Թեժ քննարկում ոստիկանության զորքերում. ով կփոխարինի Լևոն Երանոսյանին

 

Մայիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լեւոն Երանոսյանին ազատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: Թեկնածուներն ու թեժ քննարկումները Լեւոն Երանոսյանի ազատումից անցել է մեկ շաբաթ, սակայն վերջինիս պաշտոնը շարունակում է թափուր մնալ, որի շուրջ այս օրերին բավականին լուրջ քննարկումներ եւ խոսակցություններ են ծավալվել ոստիկանությունում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանությունում խոսակցություններ են սկսվել, թե ում նշանակեն Լեւոն Երանոսյանի պաշտոնում, եւ մի շարք թեկնածուների մասով լուրջ դժգոհություններ են առաջացել:

Մասնավորապես ոստիկանության զորքերում խոսակցություններ են տարածվել, որ այս պաշտոնում ցանկացել են նշանակել ոստիկանության զորքերում գնդի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին: Սակայն վերջինիս նշանակումը լուրջ բանավեճի պատճառ է դարձել, քանի որ Գուրգեն Գրիգորյանին ճանաչողները այդքան էլ լավ կարծիք չեն ունեցել նրա մասին` նշելով, որ նա իր ճանապարհը սկսել է պաշտպանության նախարարությունից, եղել է ճարաշանի պետ, ինչ-ինչ ճանապարհով դիպլոմ է ստացել եւ նշանակվել Վայքի զորամասի հրամանատարի տեղակալ, եւ այդ շրջանում նրա անվան շուրջ խոսակցություններից հետո նա միշտ ասել է, որ իր նպատակն է դառնալ գնդի հրամանատար: Արդյունքում ՊՆ-ից դուրս է եկել եւ գնդի հրամանատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում: Երբ վերջինիս նշանակման մասով խոսակցությունները թեժացել են, ոստիկանությունում կարծես թե որոշել են չշտապել եւ սպասել, թե ում կարող են նշանակել պաշտոնում, որը, ըստ էության, նորանշանակ վարչապետի սրտով կլինի եւ կընդունվի ոստիկանության զորքերի կողմից: Սակայն նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվել. խոսակցություններ կան, որ միգուցե այդ պաշտոնում նշանակեն Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին` Կոռնիձորի Արոյին, սակայն վերջինիս մասով դեռ չեն շտապում որոշում կայացնել: Գվարդիան կենթարկվի ՊՆ-ին Չնայած ոստիկանության զորքերի հրամանատարի թեկնածուների շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն քննարկումներ են եղել նաեւ այն մասով, որ արդյոք ոստիկանության զորքեր անհրաժեշտ է ունենալ, թե ոչ: Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ոստիկանությունը դարձավ վարչապետին ենթակա կառույց: Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ: Արդյունքում այս ֆոնին ոստիկանությունը նպատակ ուներ փոփոխություններ իրականացնել ոստիկանության զորքերի կառուցվածքում եւ ոստիկանության զորքերը ցանկանում է տեսնել ազգային գվարդիայի տեսքով:

Դեռեւս ամիսներ առաջ ոստիկանությունից հայտնել էին, որ ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինը պետք է ունենա նախարարության կամ կառավարության, վարչապետին եւ նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ: Ոստիկանության կարգավիճակի վերջնական որոշումից հետո պարզ կդառնան ներգերատեսչական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունն ու ուղղությունները: Ոստիկանական գվարդիայի մասով առաջարկություն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Առաջարկության վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս գոյություն չունի: Ըստ ոստիկանության` ոստիկանության գվարդիան պետք է հանդիսանա հակաահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում: Ըստ մեզ հասած լուրերի` քննարկում է եղել, թե գվարդիայի ստեղծումը անհրաժեշտ է, թե ոչ, անգամ խոսակցություն է եղել, որ միգուցե գվարդիայի ստեղծման գաղափարը կյանքի կոչվի, բայց այն հանդիսանա ոչ թե ոստիկանության մաս, այլ լինի պաշտպանության նախարարությանը ենթակա կառույց: Ուստի միգուցե այս խոսակցություններն էլ պատճառ են դարձել, որ ոստիկանության զորքերի թեկնածուների անցյալն ու ներկան խառնվել է իրար, եւ նշանակման գործընթացը ուշանում է: Ավելին` տեղեկություներ կան, որ չի բացառվում, որ ստեղծվելիք Գվարդիան ենթարկվի ոչ թե ոստիկանությանը, այլ ենթարկվի պաշտպանության նախարարությանը: Խիստ ռեժիմն ու դիմումները Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանության ներքին զորքերում իրավիճակ է փոխվել:

Մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության զորքերի մի շարք ծառայողները այս օրերին աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: Իսկ ինչի՞ց է սկսվել դիմումների շարքը: Բանն այն է, որ նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցները այնպիսի ռեժիմով են աշխատել, որ կարողացել են բացի զորքերում աշխատելուց իրենց ընտանիքը պահելու համար այլ մասնավոր աշխատանքներ անել: Մեզ լուրեր հասան, որ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ուստի շատերը չեն կարողացել իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Արդյունքում, երբ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, ռեժիմը խստացրել է, եւ աշխատակիցները այլեւս չեն կարողացել մասնավոր գործով զբաղվել, եւ հիմա վերջիններս դժգոհում են, որ միայն ոստիկանության տված աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել, ուստի ավելի լավ է` դիմում գրեն հեռանան:

Ստեղծված իրավիճակների մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղ, անդրադանալով ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակմանը, հայտնեցին. «Այդ պաշտոնին անձ նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը»: Անդրադառնալով խիստ ռեժիմին եւ աշխատակիցների դիմումին` ոստիկանությունից հայտնեցին, թե խիստ ռեժիմ ասված չկա, կա կանոնակարգ` նորմատիվ ակտերով, իսկ աշխատանքից ազատման դիմումների մասով տեղեկությունը իրականությանը չի համապատասպանում: Քնար Մանուկյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/809547/

Be the first to comment on "Թեժ քննարկում ոստիկանության զորքերում. ով կփոխարինի Լևոն Երանոսյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ