Փաշինյանի կոչը 27 տարին չլրացածներին. «Վերադարձեք Հայաստան եւ մեկնեք ծառայության»

 

Նիկոլ Փաշինյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերում հայտնվեց որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ եւ տեղեկացրեց՝ 2016թ.-ին նա ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը, սակայն 2018.թ. վերադարձել է Երեւան, քանի որ մարտի 11-ին 18-ամյակն է լրացել, իսկ դա նշանակում է, որ նա պետք է ծառայի: Վարչապետը նշեց, որ առաջիկա զորակոչին Աշոտը մեկնելու է ժամկետային զինծառայության, ընդ որում, մի որոշում է կայացրել, որ մասին կցանկանար հանրությանը տեղյակ պահել: Աշոտ Փաշինյանը հայտարարեց՝ դեռեւս փետրվարին որոշել է դիմում գրել եւ ինքնակամ ծառայել Արցախում: «Միշտ կարծել եմ, որ այս հակամարտության հարցում խաղաղության հաստատումը հայկական կողմի ձեռքերում է: Դրա ամենաարդյունավետ ճանապարհն Արցախի բանակը հզորացնելն է»,-նշեց Աշոտ Փաշինյանը: Նա հավելեց, որ հայրենիքի հանդեպ իր պարտքից ելնելով՝ որոշել է այդպես նպաստել խաղաղության հաստատմանը:

Նիկոլ Փաշինյանն էլ միաժամանակ շեշտեց, որ այս քայլով հանրության աչքերում «գլուխ գովելու» մտադրություն չունեն: «Կոչով դիմում եմ արտերկրում գտնվող մեր երիտասարդներին, որոնց 27 տարին չի լրացել: Նրանց եւ նրանց ծնողներին՝ իմ եղբայրներին ու քույրերին, կոչ եմ անում ապահովել, որպեսզի առաջիկա քսան օրում նրանք վերադառնան ՀՀ եւ մեկնեն ժամկետային զինծառայության:

Սա ասում եմ որպես քաղաքացի  եւ վարչապետ, որը պատերազմի դեպքում(աստված չանի), պետք է կատարի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ դիմեց 27 չլրացածներին. «Երբ օդանավակայանում կհայտարարեք, որ ՀՀ էք եկել ծառայելու համար, ձեր հանդեպ իրավական գործընթաց չի ծավալվի: Անգամ եթե ձեր հանդեպ հետախուզում է հայտարարված, ես կհրահանգեմ, որ ձեզ հնարավորություն կտրվի ներկայանալ զինվորական կոմիսարիատ: Գնեք ինքնաթիռի տոմս, եկեք ՀՀ եւ մեկնեք ծառայության: Սա ուրիշ Հայաստան է, որտեղ բանակից չեն փախչում»:

Ապա նա կոչ հղեց նաեւ հայաստանաբնակ այն երիտասարդներին, որոնք բանակից առողջական խնդիրների պատճառով են ազատվել, բայց իրականում այնքան էլ վատառողջ չեն. «Խոսքն այն տղաների մասին չէ, որոնք լրջագույն առողջական խնդիրներ ունեն: Խոսքն այն տղաների մասին է, որոնք այնքան էլ հիվանդ չեն, կամ ծանոթ-բարեկամ կապերով կարողացել են ազատվել: Նոր Հայաստանը նման ճանապարհների համար չէ: Կրկնակի բժշկական փորձաքննության դիմեք կամ բուժվեք ու մեկնեք ծառայության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/27/959834/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "Փաշինյանի կոչը 27 տարին չլրացածներին. «Վերադարձեք Հայաստան եւ մեկնեք ծառայության»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ