Հանցագործները դեռևս ազատության մե՞ջ են․․․Ավանում ցուցարարների մեքենաները ջարդուփշուր արած հանցախմբի երկուսի ինքնությունը հայտնի է

 

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած հանցախմբի անդամներից եւս երկուսի ինքնությունը հայտնի է:

Նրանք եւս հանդիսանում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները. աշխատում են Ավանի թաղապետարանում:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Կարեն Տոնոյանն է. աշխատում է Ավանի թաղապետարանի հարկային բաժնում: Նրա կինը՝ Նատալյա Հակոբյանը, նույնպես թաղապետարանում է աշխատում: Հրապարակված տեսանյութում Կարեն Տոնոյանը կապույտ բաճկոնով եւ բժշկական դիմակով է, ձեռքին՝ մահակ: Համացանցում հրապարկված լուսանկարներից մեկում էլ նա առանց բժշկական դիմակի է: Մեր տեղեկություններով, Կարեն Տոնոյանն այդ օրը ներկա է եղել նաեւ «Հանրային ռադիոյի» պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանի մեքենան ջարդուփշուր անելու «գործին», ինչը մեր զրույցում երեկ հաստատեց հենց ինքը՝ Թադեւոսյանը:

Տեղեկացանք, որ Տոնոյանը դեռ շարունակում է աշխատանքի գնալ, ավելին՝ իրավապահների համար նրա ինքնությունը շարունակում է «անհայտ» մնալ:

 

Կարեն Տոնոյանը

Հանցախմբի մյուս անդամը Էդմոն Պետրոսյանն է. աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: Նա Կարեն Տոնոյանի հետ նույն վայրում է եղել, կրկին՝ բժշկական դիմակով: Նա եւս դասվել է «անհայտների» շարքը:

 

Էդմոն Պետրոսյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ավանում ցուցարարների մեքենան մահակներով ջարդուփշուր անելու գործին լծված են եղել Ավանի թաղապետարանի աշխատակիցները: Ավանում տեղի ունեցած դեպքերով վեց քրեական գործ է հարուցվել, բայց գործով միայն թաղապետարանի մեկ աշխատակից է կասկածյալ՝ այն էլ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Խոսքը՝ Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից, գլխավոր մասնագետ Արթուր Գասպարյանի մասին է. նա կասկածվում է ապրիլի 22-ին Ավանում «Հանրային ռադիոյի» պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանի լրագրողական աշխատանքը խոչընդոտելու մեջ: Այդ օրը ջարդուփշուր էին արել Թադեւոսյանի մեքենան, ձեռքից վերցրել հեռախոսը:

Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը չի շտապում Տարոն Մարգարյանի մտերիմներին, օրինակ՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կասկածյալի կարգավիճակ տալ՝ չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ նրանց տվյալները, լուսանկարները եւ նրանց մասնակցությամբ տեսանյութերը հրապարկված են: Բայց նույն դանդաղկոտությունը նախաքննական մարմինը չի դրսեւորել օրինակ ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ 2016 թվականի հունիսի 20-ին Խորենացիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով հարուցված քրեական գործի ժամանակ. իրավապահները հենց հաջորդ օրը ձերբակալեցին մի քանի ակտիվիստների՝ կասկածելով նրանց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

 

 Տպել

Be the first to comment on "Հանցագործները դեռևս ազատության մե՞ջ են․․․Ավանում ցուցարարների մեքենաները ջարդուփշուր արած հանցախմբի երկուսի ինքնությունը հայտնի է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ