«Մեր տղաները կռվել ու զոհվել են, որ մենք լավ ապրենք» Անահիտ Դանիելյան

 

43-ամյա Մարգարիտան մինչեւ հիմա սրտի խորքում չի հաշտվում այն մտքի հետ, որ արցախյան պատերազմում այնքան լավ տղաներ ենք կորցրել:

«Ի՜նչ տղաներ էին` Դավիթը, Աշոտը, Վիտալին…»,- իր աչքի առաջ զոհված տղաների անունները մեկ առ մեկ թվարկելով` Մարգարիտան կարող է անընդհատ պատմել նրանցից յուրաքանչյուրի մասին, թե ինչպես էին ջոկատի աղջիկների մոտ իրենց փորձում զգաստ եւ ուշադիր պահել կամ նրանց տալիս զինվորական համազգեստի գրպանում մի քանի օր պահած քաղցրեղենը: Իսկ աղջիկներն էլ փորձում էին հնարավորինս աջակցել նրանց, օգնել ինչով կարող են:

 

Նայելով սիրունատես, թեթեւ քայլվածքով Մարգարիտա Թարանյանին` մտքովդ անգամ չի կարող անցնել, որ նա անցել է արցախյան պատերազմի ողջ թոհուբոհով, որ բուժքույրի պարտականությունները կատարելուց բացի` հարկ եղած ժամանակ նաեւ զենք է վերցրել: Ինչպես նա է պատմում, զենքը դժվարությամբ էր վերցնում, քանի որ շատ լավ գիտակցում էր, որ չի կարող մարդ սպանել, մարդ սպանելու համարձակություն չունի: Բայց միաժամանակ նա տղաների եւ ջոկատի մյուս աղջիկների` Կարինեի, Մարգարիտայի, Անահիտների եւ Գայանեի հետ մասնակցել է Ղարաբաղի տարբեր բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին:

1992-ին, երբ ադրբեջանցիներն արդեն մոտեցել էին Ասկերանի մատույցներին, Ստեփանակերտում պատահաբար Մարգարիտայի աչքով է ընկնում մի հայտարարություն, որում նշված էր, որ «Արցախի կանանց ջոկատ» ստեղծելու համար կանայք ու աղջիկներ են հավաքագրում: Նա իսկույն որոշեց, որ պետք է այդ ջոկատում ընդգրկվի, չնայած հստակ գիտակցում էր, որ նահապետական բարքերի վրա հիմնված ընտանիքում հազիվ թե նրան հաջողվի ծնողներին համոզել: Բայց որոշումը հստակ էր` պետք է գնար:

Մարգարիտան պատմում է, որ սկզբում ծնողներին խաբում էր, թե մարտերի չեն մասնակցում ու քաղաքի մոտակայքում են, սակայն հետո, երբ ամեն ինչ պարզ դարձավ, արդեն ուշ էր: «Երբ զինվորագրվեցի, պարապմունքները տարբեր էին` քաղաքացիական պաշտպանություն, առաջին բուժօգնություն, քարտեզներ, ֆիզիկական պատրաստվածություն, նույնիսկ բահերով պաշտպանական խրամատներ էինք փորում: Սկզբից զինվորագրված 25 կանանցից այդ ամենին դիմացան 12-ը»,- պատմում է Մարգարիտան:

 

1992-ի աշնանը, երբ ջոկատն արդեն պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելու, ուսումնական կենտրոն եկավ գումարտակներից մեկի հրամանատարը եւ խնդրեց 3 բուժքույր տրամադրել: Մարգարիտան գնաց երկու Անահիտների հետ: Առաջին մարտը հաջող ավարտվեց, նույնիսկ վիրավորներ չունեցան: «Երեկոյան մի քիչ տրտնջում էինք, որ մեր կարողությունները դրսեւորելու հնարավորություն չունեցանք: Կարողությունների դրսեւորումը շատ չուշացավ, բայց մտքովս երբեք չէր կարող անցնել, որ առաջին բժշկական օգնությունը կցուցաբերեմ հենց ադրբեջանցի տղային: Վիրավոր ադրբեջանցուն մեր վրանը բերեցին կեսգիշերին: Բարձրահասակ ու գեղեցիկ երիտասարդին բուժօգնություն ցուցաբերեցինք ու նույնիսկ կերակրեցինք»,- այսպես է հիշում Մարգարիտան իր առաջին մարտական երեկոն:

Ամեն անգամ հիշելով մարտերը` Մարգարիտայի սեւ ու մեծ աչքերն իսկույն տխրում են` ինչքա՜ն ծանր մարտեր էին, ինչքա՜ն տղաներ զոհվեցին իրենց ձեռքերի վրա…«Մինչեւ հիմա չեմ պատկերացնում, թե այդ ամենից ոնց փրկվեցինք: Անհավատալի է, որ այդ ցուրտ ու դաժան օրերից հետո առողջությունս նորմալ է»,- ասում է զրուցակիցս ու լացակումած աչքերով պատմում այն մասին, թե ինչպես է ջոկատի մյուս Մարգարիտան զոհվել, թե ինչպես են սպասել կեսգիշերին, որ նրա դիակը հանեն: «Այսօր մեր ջոկատն ունեցավ առաջին զոհը, սպանվեց Մարգարիտա Սարգսյանը: Գիտակցում էինք, որ կարող է մեզնից մեկն ու մեկը զոհվի, բայց չէինք սպասում այդպիսի դաժան հարվածի»,- այսպես է այդ օրն իր օրագրում նկարագրել Մարգարիտան:

Այժմ, երբ պատերազմական տարիներն արդեն անցյալում են, մանկավարժական կրթություն ունեցող Մարգարիտան շարունակում է ծառայել ՊԲ շարքերում. կենտրոնական շտաբում է ծառայում ու մայորի կոչում ունի: Նա միաժամանակ Հայ Օգնության միության Արցախի մասնաճյուղի ատենապետուհին է:

 

Փորձում է համատեղել այդ երկու աշխատանքը ու սիրով նաեւ ձեռք է մեկնում կարիքավոր մարդկանց: «Ինձ շատ է մտահոգում այն, որ մեզ մոտ մերձավորին ձեռք մեկնելու, օգնելու մշակույթը չկա: Իսկ պատերազմի տարիներին այդպես չէր` յուրաքանչյուրը կտար իր մոտ եղած ամենավերջին հացը»,- ափսոսանքով ասում է նա:

Պատերազմի թոհուբոհով անցած, բայց իր կանացի քնքշությունը չկորցրած Մարգարիտան, ցավոք, այդպես էլ կյանքի ընկեր չգտավ: Այժմ նա մենակ է ապրում` Պաշտպանության բանակի կողմից տրամադրված մեկ սենյականոց բնակարանում, որը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում: Նա ասում է, որ աշխատավարձն իրեն բավարարում է, ոչ մի խնդիր չունի, քանի որ քչով բավարարվող անձնավորություն է:

«Պետք է խաղաղ ու նորմալ պայմաններում ապրենք, իրար ձեռք մեկնենք ու օգնենք, քանի որ մեր տղաները դրա համար են կռվել ու զոհվել»,- հիշեցնում է Մարգարիտան, որը հայրենիքի պաշտպանությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Անբասիր ծառայություն» 1-ին եւ 2-րդ աստիճանի եւ «Մայրական երախտագիտություն» մեդալներով:

 

Be the first to comment on "«Մեր տղաները կռվել ու զոհվել են, որ մենք լավ ապրենք» Անահիտ Դանիելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ