Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին ցույց է տվել Փարիզում life.ru-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովի անշարժ գույքը (լուսանկարներ, տեսանյութ)

 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ասել է, որ իրեն հաջողվել է արտասահմանում գտնել life.ru լրատվամիջոցի հիմնադիր, ինչպես նա է ասում՝ «պուտինյան քարոզչամեքենայի մասնակից» Արամ Գաբրելյանովի անշարժ գույքը: Նրա խոսքով՝ 2009 թվականին Արամ Գաբրելյանովի և նրա որդի Աշոտի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը 1,9 միլիոն եվրոյով բնակարան է գնել Փարիզի արվարձանում: 2017 թվականին, ինչպես հայտնում է Նավալնին, Գաբրելյանովները վերաձևակերպել են բնակարանն իրենց անունով՝ դրա համար վճարելով ևս 300 հազար եվրո:

Նավալնին հիշեցրել է, որ Գաբրելյանովը մինչ այժմ հերքում էր արտասահմանում անշարժ գույքի առկայության մասին տվյալները, ավելին՝ նա հայտարարել էր, որ անշարժ գույքը կնվիրի նրան, ով այն կգտնի:

2016 թվականի ամռանը «Շայտայ-Բալտայ» խմբի հաքերները հրապարակել էին «Լայֆ» լրատվամիջոցի հիմնադրի և մեդիամենեջերի նամակագրությունը:

Նամակներից մեկում հիշատակվում էր Լազուրյան ափին պենտհաուս: Գաբրելյանովն այդ ժամանակ մասամբ հաստատել էր համացանցում տեղադրված նամակագրության իսկությունը:

149 քառակուսի մետր տարածքով բնակարանը գտնվում է Բուլոնյան անտառի հարևանությամբ՝ 74 Boulevard Maurice Barrès հասցեում:

Գաբրելյանովն ի պատասխան հայտնել է Facebook-ի իր էջում, որ վաղուց է այդ բնակարանը գնել՝ «իր իսկ վաստակած գումարով»:

Be the first to comment on "Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին ցույց է տվել Փարիզում life.ru-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովի անշարժ գույքը (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ