Միանշանակ Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան (Ֆոտո)

 

Ես կարծում եմ, որ ժողովուրդն իր պահանջով իրավունք ունի լինի Երեւան քաղաքին պատկանող շենքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի շենքում հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այսօրվանից արդեն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով հրաժարականի պահանջին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Քաղաքապետը պետք է իր որոշումը կայացնի: Նորմալ քաղաքական իրողություն է, որ երբ քաղաքական թիմը հեռանում է, ապա ամբողջությամբ է հեռանում: Էլ չեմ ասում այն տարիների մասին, երբ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն ղեկավարել են Երեւան քաղաքը: Միանշանակ Տարոն Մարգարյանը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները որպես քաղաքան թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով եւ ի վերջո, իրենց արածներով «զմայլցված» լինելով, պետք է շուտափույթ հեռանան: Չի կարելի մտածել, թե այս շարժումը կմարի, կամ այս երիտասարդներին ի՞նչ են ասելու, ասելու են՝ դե լավ, թող Տարոն Մարգարյանը մնա աշխատի՞: Ի՞նչ է նա ասելու երիտասարդների հետ հանդիպման ժամանակ»:

 

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում 25-ից ավելի ծառերի հատմանը եւ նախագծին, նա նշեց. «Ես տեսել եմ այդ այգու նախագիծը, որտեղ որեւէ խոսք չի եղել ծառեր հատելու մասին: Եղել են մայթերի, շատրվանների  բարեկարգում»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցներին, այդ թվում դպրոցի տնօրենների են բերել քաղաքապետարանի մոտ, որ պաշտպանեն նրան: Նրա խոսքով, նույնկերպ քաղաքապետարանի երրորդ հարկում, որտեղ միջանցքում հավաքված են ցուցարարները, քաղաքապետարանի աշխատակիցներին եւս դուրս են բերել աշխատասենյակներից եւ նրանք գտնվում են միջանցքում: Նա կարծիք հայտնեց, որ սա սադրանք հրահրելու փորձ է, բայց նման բան չի լինի:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Ալեքսանդր Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

 

Նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

«Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, Երեւանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երեւան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաեւ հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», — ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Be the first to comment on "Միանշանակ Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ