Ես կրկին վերածնվեցի. Ջուլիա Սաղաթելյանը՝ հեռուստատեսային երկարատև դադարի և ավտովթարի ենթարկվելուց հետո կրկին նկարահանվելու մասին

 

2015-ի հոկտեմբերին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից հետո դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը ստիպված եղավ բավականին երկարատեւ բուժվել, եւ չնայած նա դեռեւս լիովին չի կազդուրվել, սակայն արդեն նկարահանվում է «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է կրկին հարազատ աշխատանքին անցնելու զգացողությունների եւ ապագա ծրագրերի մասին:

«Երկու տարուց ավել է, ինչ ինձ մոտ էկրանային դադար էր: Եվ հենց դա էր պատճառը, որ «Կարմիր բլուր»-ում նկարահանվելու առաջին օրն ինձ մոտ բոլորովին այլ զգացողություններ էին, նույնիսկ այն ժամանակ, երբ ես նոր էի սկսում իմ գործունեությունը, այդպիսի էմոցիաներ չէի ունեցել: Շատ էի կարոտել այն ամենը, ինչ կապված է նկարահանման հետ, ինչպես նաև ինձ միշտ հետաքրքիր է եղել ծանոթանալ նոր մարդկանց հետ, իսկ «Կարմիր բլուր»-ն ինձ կրկին տվեց այդ հնարավորությունը»,-իր զգացողություններով կիսվեց դերասանուհին՝ ավելացնելով.

 

«Մտածում էի, որ գուցե մասնագիտական ինչ-որ բաներ մոռացած լինեմ կամ  հմտություններս այլևս այն չլինեն, բայց, Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ անցավ, սերիալի անձնակազմը և ստեղծագործական կազմը գոհ մնաց ինձանից: Կարելի է ասել, որ շնորհիվ «Կարմիր բլուր»-ի՝ ես կրկին վերածնվեցի որպես դերասանուհի, քանի որ վախենում էի, որ այս երկար դադարից հետո գուցե առաջարկներ այլևս չլինեն»,- նշեց Ջուլիա Սաղաթելյանը:

Հարցին, թե արդյո՞ք կար անհանգստություն այն առումով, որ ինքը մուտք է գործում սերիալ ոչ թե մեկնարկից, այլ՝ ընթացքից, հատկապես այն դեպքում, երբ սերիալն արդեն սիրված է և ունի բարձր վարկանիշ, Ջուլիա Սաղաթելյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ դրա մասին չեմ մտածել: Յուրաքանչյուրը հայտնվում է սերիալում իր սեփական կերպարով, այլ հարց է, թե այդ կերպարը կսիրվի կամ վարկանիշ կբերի, թե՝ ոչ: Եթե ինձ մոտ ստացվում է լրացնել այն դերասանական խումբը, որն արդեն կազմավորված է, ուրեմն ես ճիշտ ուղու վրա եմ և կշարունակեմ այդ ուղով գնալ»,- նկատեց դերասանուհին:

Վերջինս, սակայն, գերադասեց  չպատմել իր կերպարի շուրջ ծավալվող առաջիկա իրադարձություններից՝ նշելով, որ չի ցանկանում բացել փակագծերը.

«Կարծում եմ՝ հետաքրքիր չի լինի, եթե ես պատմեմ իմ կերպարի գաղտնի կողմերի մասին: Այս պահին իմ հերոսուհու հետաքրքրությունը կայանում է նրանում, որ ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչու է հայտնվել և իրականում ով է: Գիտեմ, որ շատ հեռուստադիտողներ փորձում են իրենց վերլուծություններն անել այս առումով, փորձում են կռահել, թե ինչումն է կայանում հերոսուհուս առեղծվածային լինելը, ինչն էլ իր հերթին հետաքրքրություն է առաջացնում նրա շուրջ»,- շեշտեց Ջուլիա Սաղաթելյանը:

Խոսելով իր խաղընկերների մասին՝ վերջինս ասաց.

«Սերիալում իմ առաջին խաղընկերը եղավ երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը, ում հետ իմ խաղը միանգամից ստացվեց: Մենք չխանգարեցինք, այլ հակառակը՝ որպես դերասաններ զգացինք միմյանց, ինչպես որ պետք է լիներ: Ինձ շատ հաճելի է խաղալ նրա հետ միասին: Ես ինքս էլ զգում եմ, որ իմ խաղով որևէ նեղություն չեմ տալիս, բայց, իհարկե, պահեր լինում են, երբ այս կամ այն տեսարանը փոքր ինչ դժվար է նկարահանվում, դա էլ, կարծում եմ, երկարատև դադարիս արդյունքն է: Պետք է ասեմ, որ մեզ մոտ շատ ջերմ մթնոլորտ է: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ես մտել եմ մի ընտաանիք, ուր վաղուց չէի եղել»,- նշեց Ջուլիա Սաղաթելյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր առողջական վիճակին, դերասանուհին պատմեց, որ թեև ավտովթարից արդեն երկար ժամանակ անցել, բայց ինքը դեռևս ամբողջովին չի ապաքինվել.

«Դեռ ամբողջովին վերականգնված չեմ, բայց քանի որ արդեն աշխատում եմ, ինձ համար ամեն ինչ երկրորդական է դարձել: Աշխատանքս ինձ նաև առողջություն է բերում, ես ինձ շատ լավ եմ զգում, անգամ, երբ ինչ-որ ցավ եմ զգում, դա ինձ հաճելի է թվում: Այս պահին ես իսկապես շատ երջանիկ եմ»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Ես կրկին վերածնվեցի. Ջուլիա Սաղաթելյանը՝ հեռուստատեսային երկարատև դադարի և ավտովթարի ենթարկվելուց հետո կրկին նկարահանվելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ