Բանակցություններում հաջողություն ունեցել ենք, երբ Ստեփանակերտն ու Բաքուն դեմ-դիմաց են նստել. Հ. Խանումյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

 

Արցախի Ազգային ժողովի «Հայկական վերածնունդ» խմբակցության նախագահ Հայկ Խանումյանի խոսքով՝ մինչ այս պահը Հայաստանի նախկին իշխանությունների կողմից չի եղել աջակցություն Արցախին ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթաց վերադարձնելու համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությունների մասին իր կարծիքը:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Արցախի հետ կապված հարցերը պետք է քննարկել Արցախի իշխանությունների հետ, տեղին են: Ես միշտ հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության մեջ մենք հաջողություն ունեցել ենք միայն այն ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն դեմ-դիմաց են նստել, հարցեր են լուծել. դա կլինի պատերազմի ժամանակ հումանիտար հարցերը, գերիների, պատանդների, երկու կողմերի բանտարկյալների հարցերը, դա կլինի հումանիտար բնույթի այլ հարցեր, դա կլինի Բիշքեկը, զինադադարի պայմանագիրը, թե այլ հարցեր»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը մշտապես դեմ է եղել Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավելուն, ի՞նչը կստիպի հիմա նրան անել դա, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանը հիմա Ստեփանակերտի հետ բանակցային սեղանին չի նստի, բայց դա արդեն իր խնդիրն է: Եթե հարցին լուծում է ուզում, պետք է Ստեփանակերտի հետ բանակցի: Եվ դա իրականացնելու միակ միջոցը ես համարում եմ միջազգային ճնշումը, իսկ այդ ճնշումը ես պատկերացնում եմ Արցախի ճանաչման տեսքով: Արցախի միջազգային ճանաչումը կստիպի Ադրբեջանին ուղղակի նստել սեղանի շուրջ Ստեփանակերտի հետ»,- ասաց նա:

Արցախցի պատգամավորի նկատառմամբ՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրները դեմ չեն, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, պարզապես պետք է լինի միջազգային ճանաչում և դրանից բխող ճնշում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի պատրաստվում Արցախի անունից բանակցել, Հայաստանի անունից է միայն ինքը բանակցելու: Դիտարկմանը, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները, հնարավո՞ր է՝ ՀՀ-ի դիրքորոշումը չհամապատասխանի Արցախի դիրքորոշման հետ, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Բանակցային գործընթացում բազմաթիվ առաջարկություններ են եղել: Եղել են դեպքեր, որ կողմերից մեկը չի համաձայնել առաջարկությունների հետ, և եղել են դեպքեր, որ այդ մի կողմը եղել է հենց Արցախը: Հետևաբար՝ այդ տեսակետները կարող են և չհամապատասխանել»,- ասաց նա:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի վերջնագրային մոտեցումը, բանակցային գործընթացում նոր մոտեցումներ որդեգրելը Ադրբեջանը չի համարի «ոչ կառուցողական»: Հարցադրմանն արցախցի ԱԺ պատգամավորը պատասխանեց հարցով. «Ի՞նչ է մեզ տվել «կառուցողական» լինելը: Ադրբեջանը հրաժարվել է ռազմական դիվերսիաների՞ց, ներխուժումի՞ց»:

Նրա պնդմամբ՝ մենք հիմա սպառազինության համալրման խնդիր ունենք, ինչը մենք ի վիճակի ենք անել, և ինչը հավանական պատերազմը կարող է առնվազն 50 տարի հետ գցել:

«Պետք է գնանք այդ ուղղությամբ, և միջազգային ասպարեզում օգտագործենք այնպիսի ճնշման մեխանիզմներ, որոնք Ադրբեջանին ավելի պատրաստակամ կդարձնեն բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ այսուհետ էլ բանակցությունները կլինեն բանակցությունների համար, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր պայմաններն է առաջարկում, որոնք Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կմերժի, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ կլինի․․․ Տեսնում ենք, որ հարցերը երբեմն լուծվում են այն ժամանակ, երբ կոշտ են խոսում: Միացյալ Նահանգներն ու
Հյուսիսային Կորեան կոշտ հռետորաբանություն էին վարում, բայց շատ արագ դա բերեց փոխըմբռնումների, փոփոխությունների: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է»: 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Be the first to comment on "Բանակցություններում հաջողություն ունեցել ենք, երբ Ստեփանակերտն ու Բաքուն դեմ-դիմաց են նստել. Հ. Խանումյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ