Փաշինյանն առաջարկում է դատվել նոր Հայաստանում. «Սասնա Ծռերը» առաջարկում են մոռանալ սպանությունները

 

Մենք, դեռ ապրիլի 30-ին, մեր  «Դժվար օրեր Փաշինյանի համար. ազատ կարձակվե՞ն «Սասնա Ծռերը»» վերտառությամբ հոդվածում նշել էինք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում առաջին ռեալ խնդիրը, որին բախվելու է Փաշինյանը՝ լինելու է «Սասնա Ծռերի» գործը: Մենք նշել էինք, որ Փաշինյանը նրանց չի համարել քաղբանտարկյալներ, բայց միևնույն ժամանակ չի համարում ահաբեկիչներ  և այս իրավիճակը թույլ չի տալու Փաշինյանին արագ ու հստակ քայլեր իրականացնել:

 

Եվ ահա մեր հրապարակումից 18 օր անց ներքաղաքական դաշտում ամենաքննարկվող թեման «Սասնա Ծռերի» շտապ ազատ արձակման հարցն է: Այս հարցի կապակցությամբ օրերս խոսեց վարչապետ Փաշինյանը՝ իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ.«Շատերը կարծում են, թե պետք է գնանք բանտերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ու օրինական ճանապարհ չէ։ Մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների միջոցով։ Այդ հարցով ես զբաղվում եմ ու կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտեր, դռները բացեմ ու ասեմ՝ տղերք, դուրս եկեք», — մասնավորապես ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի դատարանի դահլիճում արված հայտարարությունը: Ավետսյանը մասնավորապես ասաց. «Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով դա նկատի ունենանք այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին, սրանք միջոցներ, մեթոդներ, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետև այն ազգը, որը մերժում է  ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբերին, դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման, հայրենազրկման։

 

Մեր ժողովուրդը հասկանում է սա ու թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները և ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առևտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ և մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշևիկյան գաղութատիրական համակարգի մեջ և խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը։ Դա տեղի չի ունենալու», — հայտարարել է Վարուժան Ավետիսյանը։

Այս հայտարարությունից հետո, «Սասնա Ծռեր» խմբի տասնյակ աջակիցներ, փակեցին Արշակունյաց փողոցը, որը քաղաքի ամենաբանուկ  հատվածներից մեկը կաթվածահար արեց: Երեկոյան արդեն ցուցարարները վրաններ տեղադրեցին փողոցում: Իհարկե ցուցարարները հայտարարում են, որ ակցիան դատական իշխանության դեմ է, սակայն ստեղծված իրավիճակը աշխատում է հենց Փաշինյանի կառավարության դեմ:

Մյուս կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չի հստակեցնում իր տեսակետը՝ ավելին նա հայտարարել է, որ «Սասնա Ծռերի» գործով պետք է լինի հանրային քննարկում, որին պետք է մասնակցեն նաև զոհված ոստիկանների հարազատները: «Սասնա Ծռերն» էլ, նրանց աջակիցներն էլ հասկանում են, որ Փաշինյանը այս պահին առաջարկում է պատասխանատվություն կրել օրենքի առաջ ոչ որպես ապստամբներ, այլ որպես օրենք խախտած քաղաքացիներ: Իսկ Վարուժան Ավետիսյանը հայտնվել է մեկ այլ ծայրահեղության մեջ, երբ հայտարարում է, որ անգամ սպանությունները պետք է դիտարկել, որպես ապստամբության մաս ու հետևվաբար չպետք է լինեն պատասխանատվություն կրողներ նաև այդ մասով:

Be the first to comment on "Փաշինյանն առաջարկում է դատվել նոր Հայաստանում. «Սասնա Ծռերը» առաջարկում են մոռանալ սպանությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ