Բիձինա Իվանիշվիլին զրոյից կկառուցի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը. գեղարվեստական ղեկավար

 

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական  թատրոնը զրոյից կվերակառուցվի Բիձինա Իվանիշվիլիի միջոցներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

«Նախկինում  նախագիծ կար, որ թատրոնի շենքը վերանորոգվեր: Որոշակի շինարարական աշխատանքներից հետո պարզվեց, որ շենքը վթարային է և ամրացումից հետո անգամ 4 բալանոց երկրաշարժի դեպքում այն կրկին վթարային կդառնա, անվտանգ չի լինի: Շենքի ամրացման նախագծի իրականացումը ևս Վրաստանի այդ ժամանակվա վարչապետ, մեծ բարերար Բիձինա Իվանիշվիլիի միջոցներով էր տեղի ունենալու»,- ասաց Բայանդուրյանը:

Նա տեղեկացրեց, որ դրանից հետո սեյսմիկ ծառայության կենտրոնը, Մշակույթի նախարարության հետ համատեղ, հանձնաժողով են ստեղծել և եկել այն եզրակացության, որ թատրոնի շենքը պետք է քանդել և նույն նախագծով ու նոր տեխնիկական լուծումներով շենք կառուցել:

«Շենքը զրոյից վերակառուցվում է, իսկ գումարը տրամադրվելու է Բիձինա Իվանիշվիլիի հովանավորությամբ: Կառուցման մասին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացվել է, հաջորդ քայլերի մասին ևս նախարարը կտեղեկացվի»,- ասաց Բայանդուրյանը:

Հարցին, թե որքան կտևի շինարարությունը, Բայանդուրյանն ասաց, որ ակնկալում են, որ 2.5 տարի անց Թբիլիսիում Պետրոս Ադամյանի անվան թատրոնը կառուցված կլինի, և իրենք կունենան գերժամանակակից հնարավորություններով ու տեխնիկապես զինված թատրոն՝ պահպանելով հին թատրոնի նախագիծը:

Հարցին, թե քանի տարի է շենքը վթարային վիճակում, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ արդեն յոթ տարի է թատրոնն իր ներսում ներկայացումներ չի ունենում, սակայն անձնակազմը շարունակում է իր աշխատանքները, թատրոնի խաղացանկում 30 ներկայացում կա.

«Յոթ տարի է՝ վթարային էր շենքը, բոլոր վարչապետներին դիմել ենք, իսկ Իվանիշվիլին համաձայնեց լավ թատրոն կառուցել»:

Հարցին, թե խտրական վերաբերմունք չկա արդյոք վրացական և հայկական թատրոնների միջև, և մտավախություն չկա, որ թատրոնը կքանդվի, և նույնը չի կառուցվի, Արմեն Բայանդուրյանն ասաց, որ շենքի քանդելը հնարավոր է՝ տարբեր խոսակցությունների առիթ տա, սակայն շենքը քանդվում է միայն վերակառուցելու համար, իսկ Վրաստանի իշխանությունը անգամ 1%-ով խտրական վերաբերմունք չունի այն հարցում, թե թատրոնը վրացական է, թե հայկական.

«Իշխանությունը տարբերություն չի դնում Ռուսթավելու անվան թատրոնի և Պետրոս Ադամյանի անվան թատրոնների միջև»:

Ինչ վերաբերում է թատրոնի նկատմամբ հասարակության հետաքրքրվածությանը, Արմեն Բայանդուրյանն ասաց, որ մարդիկ այցելում են թատրոն, սակայն սովոր են իրենց ներկայացումներն իրենց տանը՝ հենց Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքում դիտել:

«Մարտի 4-ին թատրոնը հյուրախաղերով մեկնում է Սամցխե Ջավախեթի, մարտի 13-ին կլինի Երևանում: Կադրային խնդիրներ ևս չունենք, թատրոնը համալրված է երիտասարդ մասնագետներով»: 

Be the first to comment on "Բիձինա Իվանիշվիլին զրոյից կկառուցի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը. գեղարվեստական ղեկավար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ