Ե՞րբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կկատարի անկախ մարմիններին. Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հետքերով

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում հասարակությունն առաջին հերթին սպասում եւ ակնկալում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի քննություն ու բացահայտում: Այս տարիների ընթացքում հենց Նիկոլ Փաշինյանի կողմից է ոչ մեկ անգամ բարձրաձայնվել այս դեպքերի բացահայտման հարցը, ավելին՝ նա մարտի 1-ի` հանիրավի տուժածներից էր, երբ ստիպված էր որպես քաղբանտարկյալ շինծու մեղադրանքով մի քանի տարի անցկացնել կալանավայրում: Եվ այժմ լինելով վարչապետի պաշտոնում` նրան հնարավորություն է տրված արագացնելու գործընթացները եւ հենց ինքը դառնալու բացահայտողն ու մեղավորներին պատժողը: Եվ հիմա հասարակությունը սպասում է մարտի 1-ի դեպքերի բացահայտման եւ այդ օրերին պաշտոններ զբաղեցրած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցին: Հատկապես խոսքը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մասին է. այս օրերին շատերն են մատնանշում նրա պաշտոնանկության անհրաժեշտության մասին: Սակայն նորանշանակ վարչապետը սկսեց օրենքով իրեն ենթակա մարմիններից:

Մասնավորապես վարչապետին ենթակա մարմիններն են՝ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու պետական վերահսկողության ծառայությունը: Եվ Փաշինյանն առաջին նշանակումներն արեց հենց իրեն ենթակա մարմիններից երկուսում, իսկ ահա մյուս մարմնի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է մնում: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գործող անձանցից մի քանիսն արդեն ազատվել են աշխատանքից: Խոսքն այն ժամանակվա պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանի, ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասին է, ում ղեկավարությամբ զորքը եւ զրահատեխնիկան այդ օրերին կառավարության շենքի հետնամասում էր հերթապահում: Եվ ահա, այժմ ակտիվ խոսակցություններ են ընթանում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին պատժելու մասին, ով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում: Եվ այդ օրերին ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում հենց Աղվան Հովսեփյանն է կայացրել: Սակայն 2008 թվականից հետո Հովսեփյանը իր ոչ մի արարքի համար ոչ միայն չի պատժվել, այլեւ հակառակը, նրա համար նույնիսկ նոր կառույց ստեղծեցին, եւ դատախազի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա դարձավ քննչական կոմիտեի ղեկավար: Ավելին` 2017 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանի պաշտոնը երկարաձգելու մասին որոշում էր կայացրել: Եվ այժմ նա օրենքով կարող է պաշտոնավարել մինչեւ 2019 թվականի հունվարի 8-ը: Ըստ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:

Եվ ինչպես արդեն նշեցինք` նրա պաշտոնավարման ժամկետն օրենքով ավարտվում է միայն հաջորդ տարի: Նույն օրենքում առկա են նաեւ քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերը, եւ հիմքերից մեկն էլ իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելն է: Այսինքն` եթե նա իր սեփական դիմումով չազատվի աշխատանքից, ապա մինչեւ հունվարի 9-ը կկարողանա պաշտոնավարել: Մյուս անկախ մարմինը հատուկ քննչական ծառայությունն է: Օրենքի համաձայն` հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով, եւ վաղաժամկետ կարող է ազատվել իր սեփական դիմումի հիման վրա: Վահրամ Շահինյանը ՀՔԾ պետի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի մայիսի 3-ին, եւ նրա պաշտոնավարման վեցերորդ տարին ավարտվում է 2019 թվականին: RA Prosecutor General Artur Davtyan holds a briefing Իսկ ահա գլխավոր դատախազի նշանակումն ու պաշտոնից ազատումը կանոնակարգվում է ՀՀ Սահմանադրությամբ: Մասնավորապես հոդված 177-ում նշված է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»։ Մեկ այլ հոդվածում էլ ամրագրված է. «Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»: Այսինքն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ կարող են պաշտոնանկ անել միայն խորհրդարանի միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորանշանակ վարչապետն ու իր թիմը դեռեւս չեն շտապում վերը նշված մարմինների եւ նրանց ղեկավարների մասով որոշումներ կայացնել: Կառավարության ամբողջական կազմի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխան փոփոխություններից հետո միայն անդրադարձ կկատարվի վերը նշված մարմիններին: Նաիրա Հովհաննիսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/805351/

Be the first to comment on "Ե՞րբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կկատարի անկախ մարմիններին. Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հետքերով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ