Երբ իմացա, որ երգս հնչել է Թուրքիայում գտնվող` Հրանտ Դինքի անվան վարժարանում, հուզվեցի և շատ ուրախացա. Հրանտո

 

Անցյալ տարի մայիսին ամերիկաբնակ երգիչ Հրանտոն ներկայացրեց իր՝ «Վերջին զանգ» երգը, որի հեղինակն է երգահան Մարինա Թագակչյանը: Հրանտոյի այս երգն ու տեսահոլովակը կարճ ժամանակ անց մեծ տարածում գտավ, հատկապես շրջանավարտները այն դարձրին «Վերջին զանգի» միջոցառման գլխավոր երգերից մեկը:

Վերջին օրերին Հրանտոն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձել է այս աշխատանքին՝ տեղեկացնելով, որ այն կատարում են Թուրքիայում գործող Հանտ Դինքի անվան վարժարանի շրջանավարտները:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, որ շատ պատահական է իմացել այս մասին:

«Քնած էի, երբ նամակ ստացա «Վերջին զանգ» տեսահոլովակումս նկարահանված աղջիկներից մեկի մայրիկից, նա տեսանյութ էր ուղարկել ու նշել, որ իմ երգը Թուրքիայում է հնչում: Առաջին պահին անակնկալի եկա, սկզբում վրդովվեցի անգամ՝ մտածելով, թե թուրքերն են գողացել երգս, բայց երբ իմացա, որ երգս հնչել է Թուրքիայում գտնվող Հրանտ Դինքի անվան վարժարանում, հուզվեցի եւ շատ ուրախացա: Չեք պատկերացնի, թե ինչ զգացողություն էր, երբ տեսա, որ մեր թշնամի երկրում իմ երգն են երգում մեր հայրենակիցները, ինձ համար շատ հուզիչ էր այդ հանգամանքը, որ նաեւ իմ երգով են Թուրքիայում հայ շրջանավարտները հրաժեշտ տալիս դպրոցին: Հիմա աննկարագրելի երջանիկ եմ»,- պատմեց Հրանտոն:

 

Երգիչն այս հաջողության համար իր շնորհակալությունը հղեց հեղինակ Մարինա Թագակչյանին եւ գործիքավորող Վահան Նահապետյանին:

«Մարինան եւ Վահանն իմ լավ ընկերներն են: Մենք մեր միահամուռ ուժերով ստեղծեցինք այս աշխատանքը, եւ այսօր վերոնշյալ հաջողությունը հավասարպես բոլորինս է»,- նկատեց նա:

Մայսիսի 23-ին Հրանտոն կվերադառնա Երեւան՝ հատուկ նպատակով.

«Շատ գործեր ունեմ Երեւանում իրագործելու: Ուզում եմ այդտեղ մի քանի երգեր եւ տեսահոլովակներ ստեղծել: Ի դեպ՝ ինձ շատ են հարցնում, թե ինչու ԱՄՆ-ում տեսահոլովակ չեմ նկարահանում, իսկ իմ պատասխանը միայն մեկն է՝ ես ուզում եմ, որ հենց իմ երկրում ծավալեմ գործունեությունս, ինչու չէ, նաեւ առավել վստահում եմ հենց Հայաստանում ապրող ռեժիսորներին: Առջեւում կլինի չորս նոր երգ եւ երեք տեսահոլովակ: Երգերից մեկը կլինի իսպաներեն եւ հայերեն տարբերակով: Հավելեմ, որ շարրունակում եմ աշխատել երգահաններ Լիանա Թորոսյանի եւ Մարինա Թագակչյանի հետ, մեր թիմին միացել է նաեւ Վահրամ Պետրոսյանը: Հիմա աշխատում եմ Մոսկվայում շատ հայտնի ռեժիսորական խմբի՝ «Գասոյան փրոդաքշենի» հետ, առաջիկայում նրանք կնկարահանեն իմ երեք տեսահոլովակները: Հույս ունեմ, որ առաջիկայում դարձյալ մեծ ջերմությամբ կընդունվեմ»,- նշեց նա:

Ի դեպ՝ Հրանտոն հավելեց, որ մտադրություն ունի ԱՄՆ-ում ուսումն ավարտելուց հետո ընդմիշտ վերադառնալ Հայաստան:

«Ուզում եմ գալ Հայաստան եւ ամեն ինչ զրոից սկսել»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Be the first to comment on "Երբ իմացա, որ երգս հնչել է Թուրքիայում գտնվող` Հրանտ Դինքի անվան վարժարանում, հուզվեցի և շատ ուրախացա. Հրանտո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ