«Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ». Նիկոլ Փաշինյանի պատասխանը իր առաջին պաշտոնական այցը Արցախ կատարելու մասին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել Ստեփանակերտում, որին ներկա էին հայաստանյան, արցախյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այն հարցին, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Արցախ, այլ ոչ թե որևէ գերտերություն, վերջինս ժպիտով արձագանքեց. «Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ»: Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ առանձնահատուկ կարևորություն է տալիս Արցախի հետ հարաբերություններին և որևէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով ու ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ:

Ըստ Փաշինյանի՝ դրանով կուժեղանա Հայաստանի և Արցախի միջազգային դիրքերը և նա հույս հայտնեց, որ նոր շունչ և նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովության վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Անդրադառնալով ղարաբաղյան հարցի լուծման խնդրին` ՀՀ վարչապետը ասաց. ‹‹Եթե իրականում միջազգային հանրությունը, նաև Ադրբեջանը, ուզում են լուծել ղարաբաղյան հարցը, ապա անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել: Ինչպես կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, սակայն նա լիարժեք կխոսի միայն իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի միայն Արցախի Հանրապետության իշխանությունը` ի դեմս նախագահի»:

Վերջին միտքը նա ասուլիսի ընթացքում կրկնեց մի քանի անգամ: Ըստ Փաշինյանի փաստն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է օգտագործել ռազմական հռետորաբանություն, ինչը ինքն իրենով բացառում է խնդրի կարգավորում, որովհետև չի կարող լինել խնդրի կարգավորում, երբ կողմերից մեկը հայտարարում է մյուս կողմին ոչնչացնելու իր մտադրության մասին: «Այդ պայմաններում մեր անելիքն երկուսն է: Ավելի ուժեղացնել Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը և երկրորդ` միջազգային հանրությանը կոչ անել, որպեսզի նա Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ: Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք շատ հստակ արձանագրեն, որ Հայաստանը և Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի և առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդը միասնական է առավել, քան երբևէ»,- շեշտեց նա: Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/09/955963/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ». Նիկոլ Փաշինյանի պատասխանը իր առաջին պաշտոնական այցը Արցախ կատարելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ