Գլխավոր դատախազն ու ԲԴԽ-ն ընտրովի են, ու որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանության տարանջատման սկզբունքին. Ա. Զեյնալյան

 

Բարձրագույն դատական խորհուրդն ու գլխավոր դատախազն ընտրվել են, և որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ մինչև գլխավոր դատախազին չփոխեն՝ արդարադատության ոլորտը չի բարեփոխվի, Արտակ Զեյնալյանն ասաց. «Գլխավոր դատախազն ընտրման մեխանիզմով է ընտրվել, մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանության տարանջատման սկզբունքին»:

Հարցին, թե ինչպես է նախարարը պատկերացնում արդարադատության անցումային փուլում ոլորտի առողջացումը, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդտեղ բավականին անելիք ունի Բարձրագույն դատական խորհուրդը, և օրենսդիր մարմինը պետք է ընդունի օրենքներ, որոնք կերաշխավորեն դատական իշխանության անկախությունը. «Ասենք՝ բեռնաթափեն դատարանները, որ արդյունավետ քննություն անցկացնեն, պահպանեն ողջամտության ժամկետը, դատավորների սոցիալական և ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներ տրվեն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ԲԴԽ-ի փոփոխություն, նոր ընտրություններ նախատեսվո՞ւմ են, հաշվի առնելով նախկին անվստահության մթնոլորտը, Զեյնալյանն ասաց. «Ես չեմ կիսում Ձեր տեսակետը: Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է, և այն աշխատում է»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց աջակիցների պահանջին ու բողոքի ակցիաներին, Արտակ Զեյնալյանն հիշեցրեց, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այդ մասին, խնդրի մասին խոսել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը:

«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ էր, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցել՝ չպետք է բացառենք, որ դա կարող է հակասել ուրիշների շահերին: Սա պետք է օբյեկտիվ քննություն ստանա»,–ասաց նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելուն՝ նախարարն ասաց, որ գործելու է ոչ թե կոռուպցիայի, այլ անմեղության կանխավարկածը. «Որևէ շեղում անմեղության կանխավարկածից չի լինելու»:

Հարցին, թե նախկին բոլոր կառավարությունները ստեղծել են հակակոռուպցիոն մարմին, այս մեկն ինչո՞վ է տարբերվելու, Արտակ Զեյնալյանն ասաց. «Սա դեռևս հայեցակարգ է, այն պետք է մշակվի, կհաջողենք, թե ոչ՝ պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք ու ինչ միջոցներ կներդնենք»:

Ի պատասխան հարցի, թե նախկինում կատարված հնարավոր կոռուպցիոն գործերին անդրադարձ կատարվելու է, թե ոչ, Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: 

Բեթղեհեմ Արաբյան

Be the first to comment on "Գլխավոր դատախազն ու ԲԴԽ-ն ընտրովի են, ու որևէ գործողություն չի կատարվելու, որը հակասելու է իշխանության տարանջատման սկզբունքին. Ա. Զեյնալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ