«Ստվերի 30 տոկոսը հարկելով՝ 180 միլիոն դոլար կարելի է բերել ՀՀ պետական բյուջե». Արտակ Մանուկյան

 

«Այն, որ ներկայիս վարչապետը ժողովրդի ընտրյալն է և լիուլի հանրային աջակցություն է վայելում, սա բավականին մեծ քարտ բլանշ է տալիս ավելացնել եկամտային մասը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա նշեց, որ այժմ մենք ունենք 2.5 միլիարդից մինչև 4 միլիարդ չհարկվող գործունեություն՝ ստվեր, որը պետական բյուջե չի մտնում: Տնտեսագետի համար հասկանալի է, որ ստվերն այնպիսի բնագավառ է, որ ամբողջովին հարյուր տոկոսով մաքուր հարկել հնարավոր չէ. «Բայց սրա 30 տոկոսը կարճաժամկետ կտրվածքով կարելի է հարկել: Եթե 30 տոկոսը տեսնում ենք և հարկում, սա հնարավորություն է ստեղծում, որ հավելյալ եկամտային մասը՝ մոտ 180 միլիոն դոլարը, գեներացնենք: Եվ ամեն բնակիչ կարող է ակնկալել ամսական մոտ 2500 դրամի եկամտի բարձրացում»: Պարոն Մանուկյանի բնութագրմամբ՝ երկրորդ կարճաժամկետ էֆեկտը զուտ եկամտի բարձրացումն է:

Նա պարզաբանեց. «Եթե մենք պետական բյուջեի ծախսերի արդյունավետ բարձրացում ենք ապահովում, զուտ եկամուտն էլ է ավելանում: Այս մասով որոշակի քայլեր կան. այն, որ ԿԳ նախարարը հայտարարում է գործուղումների կրճատման մասին, դա ուղիներից մեկն է: Մանրամասն վերլուծությունները կներկայացնենք: Սա բարձիկ է, որով ավելացնում ենք բյուջեի եկամտային մասը»: Տնտեսագետը հիշեցրեց, որ հարկային տարատեսակ արտոնությունների միջոցով մենք բավականին մեծ թերստացումներ ենք ունեցել պետական բյուջեում: Արտակ Մանուկյանն այս առիթով վկայակոչեց հարկային համաներման պրակտիկան. «Հասկանալի է, որ ունենք միտումնավոր և ոչ միտումնավոր թերհայտարարագրումներ ենք ունեցել: Այս մասով կամավոր հայտարարագրման մեխանիզմը պետք է ներդնենք: Ասում են՝ հնարավոր է, որ դուք հարկային օրենսդրության փոփոխությունից ելնելով կամ տարատեսակ ստվերային դաշտում գործունեություն ծավալելու ընթացքում հարկեր չեք հայտարարագրել: Ժամանակ ենք տալիս, երեք ամսվա ժամանակահատվածում վերանայեք ձեր պարտավորությունները:

Ժամանակացույց ֆիքսելով՝ մենք կարողանում ենք այդ հարկային պարտավորություններն առաջին պլանում ֆիքսել և մեկից երեք տարվա ընթացքում իրենց բնականոն գործունեությունը չխաթարելով՝ կարողանան իրագործել»: Դառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արտակ Մանուկյանը հավաստիացրեց, որ այստեղ հասցեական աջակցություն է պետք. սուբսիդիաներն աջակցություն են նրանց, որոնք զբաղվում են ներկրմամբ. «Դիզվառելիք, սերմեր, շատ ավելի լավ մեխանիզմներ կան՝ վարկավորման պայմաններ, իրական աջակցություն: Օրինակ՝ մարդը ժամանակ չունի անգլերեն պայմանագրեր կարդալ, ռուսերեն առևտրաշրջանառությունը համաձայնեցնել, մարդը պետք է իրենց տանի:

Շատերն են խոսում ինովացիոն գյուղատնտեսության մասին, համակարծիք եմ: Աշխարհում գյուղատնտեսական կոոպերատիվներին են ավելի համար պայմաններ տրամադրվում, գյուղատնտեսական ապահովագրությունն է գործում: Պետության հիմքում պետք է ոչ թե կոմերցիան լինի, այլ սոցիալական ուղղվածությունը: Սա է այն հիմքը, որը մարդուն ամրակցում է իր երկրին»: ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը զգուշացրեց՝ լուրջ խնդիրներ կան, որ հուլիսի 1-ից կանգնելու ենք դրանց առաջ. «Եթե հիմա արագընթաց այս հարցերը չլուծենք, այս բողոքի ցույցերին մասնակցելու են այլ ոլորտային խմբեր, օրինակ՝ հանրային սննդի այն հատվածը, օրինակ՝ ռեստորանները, ում հարցը կիսատ-պռատ լուծվեց»: Պարոն Ավագյանը դեմ է քաղաքացիներին իրար դեմ հանելուն. «Չի կարելի երկու քաղաքացիներին հանել իրար դեմ և գնալ ասելու ՀԴՄ կտրոն տուր, կամ ասել «Սիթիներից» առևտուր մի արեք: Խոշոր առևտրային ցանցերը մի այլ գերակա խնդիր է, որը մենք թողել ենք տարիների ընթացքում: Իրենք խոշոր մասն են վերցրել մանրածախ առևտրի, և քանի որ գերակա դեր ունեն, իրենք են օրենսդրությունից դուրս օրենք թելադրում: Էմոցիոնալ հայտարարություններից վեր կանգնել է պետք: Ունենք մարդիկ, որոնք հայտարարում են՝ հանքերը փակենք, բայց թվերին եթե նայենք, եթե հանքերը փակեցինք, խոշոր հարկատուներին ասենք՝ չեք աշխատում, դա խնդիր կլինի»: Դառնալով ՓՄՁ-ների ոլորտում այս պահին գոյություն ունեցող ամենահրատապ խնդիրներին՝ Հակոբ Ավագյանը թվարկեց. «Հարց է՝ ի վերջո մյուս տարվանից ԱԱՀ շեմն իջնելո՞ւ է, թե՞ ոչ: Բնական է՝ այդ շեմն ուղիղ կապակցված է այն նույն խնդրի հետ՝ արդյոք գերփոքր բիզնեսները շարունակելո՞ւ են իրենց հասույթը թաքցնել: Կամ օրինակ, եթե ոլորտային նայենք. առևտրի ոլորտում, որոնք փոքր ներմուծող են, գերակա մնում են թերհայտարարագրումների խնդիրները: Նախորդ կառավարության օրոք դա լուծվեց՝ ևս մեկ մենաշնորհ ստեղծելով՝ «ՆորՖոլկ քոնսալթինգ» ընկերությամբ»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/17/957581/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Ստվերի 30 տոկոսը հարկելով՝ 180 միլիոն դոլար կարելի է բերել ՀՀ պետական բյուջե». Արտակ Մանուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ