ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲՈՒՀԵՐՆ ՈՒ ԿԳՆ-Ն ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ

 

Երիտհանրապետական, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կուրացիայի տակ գտնվող Հայաստանի երիտասարդական հիմանդրամը, ինչպես ցույց են տալիս այդ կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունները, միլիարդավոր դրամների հետ է գործ ունեցել, ինչպես որ իշխանության բարձր հովանու տակ գտնվող մյուս հիմնադրամները: Արդո՞ք ճիշտ են հիմնադրամների ներքին խոհանոցին լավատեղյակները, երբ այդ կառույցներն անվանում են «լվացքատուն», ակնարկելով, թե այդտեղ իրականում փողեր են լվացվում, բարեգործության անվան տակ գործում են «ատկատների» ու չարաշահումների լավ հղկված սխեմաներ, ասել ենք կարող: Նկատենք, սակայն, որ օրերս Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը իրազեկեց, թե այուհետ բուհեը չեն վճարելու «Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»:

 

Նշենք, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշատոնե ՀՀ վարչապետն է, խոհրդի կազմում են նաեւ մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԿԳ, Սփյուռքի նախարարները, Հայաստան համահայկական հիմնադրամի նախագահը եւ այլք: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողն է ինքը՝ Կարեն Ավագյանը: 2001-ին կառավարության որոշմամբ ստեղծված կառույցն այս ի սկզբանե կոչվում էր «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն», որն իրականացնում էր մի շարք կրթական, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Արդեն 2010-ի հունիսի 9-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, որոշվել է Կենտրոնը վերանվանել Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ: «Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը: Չնայած Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը ստեղծվեց ՀՀ նախագահի, կառավարության հատուկ ուշադրության արդյունքում, սակայն հիմնադրամը որևէ մարմնի սեփականությունը չէ, այլ յուրաքանչյուր հայ երիտասարդինը` անկախ կրոնական, քաղաքական հայացքներից, այն երիտասարդինը, ով հավատում է Հայաստանի վաղվա օրվան, վստահ է իր ուժերին և ի զորու սեփական նախաձեռնությամբ ու հնարավորություններով նպաստել հայրենի երկրի առաջընթացին ու իր բարեկեցիկ ապագայի կերտմանը»,-գրված է ՀԵՀ-ի պաշտոնական կայքում:

 

Ովքե՞ր են գումար նվիրաբերողները

Մենք ուսումնասիրեցինք ՀԵՀ-ի՝ օրենքի պահանջով ազդարար.ամ-ում հրապարակված 2017 թ տարեկան հաշվետվությունը եւ պարզեցինք, որ հաշվետու տարում հիմնադրամը մի շարք ծրագրերի իրականացման վրա ծախել է հսկայական գումարներ՝ հետեւյալ համամասնությամբ՝ կրթության եւ գիտության վրա՝244 մլն 786 հազար 607 դրամ, հոգեւոր, հայրենասիրական, մշակությային դաստարակության վրա՝ 110 մլն, 907 հազար 910 դրամ, առողջ ապրելակերպ՝ 78 մլն, 871 հազար 912 դրամ, սոցիալ-տնտեսակական եւ զբաղվածություն՝ 6 մլն 496 հազար 840 դրամ, միջազգային եւ համահայկական հարաբերություններ՝ 62 մլն, 273 հազար 513 դրամ: Թե հատկապես ի՞նչ ծրագրեր են եղել դրանք եւ որքանով են բավարարվել երիտասարդների սոցիալ-մշակութային, գիտական-կրթական պահանջմունքերը՝ հայտնի չէ:

 

Նշենք, որ հիմնադրամը մոտ 100 հոգանոց աշխատակազմ ունի, որտեղ իսկական բյուրակրատիա է գործում, կառավարչի հետ խոսելու համար նախ պետք է կապ հաստատել լրատվական պատասխանատուի հետ, որն էլ իր հերթին պետք է ուղղորդի՝ որ հարցով ում դիմել: Մեր հարցին՝ հնարավո՞ր է մոտ ապագայում առկախվի ՀԵՀ գործունեությունը, այդպես էլ պատասխան ստանալ չհաջողվեց, որն ակնկալում էինք ստանալ ՀԵՀ կառավարչից: Նշենք, որ խնդրո առարկա հաշվետվության մեջ որպես ֆինանսավորման աղբյուր նշված է ընդամենը մեկ գերատեսչություն՝ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը փոխանցել է 87 մլիոն 711հազար 400 դրամ: Ծրագիրը, որի վրա էլ ծախսվել է այս ահռելի գումարը, նշված է այսպես՝ մարզային, համահայկական եւ միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպոմ: Ուշագրավ են հատկապես հիմնադրամի նվիրաբերողների ցանկն ու կատարված նվիրաբերությունները: Դրանց մեջ են ինչպես հայաստանյան տարբեր ՀԿ-ներ եւ միջազգային կառույցներ, այնպես էլ Հայաստանյան բուհերը: Մասնավորապես ԵՊՀ Հիմնադրամը բուհերի ցանկում ամենամեծ գումար փոխանցած հաստատությունն է՝ նվիրաբերել է 125 միլիոն դրամ, նախորդ տարի՝ 2016-ին, 120 մլն դրամ: Հաջորդը Մ. ՀԵրացու անվան ՊԲՀ-ն է՝ 80 մլն դրա:

Այս բուհը 2016-ին էլ է նույնքան գումար փոխացել: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ն՝ 49 միլիոն դրամ է փոխանցել, 2016-ին՝ 54 մլն, Եր. Պետ. Տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ը՝ 44 մլն, 2016-ին՝ նույնքան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկակակն համալսարան հիմնադրամը ՝ 30 մլն դրամ, 2016-ին՝ 28 մլն 500 հազար, Եր.Բրյուսովի անվան ՊԼՀ ՊՈԱԿ-ը 15 միլիոն դրամ է փոխանցել, 2016-ին՝ 20 մլն 900 հազար դրամ, Ճարտ. եւ շին. Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամը՝ 15 մլն դրամ, 2016-ին՝նույնքան, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ հիմնադրամը՝ 7 մլն դրամ, 2016-ին՝ 4 մլն դրամ, Ազգային ագրարային համալսարան հիմնադրամը՝ 5 մլն դրամ, 2016-ին՝ 14 մլն : Մարզային համալսարանները նույնպես նվիրաբերություն են կատարել. Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամը՝ 9 մլն 500 հազար դրամ, 2016-ին՝ 10 մլն դրամ, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամը՝ 6 մլն դրամ:

Նկատենք, որ 2017 թ. նվիրաբերողների ցանկում նշված են նաեւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, որը 100 մլն դրամ է նվիրաբերել եւ ՀՀ ԿԳ պետական նախարարությունը՝ 92 մլն դրամ նվիրաբերությաբ: Իսկ ահա ՀՀ ԱԺ աշխատակազմը ընամենը 2 մլն դրամ է նվիրաբերել: Առողջապահության համաշխարհային կազմակերության նվիրաբերած գումարը 48 մլն 743 հազար 963 դրամ է, Տաշիր բարեգործական հիմնադրամը, որը ՀՀ-ում իշխանական հովանու ներքո գործող այլ հիմադրամների նույնպես ահռելի գումարներ է փոխանցում (օրինակ՝ «Լույս»), Ավագյանի կուրացիաի տակ գտնվող հիմնադրամին է նվիրել ընդամենը 7 մլն 200 հազար դրամ, իսկ ահա Միջազգային համագործակցության գեմանական խնայբանկերի հիմնադրամը՝ 5 մլն 450 հազար 300 դրամ: Ցանկում են նաեւ ԿՎՆ ուրախների եւ հնարամիտների ակումբ ՀԿ-ն՝ 2 մլն 777 հազար 777 դրամ, Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ՝ 2 մլն 150 հազար դրամ, ինչպես նաեւ մի շարք այլ՝ բնապահպանական, երիտասարդական, կանանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներ,որոնց փոխանցած գումարները, կարելի է ասել, չնչին են նախորդների հետ համեմատած: Դրանք տատանվում են 60-150 հազար դրամի սահմաններում: (Նշենք, որ պետբյուջեից դրամական մուտքերի չափը կազմել է 279 մլն, 711 հազար 400 դրամ: 2016-ին թ. այդ թիվն ավելի մեծ է եղել՝ 319 մլն 888 հազար 100 դրամ):

2017 թ. ֆինանսական տարում оգտագործված միջոցների չափը կազմել է 778 մլն 276 490 հազար դրամ: Նույնքան էլ ծախսվել է կանոնադրական նպատակների իրականացման վրա: Նկատենք, որ ԿԳ նոր նախարարի վերոհիշյալ հայտարարությունից հետո Հիմնադրամի պաշտոնական կայքը օպերատիվ կերպով թարմացվեց: Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի կազմում ներառված նախկին պաշտոնատար անձանց այժմ փոխարինում են նորերը, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւ այլք:

Հեղինա Մանուկյան

Be the first to comment on "ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲՈՒՀԵՐՆ ՈՒ ԿԳՆ-Ն ԱՄԵՆ ՏԱՐԻ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ