«Այ քեզ բան». Սերժը տեղյակ չի եղել իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ սկսվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա երկու ընկերների՝ Գևորգ Խաչատրյանի ու Սամվել Քրմոյանի գործի դատական քննությունը:

Սա նոր քրեական գործ է. Սերժ Վարդանյանը, փաստորեն, միանգամից երկու դատարանում է դատվում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում արդեն մի քանի տարի է՝ քննվում է մեկ այլ քրեական գործ՝ Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա մեկ այլ ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի վերաբերյալ՝ նրանց  մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այդ գործը դատարան մուտք է եղել մոտ 4 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին, և դատական քննությունը դեռ ավարտին չի մոտեցել:

Ըստ Կենտրոնում քննվող գործով առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Շենգավիթում քննվող ներկա գործով Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված երկու դրվագով:

 

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանի Հր. Քոչար փողոցում Կարեն Գ.-ի վարած «Օպել Աստրա» մեքենայի սրահում Սերժ Վարդանյանը քաշել-պոկելու եղանակով հափշտակել է նույն այդ Կարեն Գ.-ի պարանոցի ոսկե շղթան՝ 148 հազար դրամ արժողությամբ:

Այս արարքի համար Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված բացահայտ հափշտակության՝ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:

Երկրորդ դրվագով, ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի Ն. Զարյան փողոցում գործող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի թիվ 3 առանձնասենյակում Սերժ Վարդանյանն ու նրա հետ ներկա քրեական գործով ամբաստանյալի աթոռին գտնվող Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Քրմոյանը բարձրաձայն հայհոյանքներ են տվել, ինչի պատճառով ռեստորանի հաճախորդները հեռացել են: Այնուհետև Սերժ Վարդանյանն ու ընկերները վիճաբանության մեջ են մտել ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գ.-ի հետ, հարվածել են նրան՝ աչքի շրջանում պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Այս դրվագով ինչպես Սերժ Վարդանյանին, այնպես էլ Գևորգ Խաչատրյանին ու Սամվել Քրմոյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալների եռյակից կալանքի տակ է միայն Սերժ Վարդանյանը: Մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն  է բնակության վայրից չհեռանալու մասին:

Սերժ Վարդանյանի ինքնությունը ստուգելու ժամանակ նախագահողի հարցին՝ նա նախկինում դատապարտված եղե՞լ է, Սերժը պատասխանեց, թե չի հիշում, ապա դատարանի օգնությամբ վերհիշեց, որ երեք ամիս ազատազրկման է դատապարտված եղել գույքի ոչնչացման մեղադրանքով 2016 թվականի մայիսի 25-ին կայացված դատական ակտով:

Ներկա քրեական գործով նախագահողը հիշեցրեց, որ Սերժ Վարդանյանը մեկ օր հետախուզման մեջ է եղել: Ինքը՝ Սերժը հայտարարեց, որ տեղյակ չի եղել իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին:

Ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանը, պարզվեց, այս գործով մեղադրական եզրակացությունը, որ նրան ուղարկվել էր փոստով, հրաժարվել է ստանալուց, նամակը վերադարձվել է դատախազություն՝ «Չի պահանջվել» նշումով:

Գործով մեղադրողը դատարանում առձեռն Գևորգ Խաչատրյանին հանձնեց մեղադրական եզրակացությունը:

Մեղադրական եզրակացությունը ամբաստանյալի կողմից դատական նիստից առնվազն երեք օր առաջ ստացած չլինելը արդեն իսկ հիմք էր դատական նիստը հետաձգելու համար:

Գևորգ Խաչատրյանի ինքնությունը ստուգելու ժամանակ դատարանը ամբաստանյալից տեղեկացավ, որ նրա վերաբերյալ քրեական գործ է քննվել խուլիգանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, և նա… արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նախագահողը տարակուսեց, որ այս փաստի վերաբերյալ քննիչի կողմից գործի նյութերում որևէ տեղեկություն նշված չէ: Նախագահողը նշեց. «Կիսատ-պռատ իրավիճակ է… Մի՞թե քննիչը չի իմացել այդ մասին…»: Նախագահողը հանձնարարեց, որ մեղադրող դատախազը հաջորդ նիստին տեղեկություն ներկայացնի Գևորգ Խաչատրյանի վերաբերյալ կայացված դատական ակտի մասին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Քրմոյանը 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտով մեղավոր են ճանաչվել խմբի կազմում բռնության գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝  258 հոդվածի 3-րդ մասով: Դատարանը վերաորակել է ի սկզբանե 258 հոդվածի 4-րդ մասով որակված արարքը:

Գևորգն ու Սամվելը մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ 2013 թվականին Երևանի «Բրիջ» ակումբում անհիմն վիճաբանել են ակումբի տնօրենի, մենեջերների հետ, վիճաբանության ընթացքում  հարվածներ են հասցրել մենեջերուհու եղբոր գլխին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս: Գևորգն ու Սամվելը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, ու նրանք անհապաղ ազատ են արձակվել դատարանի դահլիճում:

Այս դատական ակտը անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է այն, գործն ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարան՝ նոր քննության:

2017 թվականի սեպտեմբերի 29-ի դատական ակտով Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Քրմոյանը լիովին արդարացվել են՝ նրանց արարքներում… հանցակազմի բացակայության հիմքով:

Այս արդարացման դատական ակտը ներկայումս բողոքարկվում է վերաքննիչ քրեական դատարանում:

Արդարացման դատական ակտի կայացումից երկու ամիս անց, երևի դատական արդարացումով ոգևորված՝ 2017 թվականի նոյեմբերի 26-ին, ըստ ներկա քրեական գործով առաջադրված մեղադրանքի, Գևորգը, Սամվելը, նրանց հետ նաև Սերժ Վարդանյանը աղմկել, վեճուկռիվ են արել արդեն «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում…

Քանի որ Գևորգ Խաչատրյանի ու Սամվել Քրմոյանի շահերի պաշտպանները հանրային պաշտպանի գրասենյակի խիստ ծանրաբեռնված փաստաբաններ են, դատական հաջորդ նիստ հնարավոր եղավ նշանակել հունիսի 6-ին: Այդ հանգամանքն առաջացրեց  Սերժ Վարդանյանի փաստաբան Ս. Ջաղինյանի զայրույթը: Նա, մատնանշելով, որ իր պաշտպանյալը կալանքի տակ է, բացականչեց. «Էս արդարադատություն իրականացնե՞լ է՝ մեկ ամիս հետո է նիստ նշանակվում»: Ս. Ջաղինյանը նախագահողին «առաջարկեց» մոտակա օրերին նիստ նշանակել՝ «ով կգա-կգա, ամբաստանյալները կորոշեն…»: Հանրային պաշտպանները զայրացան. «Դո՞ւք եք ամբաստանյալների փոխարեն որոշում»:

Դատարանի դահլիճից դուրս բերվելիս կալանքի տակ գտնվող Սերժ Վարդանյանը ծանրաբեռնված հանրային պաշտպանների ուղղությամբ «մուննաթ» արեց. «Այ քեզ բան…»:

Be the first to comment on "«Այ քեզ բան». Սերժը տեղյակ չի եղել իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ