Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ

 

Մենք բոլորս մարդ ենք, և բոլորս էլ մի շարք թերություններ ունենք, բայց դեռահասության տարիքում այդ թերություններն ավելի արտահայտված և մեծ են թվում մեզ, մեզ հատուկ է մեր առավելությունները փոքրացնելը կամ ընդհանրապես չնկատելը, իսկ թերությունները` չափազանցնելը։

Այստեղից էլ ծագում է սեփական անձի նկատմամբ անինքնավստահության խորն զգացումը։

Ինչպե՞ս դառնալ ավելի ինքնավստահ։ EnterTrain-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ.

1. Գտիր ի վերուստ քեզ տրված շնորհը

Կազմիր այն գործերի, զբաղմունքների ամբողջական ցուցակը, որոնք կարողանում ես լավ անել։ Գրի առ անգամ ամենափոքր հմտությունները։

Միգուցե կարողանում ես հրաշալի բանակցություններ վարել կամ հաշտեցնել նույնիսկ ամենաուժեղ կռվարարներին կամ գուցե բոլորից լավ ես հասկանում ֆիզիկան։ Կենտրոնանալով քո տաղանդների վրա` կկարողանաս իսկապես գնահատել քեզ։ Տաղանդները կոնկրետ հմտություններ չեն, դրանք կարող են լինել քո մոտեցումները, վերաբերմունքը, զբաղմունքները, որոնք սիրում ես։ Օրինակ` դու կարողանում ես հանգստություն պահպանել նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում կամ կարողանում ես տրամաբանական կապեր ստեղծել իրավիճակների մեջ և տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում։ Սրանք ևս տաղանդներ են, որոնք տարբերում են քեզ մյուսներից։

 

2. Որոշակիացրու քո հետաքրքրությունները և սիրելի զբաղմունքները

Զբոսանք, կրեատիվ իրերի պատրաստում, նկարչություն. սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել քո սիրելի զբաղմունքը։ Երբ սկսես անել այն, ինչ քեզ ամենից շատ է դուր գալիս, միանշանակ դրանում լավագույնը կլինես։ Դա հնարավորություն կտա քեզ ավելի ինքնավստահ և երջանիկ լինել։ Դու այլևս ժամանակ չես ունենա մտածել քո թերությունների մասին, քանի որ հստակ գործով զբաղված կլինես։

3. Գտիր մեկին, ում կարող ես ընդօրինակել 

Ընդօրինակման առարկան կարող է լինել մի մարդ, ով ամեն օր քեզ հետ է, օրինակ` ձեր մանկավարժներից կամ ավագ ընկերներից որևէ մեկը կամ ինչ-որ հայտնի մարդ։ Մտածիր այն որակների մասին, որոնք արժանի են ընդօրինակման, դրանք կարող են լինել ֆիզիկական, բարոյական, հոգևոր, զգացմունքային և այլն։ Համոզվիր, որ այդ հատկանիշները քեզ իսկապես կարող են բնորոշ լինել։ Փորձիր քեզ համար կատարելատիպ մարդուց հնարավորինս դրական գծեր վերցնել, իսկ հետո ուղղակի գերազանցել նրան։ Վատն է այն զինվորը, ով չի երազում գեներալ դառնալ։

4. Կենտրոնացիր ուրիշների վրա

Փորձիր ուշադրություն չդարձնել, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին։ Դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձրու, թե ինչ են
նրանք մտածում իրենց մասին և փորձիր օգնել նրանց ավելի ինքնուրույն ու երջանիկ լինել։

 

5. Վստահորեն ընդունիր քեզ ուղղված հաճոյախոսությունները

Երբ քեզ հաճոյախոսում են, գլուխդ մի կախիր, աչքերդ մի փախցրու, մի ասա «ոչ, ես այդպիսին չեմ»։ Ուղղակի ժպտա և շնորհակալություն
հայտնիր։ Ժպիտը միշտ լավ տպավորություն է թողնում մարդկանց վրա, նրանք դրականորեն են տրամադրվում քո հանդեպ, իսկ քեզ
հնարավորություն է տալիս ավելի լավ զգալու։

6. Զրույցի ընթացքում նայիր զրուցակցի աչքերին

Անվստահ մարդկանց աչքերն անընդհատ «վազում» են։ Ինքնավստահ մարդիկ ուղիղ նայում են զրուցակցի աչքերին, դա նրանց վստահության և ուժի զգացողություն է տալիս, որը հորդում է քեզնից։ Խոսիր պարզ, առանց կմկմալու։ Իմացիր, որ մարդիկ մշտապես գնահատելու են քեզ, և հաճախ նրանք կարող են սխալվել, այդ դեպքում ինչո՞ւ շարունակել անիմաստ ժամանակ ծախսել նրանց վրա լավ տպավորություն գործելու համար։

7. Հոգ տար քո մասին

Կեր առողջ սնունդ և ակտիվորեն սպորտով զբաղվիր։ Մի չարաշահիր գիշերային քնի ժամերը, ալկոհոլը, ծխախոտը։ Հոգ տար քո օրգանիզմի
պահանջների մասին։ Հայտնի փափկեցնող քսուկներն ու այլ կոսմետիկ միջոցները քեզ չեն մոտեցնի նրան, ինչ ցանկանում ես դառնալ։ Դա
ընդամենը դիմահարդարում է, որը ժամանակավոր է և կարող է անընդհատ փոփոխվել։ Ինքնավստահությունը պետք է մարդու ներսից լինի։
Ժամանակդ ծախսիր կյանքի մասին մտածելով և դրանցից որոշ եզրակացություններ արա։ Որպեսզի ինքնավստահ լինես, դու պետք է գնահատես քեզ։

8. Կարողացիր պաշտպանել ինքդ քեզ

Եթե մարդիկ երբեմն փորձում են նվաստացնել քեզ, անմիջապես հասկացրու նրանց, որ իրենց կարծիքը ոչ մի կերպ չի կարող ազդել սեփական անձի մասին ունեցած քո կարծիքի վրա։ Ծաղրուծանակի առիթ միշտ էլ կգտնվի, օրինակ` ազգանունը, սանրվածքը, վատ տեսողությունը, կազմվածքը, հետաքրքրությունները և այլն: Կարևորը սադրանքին չտրվելն է, որքան էլ որ վիրավորական լինի: Պետք է սովորել հանգիստ նայել վիրավորողի աչքերին և անտարբերությամբ թափ տալ ուսերը: 2-3 փորձից հետո նրանց հետաքրքրությունը կսպառվի. չէ՞ որ նրանք ցանկանում էին նեղացնել, հաճույք ստանալ քեզ նեղացնելուց և քանի որ նպատակին չեն հասնում, այլևս չեն շարունակում: Հենց մի քանի անգամ կարողանաս պաշտպանել ինքդ քեզ, քո վստահությունը սեփական անձի նկատմամբ կամրապնդվի։
9. Գնահատիր քո անհատականությունը

Եթե իսկապես գիտես, որ քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա, մի թաքցրու դա։ Մարդիկ շատ են գնահատում օրիգինալությունը։ Դու կարող ես իսկապես շատ ցանկանալ բարձրահասակ կամ ցածրահասակ լինել, անթերի կազմվածք ունենալ, բայց դու պետք է հասկանաս, որ, լինելով
այնպիսին, ինչպիսին բոլորն են, կկորցնես քո անհատականությունը և կդադարես լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Այս հարցի պատասխանը
շատ պարզ է` դու յուրահատուկ մարդ ես, ով կարող է մեծանալ և սովորել։

10. Ուշադրություն դարձրու կեցվածքիդ 

Վստահ կեցվածք, «բաց» ուսեր, ուղիղ ողնաշար, բարձր պահած գլուխ. ահա ինքնավստահ մարդու կերպարը: Մի կորացիր և մի իջեցրու ուսերդ։ Համոզվիր, որ մեջքդ ուղիղ է, ուսերդ՝ նույնպես, իսկ կուրծքդ մի փոքր առաջ է։ Մի մոռացիր ժպտալ: Այն կզինաթափի անգամ բացասականորեն տրամադրված հակառակորդին:

Լսելով այս խորհուրդները` գործիր։ Եթե լավ բառերը մնան միայն թղթի վրա, նրանք ուղղակի լավ բառեր էլ կմնան։ Ինքնվստահություն ձեռք
բերելն այնքան էլ հեշտ չէ, բայց դու միանշանակ կկարողանաս հասնել դրան, եթե ցանկանաս։

Be the first to comment on "Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ