«ՀՀԿ-ն տղուս զալոժնիկ էր վերցրել և իմ դեմ պայման էր դրել հրաժարվել ԲՀԿ-ից». Ռուստամ Գասպարյան

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը։

-Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք առաջիկայում նշանակվելու եք ԱԻՆ փոխնախարար։ Նման առաջարկ Ձեզ եղե՞լ է։

– Նման առաջարկ ինձ չի եղել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։

Իսկ եթե առաջիկայում արվի նման առաջարկ, ինչպե՞ս կարձագանքեք։

-Կրկնում եմ՝ նման առաջարկ չի եղել։ Եթե լինի՝ կմտածեմ։

-Պարոն Գասպարյան, Դուք վերջին շրջանում բավական մեկուսացվել էիք։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում վերջին զարգացումները, իշխանափոխությունը։

-Ես անձամբ մասնակցում էի այդ իրադարձություններին, չէի մեկուսացել։

Առաջին օրվանի՞ց էիք մասնակցում, թե այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարություն եղավ համաժողովրդական շարժմանը միանալու մասով։

-Մինչև Ծառուկյանի հայտարարությունը, ես արդեն մասնակցում էի շարժմանը։ Մեր հայտարարությունը եղել է։ Ես իմ մարտական ընկերների հետ, մեր տարածքի պատասխանատուների հետ, Ջերմուկից Համոյի հետ միացել էինք շարժմանը։ Այնպես որ, եթե այդ պայքարից հետո կվստահեն ինձ ինչ-որ ոլորտ, ես, իհարկե, կծառայեմ իմ երկրին։ Ես զինվորական եմ, իմ գումարտակը, որը ստեղծել էի Ապրիլյան պատերազմից հետո, այսօր էլ տեղափոխվել է Քելբաջարի կողմը և ծառայում է։ Այնպես որ, եթե առաջարկ լինի, ես պատրաստ եմ ծառայել իմ երկրին, իմ բանակին, իմ պետությանը։ Ինչո՞ւ չէ։

 

Պարոն Գասպարյան, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ Ձեր հարաբերությունները կարգավորվեցի՞ն։ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո մամուլը գրում էր, որ Դուք դավաճանել եք ԲՀԿ-ին և ԲՀԿ-ում Ձեզ դավաճան են համարում։

-Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հետ ունեցել եմ պայմանավորվածություն։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, իմ տղային հետապնդում էին։ Իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել հրաժարվել ԲՀԿ-ից։ Եվ դուք հիշում եք, որ այդ ժամանակ Ծառուկյանը նույնպես փակեց իր քաղաքական էջը։ Ես այդ օրերին գնացի Ծառուկյանի մոտ, մենք խորհրդակցեցինք և Ծառուկյանն ասաց՝ Ռուստամ գրի դիմումը, գրի տղայիդ համար, ու ոչ մի խնդիր չի լինի։ Այսինքն՝ զուտ պայմանավորվածությու է եղել ԲՀԿ-ից իմ դուրս գալը, որից հետո էլ Ծառուկյանը պասիվացավ քաղաքականության մեջ ու այլևս դիմադրելու, պայքարելու խնդիր չկար։ Տղայիս խաթեր ես ստիպված դուրս եկա ԲՀԿ-ից, որ հետապնդումները դադարեցվեին։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Be the first to comment on "«ՀՀԿ-ն տղուս զալոժնիկ էր վերցրել և իմ դեմ պայման էր դրել հրաժարվել ԲՀԿ-ից». Ռուստամ Գասպարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ