«Հայաստանն «աբիժնիկների», «դասալիքների» երկիր չէ»․ Ռուբեն Հայրապետյանի պատասխանն՝ իրեն «Նոր Հայաստանի առաջին «ծիծեռնակ»» անվանողին

 

Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի շրջանակներում հանդիպեց լրագրողների հետ։ Ասուլիսից հետո «1in.am» կայքը հրապարակում է ներկայացրել՝ ՀՖՖ նախագահի գործունեությունը որակելով «բեսպրեդել» և նրան անվանելով «Նոր Հայաստանի առաջին «ծիծեռնակ»»։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօրվա մամուլի ասուլիսում ըստ էության կրկին ձեռնոց նետեց ֆուտբոլասեր հասարակությանը: Վերջին 16 տարիներին հայկական ֆուտբոլը կործանած, արյունալի միջադեպերի հետ առնչություն ունեցող սույն անձը հայտարարեց, որ իր համար ոչինչ չի փոխվել և Նոր Հայաստանում անելու է այն, ինչ ուզում է:
«Չկա մի մարդ, որը կարա ինձի պարտադրի հեռանամ: Ոնց եք պատկերացնում որ ես հեռանամ: Ձեր կամ ուրիշի ասելո՞վ: Քաղաքական հարցեր մի տուր»,- ասաց Հայրապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Կարելի է ասել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանն առաջին օլիգարխն է, որը համարձակություն ունեցավ հրապարակավ հայտարարելու, որ բեսպրեդելի դեմ այսպես ասած խաղ չկա: Սերժ Սարգսյանի հենասյուններից մեկը հանդիսացող Հայրապետյանն իրեն այսօր էլ իր իրավունք է վերապահում հրապարակավ վիրավորել լրագրողին, լրատվամիջոցին ակումբի նախագահին:

 

Ըստ Հայրապետյանի «Առաջին լրատվական»-ը հերյուրանքներ է տարածում, կատարում քաղաքական պատվեր՝ փորձելով նսեմացնել ՀՖՖ-ին և նրա նախագահին: Իսկապես, զարմանալի է, որ պատվերի ու հերյուրանքների մասին խոսում է այն մարդը, որը 2002 թվականից ոչ միայն ոչնչացնում է մեր ֆուտբոլն, այլև տեռորի ենթարկում այն: 16 տարիների ընթացքում արատավոր երևույթներն այնքան շատ են, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ կպահանջվի: Հիշենք միայն, որ ասուլիսների ժամանակ լրագրողների հետ «դուխով» խոսող ՀՖՖ-ի նախագահը ժամանակին իր թիմին՝ «Փյունիկին», Մոսկվայից փախցրել էր Բաքվի «Նեֆթչիի» հետ հանդիպումից՝ կերտելով հայկական ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջերից, եթե ոչ ամենախայտառակ էջը:

«Բացի «Շիրակի» ակումբի նախագահից, մյուս բոլոր ակումբների ղեկավարները քաղաքական նկատառումներով չեն ֆուտբոլային ակումբ պահում: Թող ուշադրություն դարձնեն, թե ինչի համար է այդ մարդն աղմուկ բարձրացրել: «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ի՞նչ է, մենք պետք է ընթացք չտայի՞նք: Ինչո՞ւ պետք է դիմեինք իրավապահ մարմիններին: Եթե նրանք ցանկություն ունեն, թող քննեն և եթե հայտնաբերեն հանցագործության տարրեր, դա իրենց գործն է: Ֆեդերացիան ոստիկանության կամ իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել: Շատ կուզեի, որ այդ մեղադրանքներ հնչեցնողները, պատվերով հոդվածներ գրողները շանտաժի չենթարկվեն: Եթե, օրինակ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն կամ խաղացողը հակաֆուտբոլային քայլ է կատարում, ո՞վ է տուգանվում: Բնականաբար ակումբը, ուստի այլ հարցերն անիմաստ են»,-ասում էր Ռուբեն Հայրապետյանը:

Ի՞նչ է նշանակում ՀՖՖ-ն իրավապահների հետ համագործակցող կառույց չէ: Իսկ ի՞նչ կառույց է կիսագողակա՞ն: Լավ, եթե Ֆուտբոլի ֆեդերացիան իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ, ապա ինչու էր Ռուբեն Հայրապետյանն այս տարվա հունվարին դիմել իրավապահ մարմիններին և ԱԱԾ: Նա հաղորդում էր ներկայացրել, ըստ որի, կասկածվում էր, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, որ պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: Ի դեպ, այս ամենը չէր վիրպել նաև ՈւԵՖԱ-ի աչքից: Կարծում ենք ՀՖՖ նախագահի ինքն իրեն հակասելու փաստն ակնհայտ է: Այսինքն Հայրապետյանը դիմում է իրավապահներին այն ժամանակ երբ ձեռնտու է:

 

«Բեսպրեդելի» ևս մեկ վառ օրինակ: Այսքանից հետո Հայրապետյանը խոսում է հայկական ֆուտբոլի վարկանիշի և բարի համբավի մասին: Ֆուտբոլը հասարակությանը մոբիլիզացնող հզոր մի գործոն է: 16 տարի քանդելով ֆուտբոլը՝ Հայրապետյանը հասել է մի կետի, երբ առաջացած ցեխի և կեղտի մեջ ոչ բոլոր են ցանկանում մտնել: Այդուհանդերձ հասկանալ է հարկավոր, որ այս ամենին պետք է վերջ տրվի: Մեր երկրում քչերն էին հավատում, որ Սերժ Սարգսյանի ստեղծած ռեժիմը կարող է ոչ միայն ճաքեր տալ, այլ փլուզվել:

Այսօր Սերժ Սարգսյանը այլևս մեր երկրի առաջին դեմքը չէ և գտնվում ենք փոփոխությունների կարևորագույն մի հանգրվանում: Գիտակցել է պետք, որ ֆուտբոլը շատ կարևոր մի օղակ է մեզ համար, որն ունի փրկության կարիք: Շատերը կհամաձայնեն, որ ֆուտբոլը երկրպագուին վերադարձնելու գործընթացին առաջին հերթին պետք է մասնակցեն ֆուտբոլասերները»,- նշված է հրապարակման մեջ։

Դրան ի պատասխան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ «Հայաստանն «աբիժնիկների», «դասալիքների» երկիր չէ» և հայտարարելով, որ գործը կքննվի ՀՀ ոստիկանության կողմից:

«Այսօր կայացած իմ ասուլիսից հետո «1in.am» կայքը հանդես եկավ հերթական սադրիչ հրապարակմամբ: Հարկ եմ համարում նշել, որ ասուլիսից առաջ վերոհիշյալ կայքի խմբագրին անձամբ եմ հրավիրել ասուլիսի՝ դեմ առ դեմ խնդրահարույց հարցերը հնչեցնելու եւ պատասխանները ստանալու ակնկալիքով: Սակայն ասուլիսին ներկա է եղել միայն այդ կայքի օպերատորը, իսկ ասուլիսից անմիջապես հետո հրապարակվել է ինձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վարկաբեկող հերթական անհիմն նյութը, այն ներկայացնելով որպես Նոր Հայաստանի տեսլական: Հայաստանը երբեւէ չի կարող ունենալ դեմ առ դեմ հարցերը հնչեցնելուց վախեցողների, «աբիժնիկների», «դասալիքների» կողմից գծագրվող տեսլական եւ հերթական անգամ կոչ եմ անում վերջ տալ անհարկի, սադրիչ որակումներին եւ սպասել օրենքով եւ կարգով սահմանված գործառույթների:

Ավելացնեմ ի դեպ, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարության՝ «Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր է նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան»,- նշված է հայտարարության մեջ։

Be the first to comment on "«Հայաստանն «աբիժնիկների», «դասալիքների» երկիր չէ»․ Ռուբեն Հայրապետյանի պատասխանն՝ իրեն «Նոր Հայաստանի առաջին «ծիծեռնակ»» անվանողին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ