«Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին…». զինծառայողը 30 կրակոցով դիրքում սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռազմիկ Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական:

2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել:

Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում:

Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել:

Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»:

Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի:

Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին:

 

Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան:

Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել էր ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել էր զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իրականում Նարեկը զորամաս է վերադարձել  հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից:

Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով:

Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել էր ուժի մեջ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 38-361 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտել է  9 տարի 9 ամիս ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը:

Պաշտպանը խնդրել էր վերաորակել իր պաշտպանյալին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանը խնդրել էր մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն  պատժից ավելի մեղմ պատիժ սահմանել Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ, կամ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափը՝  8 տարի ազատազրկում:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը նշել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը անօրինական ու անհիմն է, դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պիտի կիրառեր՝ 105 հոդվածը, այլ Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանն ընդգծել է, որ երեք ամսվա զորակոչված Խուդավերդյանին առաջնագիծ՝ մարտական հերթապահության ուղարկելը արդեն իսկ ճիշտ չէր, նա չէր անցել վեցամսյա պարտադիր ուսուցումը:

Ռազմիկին հերթապահության էին նշանակել մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ի հետ, ով, ըստ պաշտպանի,  հերթապահության երրորդ օրից սկսել է քնել դիրքում՝ նոր զորակոչված զինվորի ուսերին թողնելով հերթապահության ծանրությունն ու պատասխանատվությունը:

Ըստ պաշտպանի՝ դիրք հասնելուն պես Վահագնը «պլաշչը» գցում էր վրան ու քնում էր: Իսկ երբ Ռազմիկը փորձում էր նրան արթնացնել, նա ասում էր՝ ինձ հետ գործ չունես, ես մտքերով տանն եմ… Երբ Վահագնը իմացել է, որ Ռազմիկը վերադասին տեղյակ է պահել դիրքում իր՝ քնելու վերաբերյալ, ասել է՝ դա «լավ տղու» քայլ չի: Նա սպառնացել է՝ երբ զորամաս գնան, ծառայակիցներին տեղյակ է պահելու Ռազմիկի արարքի մասին, Ռազմիկին «գ…ելու են»: Վահագնը հայհոյել է Ռազմիկի ծնողին:

Հայհոյանքին անմիջապես հաջորդել է Ռազմիկի արձակած կրակահերթը՝ 30 փամփուշտն էլ կրակել է, ու Վահագն Վ.-ն տեղում սպանվել է:

Ըստ պաշտպանի՝ Վահագնը Ռազմիկ Խուդավերդյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է, նրա ծնողների հասցեին հայհոյանք է հնչեցրել: Ռազմիկն ընկել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ ու այդ վիճակում է կրակահերթերն արձակել:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Սակայն ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից միայն մեկն է, մինչդեռ բոլոր ապացույցների համակցությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորվում  է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ տուժողի անօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով:

Ըստ պաշտպանի՝  եթե դեպքի պահին Ռազմիկ Խուդավերդյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չլիներ, 30 փամփուշտը չէր կրակի:

Պաշտպանը վերաքննիչ դատարանում նաև խնդրել է՝ եթե վերաքննիչ դատարանը հանգի եզրակացության, որ Ռազմիկ Խուդավերդյանը արարքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի կատարել, ապա թող անդրադառնա պատժի մեղմացման հարցին, քանի որ առաջին ատյանի դատարանը Ռազմիկի նկատմամբ սահմանել է նրա անձին, արարքի հանրային վտանգավորությանը ոչ համաչափ խիստ պատիժ: Պաշտպանն ընդգծել է՝ առաջին ատյանի դատարանում դատախազը ավելի մեղմ պատիժ է միջնորդել՝ սպանության համար՝ 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը դատախազի միջնորդածից ավելի խիստ պատիժ է նշանակել:

Պաշտպանը հայտնել է՝ երբ կրակահերթից հետո գետնատնակում գտնվող զինվորները դուրս են եկել ու Ռազմիկ Խուդավերդյանին հարցրել են՝ ինչո՞ւ նման բան արեց, նա պատասխանել է. «Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին, ի՞նչ անեի…»:

Ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը միացել է պաշտպանի բողոքին:

Պաշտպանի բողոքի դեմ առարկելով՝ դատախազը նշել է, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արդեն իսկ հաշվի է առել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, այդ պատճառով Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժին մոտ պատիժ, պատժի մեղմացում, առավել ևս արարքի վերաորակում կատարելու հիմքեր չկան՝  «30 փամփուշտով կատարված սպանություն քիչ է պատահում»:

Վերաքննիչ քրեական դատարան չներկայացավ տուժողի իրավահաջորդը: Նա ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ առաջ չի քաշել:

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 9 տարի 9 ամիս ազատազրկումով, թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Be the first to comment on "«Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին…». զինծառայողը 30 կրակոցով դիրքում սպանել է ծառայակցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ