Սկանդալ՝ հայկական ֆուտբոլում. պայմանավորված հանդիպում, կաշառք և ցմահ որակազրկում

 

Այսօր Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացել է Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը, որն ավարտվել է Գյումրիի թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ «Շիրակ» ակումբը, սակայն, զրկվել է 12 միավորից՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձի պատճառով։

«Բանանց» ՖԱ-ն դիմում է ներկայացրել ՀՖՖ-ին՝ «Շիրակ» ՖԱ-ի կողմից պայմանավորված հանդիպում անցկացնելու փորձի վերաբերյալ։

««Բանանց» ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն «Շիրակ» ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները):

 

Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է «Շիրակ» ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: «Շիրակ» ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ «Շիրակ» ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է
հաստատել «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել «Շիրակ» ՖԱ-ի կազմում: Ըստ «Շիրակ» ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանն, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել
է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ
հեռացվել է ակումբից:

Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն
այն մասին, որ՝ «Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով «Բանանց» ՖԱ-ի գրությունը և դրան կից
ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունն, ինչպես նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Ինչ վերաբերում է «Շիրակ» ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները և սղագրություններն այլն են ապացուցում: Բացի այդ, նման պայմաններում «Շիրակ» ՖԱ-ն ակնհայտորեն
հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն և հետևաբար նաև
պատասխանատուն»։

Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաև Արարատ Հարությունյանին, ով, թեև չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաև ձայնագրվում էր (կցվում է): Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման և նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ և որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի
արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, և որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երևի սխալվել է, մեղավոր է:
Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին և ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ և փաստական
ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ»։

Արդյունքում, կարգապահական կոմիտեն, մանրամասն քննելով գործին կցված բոլոր ապացույցներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ՝ եկավ այն համոզման, որ իրականում տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018թթ մրցաշրջանի 27-րդ մրցափուլի «Բանանց»-«Շիրակ» թիմերի միջև 05.05.2018թ-ին կայանալիք հանդիպման արդյունքների վրա ազդելու նպատակով պայնավորված խաղի կազմակերպում / ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետ/
և որ պայմանավորված խաղի կազմակերպան գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված է եղել «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը:
Ելնելով վերոգրյալներից՝ կարգապահական կոմիտեն միաձայն որոշեց.
1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ:
2. «Շիրակ» ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ
օրվա ընթացքում:

Be the first to comment on "Սկանդալ՝ հայկական ֆուտբոլում. պայմանավորված հանդիպում, կաշառք և ցմահ որակազրկում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ