, թե երկու կալաշնիկովը եւ 140 փամփուշտն ինչպես էին հերիքելու` գրոհելու հեռուստաաշտարակի շենքը եւ Նուբարաշենի կայազորը: Դա ուղղակի ծիծաղելի է:

 

3/ Պետք է Ժիրայր Սեֆիլյանին անմեղ ճանաչել պետական հեղաշրջման նախապատրաստմանը վերաբերող գործում

Ինչպես նախորդ` զանգվածային անկարգությունների նախապատրաստմանը վերաբերող գործի պարագայում է, հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ գործը եւս ոչ թե փաստի վրա է հիմնված, այլ` ենթադրության: Այս դեպքում խոսքը Ժիրայր Սեֆիլյանի` հեռուստաաշտարակի շենքը (1/12/2015-ին), ինչպես նաեւ Նուբարաշենի զորամասը եւ նորից` հեռուստաաշտարակը (18/05/2016-ին) գրոհելու մտադրության մասին է: Ինչպես գիտենք, այդ գրոհները տեղի չունեցան, քանի որ, ըստ մեղադրական եզրակացության, Ժիրայր Սեֆիլյանը դրանցից հրաժարվել է վերջին պահին` անհայտ դրդապատճառներով:

Հեղաշրջման նախապատրաստման ամբողջ պնդումը հիմնված է երեք վկայության վրա` Հրայր Թոփչյանի (իր երկրորդ ցուցմունքից հետո տված ցուցմունքների մեջ, որոնք հետո դատարանում հերքեց), եւ հատկապես` Հովհաննես Պետրոսյանի եւ նրա ազգականի` Սմբատ Գալոյանի: Սրանից բացի, ոչ մի նյութական ապացույց չկա, որը հիմնավորեր մեղադրանքը, չհաշված հեռուստաաշտարակի պարագծի մի գծագրություն, որը  Հովհաննես Պետրոսյանը թղթի մի կտորի վրա խզբզել է իբր Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքով եւ որը հայտնաբերել են Սմբատ Գալոյանի տաբատի գրպանում, վերջինիս երեւանյան ժամանակավոր կացարանի խուզարկության օրը (31/05/2016):

Այս վկայությունները, որոնք կոչված են` հաստատելու Ժիրայր Սեֆիլյանի կողմից քաղաքական բռնության ուղու ընտրությունը, միանգամից վստահելիության խնդիր են առաջացնում, որովհետեւ ՀԽ-ը, ինչպես տեսանք, քաղաքացիական խաղաղ անհնազանդության կողմնակից էր: Բայց նույնիսկ եթե համաձայնենք, թե այդ վկայությունները պետք է հավաստի  համարել, դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունն ընդամենը մեծացնում է կասկածը: Իրոք դրանց անտրամաբանական բնույթը, ներքին հակասությունները, բացթողումները, կարեւոր կետերի վերաբերյալ դրանցում առկա նշանակալի տարբերությունները եւ նույնիսկ դրանց ոճը, որը ստիպում է մտածել, թե դրանք թելադրվել են քննիչի կողմից, օբյեկտիվորեն թույլ չեն տալիս, որ  լուրջ ընդունվեն:

— Սկսենք Սմբատ Գալոյանից, որը Հովհաննես Պետրոսյանի քեռու որդին է: Նա Նուբարաշենի զորամասում պայմանագրային զինծառայող է եղել 2014-ի սեպտեմբերի 17-ից մինչեւ  2016-ի հունվարի 14-ը` այն օրը, երբ նա ազատման դիմում է ներկայացրել, որպեսզի, իր խոսքով, մաս կազմեր Հովհաննես Պետրոսյանի «խմբին », որի անդամ է մնացել մինչեւ 2016-ի մայիսի 20-ը` այն օրը, երբ նա իր զարմիկին` Հովհաննես Պետրոսյանին ուղեկցել է` Հրայր Թոփչյանին վերադարձնելու համար երկու զենքն ու զինամթերքը, որոնք ի վերջո ոչնչի չէին ծառայել: Այստեղ չեմ կարող մանրամասնորեն ներկայացնել Սմբատ Գալոյանի վկայությունը, որը ֆանտաստիկայի ժանրից է: Բավական կլինի երկու կետ նշել. 1/ Սմբատ Գալոյանն ազատման դիմում է ներկայացնում 2016-ի հունվարի 14-ին, որպեսզի անդամագրվի իր զարմիկի « խմբին », մինչդեռ, ըստ Հովհաննես Պետրոսյանի, «խումբը» դադարել է գոյություն ունենալ  2015-ի դեկտեմբերի 1-ից (դատարանում` 1/12//2017-ին Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց. « 2015-ի դեկտեմբերի  1-ից հետո խումբ չի եղել` ոչ մի խումբ »):  Եթե հաշվի առնենք, որ հունվար ամսից մինչեւ մայիսի կեսը «խումբ» գոյություն չուներ, անհասկանալի է, թե ինչու է Սմբատ Գալոյանը մոտ 5 ամիս մնում Երեւանում` հրաժարվելով իր զինվորական գործից եւ հեռու մնալով Շենավան գյուղի իր տնից եւ ընտանիքից, առանց նույնիսկ մասնակցելու ՀԽ-ի առօրյա քաղաքական կյանքին: 2/ Սմբատ Գալոյանը պնդում է, որ մայիսի 18-ին` մինչեւ գրոհը, նա եւ իր զարմիկ Հովհաննես Պետրոսյանը պետք է մասնակցեին մի հանդիպման,  «որտեղ պետք է 200-300 մարդ լիներ, որոնց հետ միասին Ժիրայր Սեֆիլյանի պլանավորած հեղաշրջման այդ գործընթացը պետք է սկսվեր» (31/5/2016, էջ 4 , 2/06/2016, էջ 5) : Այդ հանդիպումից հետո է, որ պետք է տեղի ունենար հեռուստաաշտարակի գրավումը Հրայր Թոփչյանի/Հովհաննես Պետրոսյանի «խմբի » կողմից` « 50 հոգու հետ միասին » (31/05/2016, էջ 3, 2/06/2016, էջ 4): Եթե հաշվի առնենք, որ  «խումբը» բաղկացած էր 5 կամ 7 հոգուց, ապա ովքեր են այդ խմբի մնացած մոտ 45 անդամները, որ պետք է մասնակցեին զինված գրոհին:  Ինչու երբեւէ փորձ չի արվել` հայտնաբերելու նրանց, ոչ էլ այն 200-300 հոգուն. դրանով ոչ միայն կստուգվեր Սմբատ Գալոյանի սենսացիոն հայտարարությունը, այլեւ կհիմնավորվեր Ժիրայր Սեֆիլյանի` իբր թե տարբեր զինված խմբերի կազմակերպիչ լինելը: Ավելին, ինչպես հասկանալ ուժային համակարգի,  քննիչների, դատախազության եւ դատարանի անտարբերությունն այդ պնդումներին, որոնք ուղղակիորեն առնչվում են ազգային անվտանգությանը: Իսկ եթե Սմբատ Գալոյանը պարզապես հնարել էր այդ ամենը, ինչու սուտ մատնության համար պատասխանատվություն չի կրում:  Ի դեպ, այս պարոնը, չնայած իրեն «լիովին» մեղավոր  է ճանաչել եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, ոչ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների » գործի մեջ է ներառվել, ոչ էլ անջատված գործով է անցել (ինչպես Արթուր Մովսիսյանը) եւ առ այսօր ազատություն եւ անպատժելիություն է վայելում:

— Իսկ հիմա ուսումնասիրենք Հովհաննես Պետրոսյանի պարագան: Մենք նախապես արդեն նկատել ենք, որ կարող է զարմանալի թվալ այն, որ Ժիրայր Սեֆիլյանը զենքի հանձնումը վստահել է մի անծանոթի, ինչպիսին Հովհաննես Պետրոսյանն է: Ավելի զարմանալի է այն, որ Ժիրայր Սեֆիլյանը նրան այնպիսի նուրբ հարց է վստահել, ինչպիսին զինված գործողությունների իրականացումն է: Բայց նույնիսկ եթե համարենք, թե այդպես է եղել, ինչպես  հասկանանք «խմբի» կատարյալ անպատրաստությունը, որն ի հայտ է գալիս Հովհաննես Պետրոսյանի վկայության մեջ եւ ընդհանրապես վկայությունների հանրագումարում: Երբ դատարանում դատապաշտպանները ցանկացան ավելին իմանալ դրա մասին, ահա, թե դա ինչ արդյունք տվեց. Հարց. « Ով էր անդամակցում խմբին » Հովհաննես Պետրոսյանի պատասխանը. «Ես հրաժարվում եմ պատասխանել »: Հարց. « Այդ խումբը ժողովներ անում էր » Հովհաննես Պետրոսյանի պատասխանը. « Ես հրաժարվում եմ պատասխանել» : Հարց. « Բայց յուրաքանչյուրին հատկացվել էր այն դերը, որը նա պետք է կատարեր զինված գործողության պահին »  Հովհաննես Պետրոսյանի պատասխանը. « Ես չեմ հիշում»  (8/12/2017): Իմիջիայլոց, ինչպես բացատրել Ժիրայր Սեֆիլյանի հետ Հովհաննես Պետրոսյանի ենթադրյալ ուղիղ կապը, եթե, ըստ Հովհաննես Պետրոսյանի, Ժիրայր Սեֆիլյանը Հրայր Թոփչյանին էր մատնանշել իրենց միջեւ կապ պահպանելու համար (« Ժիրայրն ինձ պարզաբանեց, որ Հրայրի համակարգումը կայանալու էր նրանում, որ նա էր լինելու ինձ հետ անմիջական կապի մեջ, ես նրա միջոցով էի շփվելու Ժիրայրի հետ, Ժիրայրն էլ նրա միջոցով կապ էր պահպանելու ինձ հետ, եւ ես Հրայրի ասածները պետք է հասկանայի որպես Ժիրայրի ասածներ», 31/05/2016, էջ 3): Եւ ինչու Հովհաննես Պետրոսյանը, որը, իր խոսքով, հանդիսանում էր  ենթախմբի ենթահրամանատարը, պետք է մասնակցեր խմբերի հրամանատարների ենթադրյալ հավաքին, ոըը տեղի է ունեցել 2016-ի մայիսին` Ջրվեժում: Երբ 2017-ի դեկտեմբերի 8-ին այդ հարցը դատարանում տրվեց նրան, Հովհաննես Պետրոսյանը ասաց. « Ես հրաժարվում եմ պատասխանել»:

Մի ուրիշ հանգամանք` ինչու այն ժամանակ, երբ Ժիրայր Սեֆիլյանը 2016-ի մայիսին իբր գրոհ էր նախապատրաստում Նուբարաշենի զորամասի վրա, Հովհաննես Պետրոսյանը նրան չի տեղեկացրել իր «խմբում» զարմիկի` Սմբատ Գալոյանի ներկայության մասին, որն այդ զորամասից էր եւ « բոլորին ճանաչում էր » (31/05/2016): Միթե Ժիրայր Սեֆիլյանին չպետք է հետաքրքրեր այն տեղեկությունը, որ Սմբատ Գալոյանը 2015-ին ճանաչվել էր ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար, ինչի համար պարգեւատրվել էր պատվոգրով: Հաշվի առնելով այս ամենը` ինչպես հավատալ, թե, ըստ Սմբատ Գալոյանի ասածի, «Ժիրայրը չի ցանկացել, որ ես ներկա գտնվեմ իրենց հանդիպումներին » (2/06/2016): Անհասկանալի է:

Եվ ահա` քննարկենք Հովհաննես Պետրոսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ հանդիպումների հարցը: Օրինակ` 2017-ի դեկտեմբերի 8-ի դատական նիստի ժամանակ  Հովհաննես Պետրոսյանը չկարողացավ հստակ ասել, թե որտեղ, երբ եւ քանի անգամ է նա 2015-2016-ի ձմռանը ֆիզիկապես հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին: Բայց երբ ուսումնասիրում ենք 2015-ի դեկտեմբերի ճշգրիտ համատեքստը, մեզ հաշիվ ենք տալիս, որ ամենատրամաբանականը եւ ապահովը կլիներ Ժիրայր Սեֆիլյանին հանդիպել Ազատության հրապարակում, քանի որ ՀԽ-ն 2015-ի դեկտեմբերի 1-ից այնտեղ նստացույց էր սկսել, որը շարունակվեց ամբողջ հունվար ամսվա ընթացքում, ինչի արդյունքում Ժիրայր Սեֆիլյանը համարյա ամեն օր այնտեղ էր: Այս առիթով արձանագրում ենք, որ ոչ Հրայր Թոփչյանը, ոչ Հովհաննես Պետրոսյանը, ոչ Սմբատ Գալոյանը չեն մասնակցել ՀԽ-ի բուռն քաղաքական գործունեությանը, որը տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեից առաջ եւ հետո (6/12/2015): Բնականաբար հարց է ծագում` ինչու այս երեք մարդիկ, որ անչափ հեռու են Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությունից, պետք է ծառայեին Ժիրայր Սեֆիլյանի զինված պլաններին:

Եվ վերջապես, ինչու Հովհաննես Պետրոսյանին չեն մեղադրում զինված խմբի մաս կազմելու համար, ինչպես Ժիրայր Սեֆիլյանին  են մեղադրում, մանավանդ որ քննիչին նրա տված ցուցմունքների համաձայն, ինքն էր նախաձեռնել « խմբի » կազմակերպումը եւ Ժիրայր Սեֆիլյանին զինված գործողության պլան էր առաջարկել: Այնինչ` Հովհաննես Պետրոսյանը մեղադրվել է միայն անօրինական զենք տեղափոխելու համար (ինչպես գործով անցնող մյուս մեղադրյալները, բացի Ժիրայր Սեֆիլյանից), եւ ավելին` ամենաթեթեւ պատիժն է ստացել` երկու տարվա ազատազրկում,  ինչի արդյունքում շուտով` մայիսի վերջին դուրս կգա բանտից:

— Մի ուրիշ հարց. Ինչ ասել այս գործից հեղաշրջման նախապատրաստությանը ենթադրաբար մասնակցած մարդկանց զարմանալի օտարման մասին: Այսպես` Հրայր Թոփչյանի մատնանշած Արտաշը, Ռուբենը եւ Հովսեփը քննիչների ուշադրությանը չեն արժանանում (3/06/2016): Նույնը վերաբերում է Արոյին, Կարենին եւ Ժիրայր Սեֆիլյանի` Շուշիի գումարտակի մի նախկին հրետանավորի, որոնք Հովհաննես Պետրոսյանի կողմից մատնանշվել են որպես ծրագրվող հեղաշրջումից առաջ հավաքի մասնակցած անձինք` այն հավաքին, որն իբր տեղի է ունեցել Ավան-Առինջում 2016-ի մայիսին` Սասուն Կիրակոսյանի առանձնատանը (6/06/2016) : Ինչու Հրայր Թոփչյանի եւ Հովհաննես Պետրոսյանի կողմից մատնանշված այս վեց անձինք դատական կարգով չեն հետապնդվել: Այս առումով ես մի մանրամասն եմ նկատել, որը խույս է տվել ինչպես դատապաշտպաններից, այնպես էլ մեղադրողներից: Երբ 2017-ի դեկտեմբերի8-ին դատարանում փաստաբան Տիգրան Եգորյանը Հովհաննես Պետրոսյանին հարցնում է, թե նա արդյոք ճանաչում է Գեւորգ Սաֆարյանին, Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին, Հովհաննես Պետրոսյանը բացասական պատասխան է տալիս:  Սակայն 2016-ի հունիսի 6-ի իր հարցաքննության մեջ Հովհաննես Պետրոսյանը Պավել Մանուկյանին հիշատակում է որպես Ավան-Առինջում հեղաշրջման նախապատրաստման հավաքին մասնակցած մարդու:

 

— Քննիչները հետաքրքրասիրության նույն բացակայությունն են դրսեւորում նյութական ապացույցների առումով: Այսպես` քննիչի կողմից հարցաքննվելով այն Nokia-ի վերաբերյալ, որը նրան իբր տվել էր Հրայր Թոփչյանը եւ որի վրա նա պետք է գաղտնի համարից հրահանգներ ստանար գրոհի վերաբերյալ, Հովհաննես Պետրոսյանը բացատրում է, որ ինքը 2016-ի մայիսին այն տվել է Սմբատ Գալոյանին եւ չգիտե, թե վերջինս դա ինչ է արել  (31/05/2016, էջ 11): Փաստն այն է, որ այդ բջջայինը խորհրդավոր կերպով անհետացել է: Սմբատ Գալոյանին սրա վերաբերյալ ոչ մի հարց չի տրվել եւ ակնհայտորեն երբեք չեն փորձել գտնել այն:  Չեն փորձել նաեւ վերականգնել Հովհաննես Պետրոսյանի ֆեյսբուքյան էջը : Մինչդեռ Հովհաննես Պետրոսյանը պնդում է, թե հիմնականում հենց ֆեյսբուքյան հաղորդագրություններով էր հաղորդակցվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, բայց զգուշությունից ջնջել է դրանք: Ինչպես կարելի էր կուրորեն հավատալ Հովհաննես Պետրոսյանին իր եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ այս նամակագրության վերաբերյալ, որը ոչ մի հետք չի թողել:

— Վերջապես` անդրադառնանք այն կապին, որը մեղադրող կողմի կարծիքով առկա է  Ժիրայր Սեֆիլյանի եւ  2016-ի հուլիսին Սասնա Ծռերի գործողության միջեւ, որը սկիզբ առավ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից մեկ ամիս անց: Քանի դեռ այդ կապը չի ապացուցվել, նման կապի առկայությունը պնդելը, ինչպես որ դա արված է մեղադրական եզրակացության մեջ, անազնիվ գործելակերպ է` հիմնված ժամանակագրական ընդհանրացման վրա: Իրականում, եթե Սասնա Ծռերը ՀԽ-ի անդամ կամ աջակից են, կամ մտերիմ են Ժիրայր Սեֆիլյանի հետ, դեռ չի նշանակում, թե նրանք գործել են վերջինիս հրահանգով կամ նրա ցանկությանը համապատասխան: Դա պարզապես ապացուցում է, որ այդ մարդիկ ակնհայտորեն արմատականացել են Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո, մանավանդ որ այդձերբակալությունը տեղի ունեցավ ՀԽ-ի նկատմամբ բռնությունների երկար շարքից հետո (մասնավորապես հիշենք 2015-ի հունվարի 31-ին Բերձորում ՀԽ-ի մեքենաների շարասյանը հասցված վնասը եւ Գեւորգ Սաֆարյանի ձերբակալությունը  2015-ի դեկտեմբերի 31-ի գիշերը): Նշեմ, որ Մայիսի 24-ին պայմանականօրէնազատ արձակվածՀԽ-ի անդամ Կարո Եղնուկյանընույնօրը 1in.am-ին կարծես թէ հաստատեց այս մեկնաբանությունը: Նա ասեց, որ « մենք վեց տարի շարունակ մհ ոստիկանի չենք կպել », ընդգծեց, որ Բերձորում« 100 մարդ կար այնտեղ եւ ոչ մեկը այդ արշավի ժամանակ մատով չկպավ ոչ մի ոստիկանի. սա էր խաղաղ անհնազանդությունը », եւ վերջումավելացրեց, որ « այն ինչ ապստամբները`Սասնա Ծռերը, արեցին, նրանից է, որ արդեն ուրիշ ելք չեն տեսել (…) »:

 

Եզրակացություն. Ժիրայր Սեֆիլյանին պետք է անմեղ ճանաչել

Այսպիսով մենք փաստեցինք, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ ներկայացված երեք մեղադրանքից ոչ մեկն ապացուցված չէ: Ի դեպ, նշենք, որ դատախազն իր մեղադրական ճառում (9/02/2018) եւ պատասխան խոսքում (17/03/2018) բավարարվեց` կրկնելով այն մեղադրանքները, որոնք առկա էին մեղադրական եզրակացությունում, առանց նվազագույն ջանքն իսկ գործադրելու` հակաճառել պաշտպանական կողմի փաստարկներին, որոնք Ժիրայր Սեֆիլյանի անմեղությունն էին ապացուցում, եւ առանց որեւէ կերպ հաշվի առնելու այն նոր փաստերը, որոնք ի հայտ էին եկել դատավարության ընթացքում: Մեղադրող կողմը մասնավորապես հաշվի չառավ որոշ կարեւոր վկաների եւ մեղադրյալների հրաժարումն իրենց ցուցմունքներից, որոնք նրանք տվել էին նախաքննության ընթացքում: Այսպես` վկա Հովհաննես Մինասյանը դատարանում պնդեց, որ իր հարցաքննության արձանագրության տակ առկա ստորագրությունն իրենը չէ (3/11/2017): Եվ մեղադրյալներից երեքը (Հրայր Թոփչյան, Ներսես Պողոսյան, Գալուստ Գրիգորյան) դատարանում հայտարարեցին, որ իրենց վրա լուրջ ճնշումներ են գործադրվել, որպեսզի իրենք Ժիրայր Սեֆիլյանի անունը տան, որպես զինված « խմբի » կազմակերպչի: Ժիրայր Սեֆիլյանն ինքն էլ իր « վերջին խոսքում » (17/03/2018) հայտնեց, որ 2016-ի հունվարի 12-ին Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ամրամ Մակինյանն իրեն բացահայտորեն սպառնացել է` ասելով.  « Ես ձեզ վերջին անգամ եմ զգուշացնում: Եթե շարունակեք ձեր քաղաքական գործունեությունը, ճաղերի հետեւում կհայտնվեք » :

Այս ամենից հետո Ժիրայր Սեֆիլյանի դեմ ներկայացված եռակի մեղադրանքի քաղաքական բնույթը կասկած չի հարուցում: Ահա, թե ինչու նա չէր կարող անմեղ ճանաչվել մարտ ամսին: Եվ ահա, թե ինչու նա կարող է, նա պետք է անմեղ ճանաչվի հիմա, մայիսի վերջում:

Սեդա Մավյան

Ֆրանսերենից թարգմանեց Նունե Աբրահամյանը

Be the first to comment on "Ինչու է պետք անմեղ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ