«Գյումրի» կենտրոնում եմ եղել՝ խիրուրգի մոտ, ըսել են՝ 1.5 միլիոն դրամ բեր, ոտքիդ պրոթեզ դնենք». Վահրամաբերդի բնակիչ

 

Վահրամաբերդի 6-րդ փողոցի, 3-րդ տան բնակիչ Մանվել Էլբակյանը դիմել է 168.am-ին՝ խնդրելով անդրադառնալ իր ընտանիքին հուզող մի քանի հարցի:

Մ.Էլբակյանի խոսքով, ինքը նախկինում աշխատող է եղել, սակայն վերջին 3-4 տարիներին հաշմանդամ է դարձել. ցլի հարվածի պատճառով ոտքը ջարդվել է:

Գյուղի երկու սենյականոց բնակարանում բնակվող բնակիչը, չնայած իրենց տանն առկա խոնավությանը և ոչ բարենպաստ պայմաններին, տան վերաբերյալ որևէ բողոք, խնդրանք չունի:

Նրա միակ պահանջն իր վնասված ոտքի վիրահատության հետ կապված պրոթեզի ծախսերը հոգալն է և իրեն աշխատանքով ապահովելը:

«Ո´չ հարազատներս կօգնեն, ո´չ բարեկամներս: Սաղ հեռու են քաշվել: Երկաշարժից հետո ես տեխնիկայի վրա եմ աշխատել, իրանց օգնել եմ, հմի էլ կսեն՝ քու լավությունդ մեզի պետք չէ, գնա: Մե տղեմ ունիմ, 35 տարեկան է, Մոսկվա է, սել է՝ ընձի համար հեր գոյություն չունի: Իրա համար ընտանիք ունի, կապրի: Ես տնփեսա եմ, կնոջս մայրական տան մեջ կապրիմ: Մե զոքանչմ ունիմ՝ 85 տարեկան է, ինքնուրույն տեղաշարժվել չի կարող: Կինս էլ հիվանդ է, աչքերի խնդիր ունի»,- ասում է Վահրամաբերդի բնակիչը:

Վերջինիս խոսքով՝ տարբեր պատճառաբանություններով իրենց անգամ նպաստ չեն տվել:

«Ես էլ զատի հաշմանդամ եմ, ո´չ մե գործմ կռնամ էնե, ո´չ էլ:

Նպաստի համար դիմել եմ, առաջվա 14 ուսումնարանի տեղը: Սեցին՝ լույսի փարա չես մուծե, որպես ի՞նչ քեզի նպաստ տանք: Ես մասնագիտությամբ մալյար եմ: Աշխատանք շատ կա, բայց ոտք չկա աշխատելու համար: Քաղաքապետարան, մարզպետարան, ուր սես գնացել եմ, ընձի հեչ մարդ չի օգնել: Տունն էլ երեք հոգի ենք, սաղ հիվանդ են: Մեկը չի սե՝ էս մարդիկ մեռած են, սաղ են, ինչ կուտեն, չեն ուտե: Թող իմ ոտքը լավնա, ընձի ուրիշ հեչ բան պետք չէ»- ասում է նա:

Վահրամաբերդում բնակվող Մանվել Էլբակյանը դժգոհում է նաև Գյումրու թիվ երկրորդ պոլիկլինիկայից, քանի որ, իր խոսքերով ասած, այնտեղ գրանցված է, սակայն իրեն դեղեր չեն տալիս՝ պատճառաբանելով՝ որտեղ որ բնակվում եք, տեղի պոլիկլինիկայից էլ ստացեք: Դեղերն էլ իրեն անհրաժեշտ են, քանի որ շաքարային դիաբետ ունի, երրորդ կարգի հաշմանդամության կարգ:

««Գյումրի» կենտրոնում եմ եղել խիրուրգի մոտ, ըսել են՝ 1.5 միլիոն դրամ բեր, որ ոտքիդ պրոթեզ դնենք: Վիրահատությունը ձրի է, մենակ պրոթեզը փող արժե»,- ասում է նա:

Մեր զրուցակիցը պատմում է, որ, երբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ինքը գնացել է Սիմֆերոպոլ քաղաք, այնտեղ հայերի և թուրքերի միջև կռիվ է տեղի ունեցել: Հայերը թուրքերին էին սպանում, թուրքերն էլ՝ հայերին.

«Ընպես եղավ, որ իրար դեմ ելանք, իրար խփինք: Մենք իրանց խփինք, իրանք՝ մեզի: Ընձի 15 տարի տվեցին: Էն ժամանակ տղես 4 տարեկան էր: Ընձի մեռած են հանել, իբր ես գոյություն չունիմ: Իմ անունիս տակ խորթ մերս տղուս անունով երկու սենյականոց է ստացել, հմի խորթ մերս կապրի ընտեղ՝ իրա էն մյուս ախպորս երեխանց հետ: Թե ինչըղ են դասավորել, ես խաբար չեմ: Ես էլ մորս 8 տարեկանում կորցրել եմ. ռակով հիվանդ է եղել»:

Այն անձինք, ովքեր կցանկանան որևէ կերպ օգնել Մանվել Էլբակյանին, կարող են զանգահարել 098709441 հեռախոսահամարով:

Անահիտ Սիմոնյան

Be the first to comment on "«Գյումրի» կենտրոնում եմ եղել՝ խիրուրգի մոտ, ըսել են՝ 1.5 միլիոն դրամ բեր, ոտքիդ պրոթեզ դնենք». Վահրամաբերդի բնակիչ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ