Տղայիս տարան ծառայության, թեև ասում էին՝ ոչ պիտանի է, հիմա էլ ծանր վիրահատություն է տարել, սակայն չեն ազատում. Թեհմինե Գյումրիկյան

 

Ժամկետային զինծառայող Աշոտ Գյումրիկյանի մայրը` Թեհմինե Գյումրիկյանը, Tert.am-ին ահազանգել է, որ իր երեխան առողջական խնդիրներով հանդերձ զորակոչվել է բանակ և հիմա էլ առողջական վիճակը վատացել է, վիրահատվել է, սակայն նրան չեն ազատում ծառայությունից:

«Նա հունվար ամսին է բանակ գնացել, մինչև վերջ մեզ ասում էին, որ նա ոչ պիտանի է ծառայության համար, ունի լսողության հետ խնդիրներ, խրոնիկական թարախային հոսք, ունի ուսի վրա խալ`վեցը չորսի վրա, որի դեպքում իրավունք չունի ավտոմատ կրել, ունի դիմածնոտային խնդիր:

Սահմանափակումներով երեխան մտել է զորամաս, մտած օրվանից երեխան պառկած է եղել բուժկենտրոնում, այնտեղի բժիշկը՝ Գրիշա Ավագյանը, ուղարկել է Մեղրիի քաղաքային հիվանդանոց, այնուհետև ուղարկել են Սիսիանի հոսպիտալ, իսկ քսան օր պահելուց հետո ուղարկում են Երևան»,- ասաց նա:

Նա նշեց, որ հիմա տղան Երևանի «Մուրացան» հոսպիտալում է: «Մի քանի առաջ բավականին ծանր վիրահատություն է տարել, հայմորիտ էր առաջացել, աչքերի տակ կիստաներ էր առաջացել»,-ասաց նա:

Զինծառայողի մայրը պատմեց, որ Արտաշատի զինկոմիսարիատի պետն ասել է թող գնա բանակ, եթե իր ունեցած հիվանդությունների հետ նաև գրիպով հիվանդանա, այսպես, թե այնպես կզորացրեն, հակառակ դեպքում՝ եթե այս տարի չզորակոչեն, ապա դա կանեն հաջորդ տարի, երբ առողջական խնդիրներ այլևս չունենա, իսկ տղան չի ուզել իրենից փոքրերի հետ գնալ ծառայության:

Թեհմինե Գյումրիկյանն ասաց, որ դիմել է Պաշտպանության նախարարություն, որտեղ ասել են, որ դիմի` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, որտեղից էլ ուղարկել են նորից ՊՆ:  «Մուկն ու կատու են խաղում, իսկ այդ գնալ գալն էլ իրականում խնդիր է ինձ համար»,-ասաց նա:

Զինվորի մայրն ասաց, որ եթե օրենքով հասնում է, որ իր տղան ծառայության տանեն, թող տանեն: «Սիսիանի հոսպիտալի պետը` պարոն Գրիգորյանն ասաց, որ նման երեխաները ծառայում են ինչ-որ մեկի փոխարեն»,- ասաց նա և նշեց, որ պահանջում է նոր հետազոտություն անցկացնեն և արդար որոշում կայացնեն, թե իր երեխան պիտանի՞ է ծառայության, թե՞ ոչ, քանի որ բանակում հնարավոր է երեխայի վիճակն ավելի վատանա:

«Եթե իրենց համար մի զինվորի կյանքը արժեք չունի, ապա նա իմ երեխան է»,- ասաց նա:

Հարցի վերաբերյալ Tert.am պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ խնդիրն ուսումնասիրում են և առաջիկայում կարձագանքեն:

ԼԻԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Be the first to comment on "Տղայիս տարան ծառայության, թեև ասում էին՝ ոչ պիտանի է, հիմա էլ ծանր վիրահատություն է տարել, սակայն չեն ազատում. Թեհմինե Գյումրիկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ