ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼ

 

Հայաստանում տարատեսակ առաքելությամբ հիմնադրամների թիկունքում ազդեցիկ պաշտոնյաներ են կանգնած: Օրինակ՝ «Լույսի» գործադիր խորհրդի կազմում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նրա տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք», «Արագիլ», «Արմավենի», «Աուտիզմ» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Նախկին նախագահի եղբայրը՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, 2008-ից գործող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ու կառավարիչը: Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ այս հիմնադրամը իրենց հիմնադրման օրվանից միլիարդավոր դրամների հասնող ֆինանսների հետ են գործ ունեցել՝ դրանք ծառայեցնելով տարատեսակ բարեգործական ծրագրերի իրականացմանը:

 

Մենք ուսումնասիրեցինք «Փյունիկի» 2017 թ. գործունեության հաշվետվությունը եւ պարզեցինք, որ հիմնադրամը, որպես ծրագիր, նախորդ տարի իրականացրել է 346 միլիոն 351 հազար 641 դրամի բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում: Հիմնադրամը ֆինանսավորվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւան» հիմնադրամի կողմից, որի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Այսինքն՝ «Երեւանը» գումարներ է փոխանցել մեկ այլ հիմնադրամի, թեեւ այդ նույն ծրագիրը հաջողությամբ կարող էր իրականացնել հենց ինքը: Մասնավորապես՝ «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է 1 մլն 500 հազար դրամ՝ սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում իրականացնելու համար (նախորդ տարի՝ 2016-ին, նույն նպատակով «Երեւան» հիմնադրամից փոխանցվել է 155 մլն 995 հազար 300 դրամ, բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգման եւ պահպանման համար էլ՝ 400 մլն, ընդհանուր՝ մոտ 556 մլն դրամ): Ուշագրավ է, որ նույն՝ սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար «Փյունիկը» ֆինանսավորվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ այդ նպատակով հատկացվել է 161 մլն 975 հազար դրամ: Քաղաքապետարանը ֆինանսավորել է նաեւ «Փյունիկի» մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն ցուցաբերելու համար հատկացրել է 65 մլն դրամ, ջրային կառույցների շահագործման եւ պահպանման համար՝ 28 մլն, տոնական ձեւավորման համար՝ 19 մլն 740 հազար դրամ: Այսինքն՝ միայն Երեւանի քաղաքապետարանից «Փյունիկին» 2017-ին փոխանցվել է շուրջ 275 մլն դրամ:

 

«Փյունիկ» հիմնադրամին ֆինանսավորել են նաեւ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ, որոնց անուններն ու տվյալները, սակայն, նշված չեն հաշվետվության մեջ: Հայտնի է միայն նրանց կողմից փոխանցված գումարի չափը՝ 213 մլն 977 հազար 353 դրամ: Այդ գումարով հիմնադրամն օժանդակել է «ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործմանը, զարգացմանն ու նորագույն սարքավորումներով վերազինմանը, սոցիալապես անապահով խավի, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը»: Թե հատկապես այդ ինչ միջոցառումներ են իրականացվել մասնավորապես ծերանոցների եւ նախադպրոցական հաստատությունների «բնականոն գործունեության» ապահովման համար՝ հայտնի չէ: Ստացվում է, որ ՀՀ-ում այս հաստատությունների «բնականոն գործունեությունը» ոչ թե պետական հիմնարկներն են ապահովում՝ դրա համար փող ստանալով բյուջեից, այլ բարեգործական հիմնադրամները, ի մասնավորի՝ «Փյունիկը»: Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ այս հիմնադրամի եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակներում Երեւանի վարչական շրջաններում տեղադրվում են երեխաների համար նախատեսված խաղասարքեր ու մարզասարքեր, որոնք, մեր տեղեկություններով, «Փյունիկը» ներկրում է Չինաստանից: Ըստ հաշվետվության՝ «Երեւան» հիմնադրամը, որպես նվիրաբերություն, «Փյունիկին» է փոխանցել 1 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ գույք է նվիրաբերել՝ խաղասարքեր եւ մարզասարքեր՝ 64 մլն 259 հազար 51 դրամ արժեքով (նախորդ տարի փոխանցված նույն այդ գույքի գումարը կազմում էր 172 մլն 331 հազար 104 դրամ): Պետբյուջեից Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամին հատկացումներ չեն եղել, իսկ հաշվետու տարում հիմնադրամի կողմից օգտագործված ֆինանսական միջոցները կազմել են 724 մլն 990 հազար 388 դրամ:

 

«Երեւան» հիմնադրամն էլ նախորդ տարի մեծ միջոցներ է ծախսել կանաչապատման, տոնական, մշակութային միջոցառումների համար՝ 550 մլն 744 հազար 427 դրամ, ՀՀ պետական բյուջեից՝ 20 մլն դրամ՝ բարձրահարկ բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման համար, իսկ, ահա, անհատներից եւ կազմակերպություններից փոխանցվել է 1 մլրդ 370 միլիոն 811 հազար 149 դրամ: Այս գումարը, ըստ հաշվետվության, ծախսվել է բարեկարգման, հուշարձանների կառուցապատման, տոնական եւ այլ միջոցառումների կազմակերպման եւ «անապահով խավերին օժանդակության փոխհատուցման համար»: Ուշագրավ է, որ իրականացված ծրագրերի ցանկում նշված է նաեւ «Միջազգային կապերի ինտենսիվ զարգացում» ծրագիրը, որի վրա ծախսվել է մոտ 34,5 մլն դրամ, մեկ այլ ծրագրի վրա էլ՝ տոնական, մշակութային, կրթական միջոցառումների կազմակերպում, հիմնադրամը 353 մլն 623 հազար 501 դրամ է ծախսել: Հիմնադրամը, որպես գույք, ձեռք է բերել նաեւ խաչքարեր՝ 5 մլն 376 հազար դրամի, հաշմանդամի շարժական կամրջակ՝ 1 մլն 760 հազար, համակարգիչ՝ իր լրակազմով՝ 509 հազար, ինչպես նաեւ օֆիսային բազկաթոռ՝ 85 հազար դրամ արժեքներով: «Երեւանին» պետբյուջեից փոխանցված դրամական մուտքերը կազմել են 570 մլն 744 հազար 427 դրամ: Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ըստ հաշվետվության, կազմել է 1 մլրդ 299 մլն 939 հազար 707 դրամ:

ՀԳ. Նշենք, որ հիմնադրամներն ամեն տարի աուդիտ են անցկացնում, եւ հաշվետվություններին կից ներկայացվում են նաեւ աուդիտորական եզրակացությունները: Դատելով դրանցից՝ հաշվետվությունների հետ կապված՝ ամեն բան «ok» է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Be the first to comment on "ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ