«Այսօր թողնել դատավորներին, ասել՝ դուք անկախ եք, արեք՝ ինչ ուզում եք, կբերի շատ վատ հետևանքների». Փաստաբան

 

«Որպեսզի դատարաններն իրականում իրականացնեն արդարադատություն, միայն անկախությունն այն իմաստով, որ իշխանությունները նրանց հրահանգներ չեն տալիս, բավարար չէ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անկախ դատական համակարգ ունենալու համար բավարար է միայն հայտարարելը, որ դատարաններն անկախ են, և պետք է առաջնորդվեն օրենքով:

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ, այսպես թե այնպես, գոնե Վճռաբեկ դատարանին ենթարկվում են դատարանները. «Միայն բացառիկ դատավորներ կան, որոնք վերջին տարիներին իրականում անկախ են և չեն ենթարկվում Վճռաբեկ դատարանի ցուցումներին: Դա էլ հանգեցրել է նրան, որ նրանց դատական ակտերը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվում են, ու վերջնական արդյունքով մենք ունենում ենք ապօրինի դատական ակտ, և անձը զրկված է լինում արդար դատարանի կողմից դատվելու հնարավորությունից: Այսինքն, որպեսզի իրականում մենք ունենանք դատարան, որը պետք է արդարադատություն իրականացնի, մենք պետք է սկսենք նրանից, որ առաջին հերթին պետք է փոխենք Վճռաբեկ դատարանի նախագահին: Պետք է փոխվի քրեական պալատի նախագահը, որովհետև այս տարիների ընթացքում նա ցույց է տվել, որ նա չի ծառայում այն շահերին, ինչի համար գտնվում է այնտեղ: Պետք է փոխվեն դատավորներից շատերը, որովհետև շատ քիչ դատավորներ կան, որոնք իրականում կայացնում են արդար դատական ակտեր: Պետք է նոր դատավորներ ներգրավվեն:

Հասկանալի է, որ ես հիմա խոսում եմ երկար ժամանակահատվածի մասին, որովհետև միանգամից այդ փոփոխությունները չեն լինելու, բայց առնվազն ղեկավար պաշտոններում դատավորների փոփոխությունն անհրաժեշտություն է»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ է Լ. Սահակյանը տեսնում Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Ի պատասխան՝ նա ասաց. «Այո, ես արդեն հնարավորություն ունեցել եմ ասել, որ այդ պաշտոնում տեսնում եմ Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանին»:

Լ. Սահակյանն ընդգծեց, որ իրականում անկախությունը դատական համակարգի համար շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ դատավորները պետք է գիտակ լինեն, որպեսզի նրանց անկախ թողնելու պարագայում՝ լինեն նորմալ դատական ակտեր. «Այսօր թողնել դատավորներին, ասել՝ դուք անկախ եք, արեք՝ ինչ ուզում եք, կբերի շատ վատ հետևանքների: Բացի դրանից՝ դատարանները սարսափելի ծանրաբեռնված են, ու նույնիսկ լավագույն դատավորները չեն կարող իրենց բոլոր գործերով կայացնեն նորմալ դատական ակտեր, որովհետև իմ տեղեկություններով՝ դատավորներն իրենց վարույթներում ունեն մինչև 60-70 գործ: Սա արդեն իսկ այն թիվն է, որ խոսում է ինքն իր մասին, և ակնհայտ է, որ դատարանները չեն կարող նման քանակությամբ գործերի պայմաններում կայացնեն նորմալ դատական ակտեր: Ավելին, իմ կարծիքով՝ պետք է նաև դատավորները ստանան բարձր աշխատավարձ և պետք է պայքարեն, որ կոռուպցիան վերանա դատարաններում: Այսինքն՝ պետք է նորմալ աշխատավարձ տրամադրեն ու հետևեն, որ յուրաքանչյուր կոռուպցիայի դեպքում դատավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այսինքն՝ սա շատ լուրջ աշխատանք է պահանջում, մեկ օրվա հարց չէ, բայց այսօր արդեն իսկ պետք է սկսել փոփոխությունից»:

 

Մեր զրուցակիցը նաև տեսնում է նախաքննություն իրականացող մարմինների ղեկավար կազմի փոփոխության անհրաժեշտությունը: Հարցին՝ իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ Լ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմն արդեն իսկ այն կազմն է, որ չեն կարող իրականացնել այն լիազորությունները, որոնց համար իրենք լիազորված են: Այդ կազմն ինքն իրենով արդեն իսկ խոսում է նրա մասին, որ մենք չենք կարողանա ունենալ նորմալ դատական համակարգ և նորմալ դատարաններ: Ինչ վերաբերվում է քննչական մարմիններին, ես գտնում եմ, որ միանշանակ է, որ Հատուկ քննչական ծառայության պետը պետք է փոխվի, և միանշանակ է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է փոխվի»:

Մեր ճշտող հարցին՝ իսկ Դատախազը չպե՞տք է փոխվի՝ Լ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Նրա մասին ես նույնը չեմ կարող ասել, որովհետև, համենայն դեպս, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ, իհարկե, լուրջ թերություններով հանդերձ, որոնք պայմանավորված էին հենց իշխանությունների համապատասխան պատվերներով, Գլխավոր դատախազի փոփոխությունից հետո՝ շատ գործերում փոփոխություններ տեղի ունեցան և կարծում եմ՝ ուղղակի իշխանության փոփոխությամբ պայմանավորված՝ նրա առջև դրված նպատակներով պայմանավորված՝ Գլխավոր դատախազն ի զորու է կատարել այդ պարտականությունը»:

Լ. Սահակյանի դիտարկմամբ՝ համակարգն այնպիսին է եղել, որ պատվեր չկատարողներ չեն եղել. «Մենք պետք է հասկանանք, որ այդ պատվերներն իրականացրել են լավագույն մասնագիտական գիտելիքներ ունեցող անձինք: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ այսուհետ այդ նույն անձանց առաջ պետք է դրվի այն սկզբունքը, որ այսուհետ չեն լինելու ապօրինություններ, դուք ազատ պետք է լինեք, պետք է գործեք անկաշկանդ, բայց՝ միայն օրենքի սահմաններում: Մենք պետք է փակենք այն էջը, որ պետք է ասենք՝ նա պատվեր է կատարել, մյուսը պատվեր է կատարել: Նորից եմ կրկնում՝ պատվեր կատարել են լավագույն մասնագետները, մենք չենք կարող ձերբազատվենք նրանցից: Եթե այդպես լինի, մեր համակարգերը կդատարկվեն»:

Be the first to comment on "«Այսօր թողնել դատավորներին, ասել՝ դուք անկախ եք, արեք՝ ինչ ուզում եք, կբերի շատ վատ հետևանքների». Փաստաբան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ