Մենք մեծ աղետից ենք փրկվել

Փորձենք հասկանալ, թե օբյեկտիվորեն ինչ է կատարվել և ինչ է դեռ անխուսափելիորեն կատարվելու։

Եզակի շանսով, հայոց աշխարհում հայտնվել է Նիկոլ անունով մի հզորագույն անհատականություն, որն իր շուրջը հավաքելով 21-րդ դարի սկզբունքներով շարժվող երիտասարդությանը, ինչպես նաև իրենց մարդկային արժանապատվությանը տեր կագնած տարեցներին, ձեռնոց է նետել արդեն 25 տարի, տարբեր անունների տակ հանդես եկող վիշապացած հայոց իշխանությանը։Ուժերի հարաբերակցությունն ապշեցուցիչ է՝ մի կողմում Նիկոլն է ու երկրով մեկ ոտքի ելած ամբողջ ժողովուրդն է, իսկ մյուսում՝ 55 հոգիանոց ՀՀԿ-ն է ու վարագույրի ետևում եղած ինչ-ինչ ուժեր։ Նախորեին խորհրդարանում հարց լուծողները այդ 55-ն էին։

Մենք շատ լավ գիտենք, որ այդ 55-ը միայնակ չեն իշխանությունը։ Նրանց ետևում ավել ինչ որ բան կա, որը հենց իշխանություն է կոչվում։Կարևոր չէ, թե ինչ համամասնությամբ օլիգարխիան է դա, Սերժի ու Պուտինի “տանիքները”, ոստիկանապետությունը, անվտանգությունը, բանակը, կղերապետությունը, ախպերականը, թե գողականը։ Բայց կարևոր է, թե այսօր, այս պահին էլ նախկինի պես նույն թափով այն կա՞, թե չկա։ Հեշտ հարց չէ, և դա է պահի հրամայականը։ Ես խիստ եմ կասկածում, թե այն կա, որովհետև եթե լիներ, ապա ըստ հավաստի լուրերի Սարգսյանն ու Քոչարյանն այս գիշեր Մոսկվա թռչած չէին լինի Հայաստանի վրա “տղա”՝ ռուսական զինուժ բերելու։Հետևաբար, երեկ, այդ խրոխտ 55-ը ակնհայտորեն բլեֆում էին։

Նրանք իրենց  թիկունքում չունեն նշած բոլոր ուժային իշխանությունները, որի հույսին Նիկոլին էին փորձում ձեռ առնել՝ թե ես քեզ չեմ վստահում, թե դու զինված ուժերից ես անտեղյակ, անվտանգությունից ու բանակցելուց, կառավարելուց ու ղեկավարելուց։Հասարակ մարդիկ տեսնում ու հասկանում են վիճակի աբսուրդային տրագիկոմիզմը։ Բայց ազգի պառլամենտականները չեն տեսնում։ Եվ իրոք չեն տեսնում, ընդունակ չեն ոչ միայն տեսնելու, այլև հասկանալու, թե ինչ է կատարվում, թե ինչ է փոխվել ու որտեղ են իրենք հայտնվել։ Նիկոլը բազմիցս ասաց այդ մասին՝ թե Սերժին և թե հանրապետականներին։ Սերժը չէր հավատում, բայց հրաժարական տվեց։ Հիմա հանրապետականը չի հավատում՝ վաղը հաստատ դուրս կմղվի ասպարեզից։Բայց և, հեգնանքի ուժով, նրանց չհասկանալիքն այս պահին մեր հասկանալիքն է՝ թե ինչու այդ մարդիկ “չեն հասկանում”:Իրոք, դրանցից ոչ մեկը տհաս կամ մտավոր հետամնաց չէ։

Ավելին, իրենց հաշիվները շատ էլ լավ հասկացող ու մինչև հիմա “փալան խաղացող” ու “գլուխ քորող” են եղել։Հետևապես, ինչո՞ւմն է բանը, ի՞նչն էր դրդել ՀՀԿ-ականներին չհասկանալ իրականությունը և 55-ով միաձայն քվեարկել Նիկոլի դեմ։Իմ կարծիքով, դա հնարավոր էր միայն մեկ դեպքում, եթե եղել էր վերին համոզեցուցիչ հրաման, որ եթե չենթարկվեցիք, միաձայն դեմ չքվեարկեցիք, ապա  շատ ավելի կվնասվեք, նույնիսկ կպատժվեք, քան Նիկոլի վարչապետությունն է լինելու։Այո, ես հենց պատժվելն ի նկատի ունեմ։ Որովհետև դաշնակցականը գիտեր, որ առնվազն զրկվելու է կուսակցական “երանություններից”, բայց գնաց իր քայլին։

Իսկ այս 55-ը առավել ևս գիտեին, որ հակառակվել չի կարելի, որ դա ճակատագրական կարող է լինել, և անվարան գնացին նպատակամղված տմարդության։Ես չեմ կարծում, թե նրանց համոզիչ երաշխիքներ էին տրվել՝ թե ուժայինն ու մնացած բոլոր հենարաններն իրենց մեջքին են, ոնց երեկ է եղել։Բայց համոզված եմ, որ և համոզողները, և իրենք բացարձակ վստահ են եղել մեկ բանում՝ որ Նիկոլն ու շարժումը իրենց տեղաշարժելու լծակները չունեն, որ իրենք կարող են ցանկացած սաբոտաժի էլ գնալ, ժամանակ ձգել և ի վերջո մինիմալ կորուսներով դուրս գալ իրավիճակից՝ ձեռքերում պահելով բոլոր լծակները, կամ դրանց մեծ մասը:Իհարկե հաշվարկել էին, ու իրենց էլ համոզել էին, թե իրենք կորցնելիք չունեն։ Միևնույն է, մեկ շաբաթից նորից են գալու պառլամենտ, նորից են թեկնածություններ առաջադրելու։

Միգուցե Նիկոլի հրապարակն այդ ժամանակ արդեն չլինի, կամ քչացած լինի։ Միգուցե ռուսական զորքն արդեն երկիր մտած լինի։ Միգուցե ադրբեջանցիք հարձակված լինեն, միգուցե ինչ որ անհայտ նշանառուներ նորից մի 10 հոգու արյուն հեղած լինեն։ Միգուցե, միգուցե, երևի մի հարյուր այլ “միգուցեներ” էլ կան։Բայց իրենք չեն հաշվարկել միակ ու ամենահիմնական “ոչ միգուցե” տարբերակն ու դրա հետևանքները՝ որ դեմ քվեարկելով իրենք հենց իրենց քաղաքական ու բարոյական մահախոսականն են ստորագրում՝ այսինքն այն, որը հենց Փաշինյանն էլ խորհրդարանում կարդաց մինչև քվեարկելը։Այսինքն, իրենք քվեարկության կոճակին էին մոտեցել բոլոր հարցերին ու հետևանքներին բացարձակ տեղեկացված։ Եվ այդքանով հանդերձ գերադասել էին գնալ ինքնակործանման։Սա է ֆենոմենալը։

Այն ցույց է տալիս միայն մեկ արտակարգ, շատերիս անհավանական թվացող, բայց իրական բան՝ որ երկիրը մինչև հիմա ոչ այնքան  օլիգարխների, ախպերականի, կոնկրետ ստվերային անձանց կառավարման ու ազդեցության տակ է եղել, այլ տրամաբանականից ու մարդկայինից դուրս խմբակային մոլագարների։Բոլորն էին էդտեղ հեղինակներ։ Դա թատրոն չէր, մարդիկ հենց տեղում իմպրովիզում ու ներկայանում էին իրենց վանող գորշությամբ, ողորմելիությամբ ու վախեցնող պարզությամբ։

Նրանք ոչ միայն կտրված էին իրականությունից, ազգայինից ու մարդկայինից, այլև տարրական տրամաբանականից։ Արարատ Միրզոյանը նույնիսկ բառացի հիշեցրեց, թե ո՞նց եք վաղը նայելու ձեր բարեկամների ու մտերիմների աչքերին։ Եվ միևնույն է, այդ մարդիկ մնացին միահամուռ անվրդով։Իրենք իրենցն արել են՝ ոտնահարել են ամեն հնարավորն ու անհնարը: Մենք էլ մերն ենք անելու։ Եվ այն անելու համար նախ պետք է հասկանանք ուժերի հարաբերակցությունն ու գնահատենք սպասվող ռիսկերը:Հիմա ՀՀԿ-ի անմիջական ֆիզիկական հենարանը՝ ոստիկան, սպայական կազմ, ԳԲ, թիկնապահներ, ու պադավատը երկակի վիճակում են՝ իրենք շատ ավելի պահանջված են, բայց հին “վճարներով” ու հատուցումներով սպասվող ծանրագույն, արյունաշաղախ ծառայությունները  չեն մատուցի։Նիկոլը ուժայիններին տվել էր բոլոր երաշխիքները, որ կադրերի ու մասնավորապես ուժայինների ջարդ չի լինելու։ Հետևաբար, ուժայինները այդ 55-ին ու իրենց տերերին ասելու են՝ հարգելիներս, մենք նոր իշխանությունների օրոք էլ ինչ որ կերպ ապրելու ենք, ինչու ձեր միլիոնների համար մենք մտնենք ազգային ու մարդկային խարանի տակ։Եվ սա ոչ միայն ասելու են, այլև համոզված եմ, որ արդեն ասվել էլ է։ Ուղղակի, ինչպես միշտ, փրփուրներից բռնած ու կոճի թելով տանկ քաշելու ու մինչև հիմա երբևէ պատժված չլինելու լկտիությամբ, իրենք գնացին այդ քայլին։Եվ ֆանտաստիկ լավ է, որ գնացին, որովհետև ներքին նման թույնի ու սրիկայության  առկայության պայմաններում, համագործակցության խոստումներով վարչապետ ընտրված Նիկոլը շատ կարճ ժամանակում ընկղմվելու էր դրանց սաբոտաժի ճահիճներում, և մենք ազգովի էինք մտնելու խորը դեպրեսիայի մեջ։ Նիկոլն էր վարկաբեկվելու և վրա հասած հուսախաբությունն առավել կործանարար էր լինելու։

Մենք սարսափելի մեծ աղետից ենք փրկվել։ Եվ հենց դա մենք պետք է գիտակցենք ու վերանայենք մարտավարությունը։ Հանրապետականը պետք է ամբողջովին հեռացվի իշխանությունից՝ որպես մետաստազներ տված քաղցկեղ։Մարդիկ երբևէ հույսերը չպետք է կտրեն, այլ հակառակը, ոգևորվեն հզորագույն, հեքիաթային, արդեն իսկ գրանցված աներևակայելի կարևոր արդյունքներից։Ես միշտ մտածել եմ, թե մեր դարը հզոր անհատների դար չէ, և հիմա հարցերը պետք է լուծեն ինքնուրույն, անհատ քաղաքացի դարձած շարքայինները, ոնց ամերիկացիք, հրեաները, արևմտյան ազգերը։ Որ Լի Կվան Յուն բացառություն էր, այլ ոչ օրինաչափություն։Բայց, զարմանալիորեն, մեզ բախտ է վիճակվել ունենալու Նիկոլի պես անհատ, և հենց Նիկոլի հրապարակ մտնելով նաև՝ վերակերտված, իր իրավունքներին տեր կանգնած հզոր շարքային անհատ։Մենք իշխանափոխությունը դեռ կանենք։ Բայց այն, ինչ արդեն արել ենք, շատ ավելի հզոր է, քան հնարավոր էր պատկերացնել։

Մենք մեր ավանդական խեղճության, անճարակության, զոհի ու ենթարկվողի հանրային արժեքայինն ենք դեն շպրտել և արդեն նորի մեջ մտել։ Մենք երեկվանը չենք, մենք գենոցիդվածը չենք, մենք սեփական տականքի առջև ընկրկածը չենք, մենք մեր թուլությունները հասկացած և դրանք հաղթահարածն ենք։ Եվ հաստատ, մեր սեփական տականքի սանձերն ինքնուրույն քաշելու ընդունակ ազգն ենք։Մեր վրա այլևս ոչ մի դրսի “տղա” չի հանդգնի գալ։ Մեր վրա այլևս ամեն տականք չի հանդգնի մակաբուծել։ Մենք իրոք, դար ու հազարամյակ ենք շրջել, ու նոր կյանք մտել։Սա իշխանափոխություն չէ, սա արժեքայինի փոփոխություն է, որը դարեդար չի եղել:Կողքից այս ամենը չնկատող, չտեսնող, չհասկացողները, ոնց հանրապետականների 55-ը, ինձ կասեն, թե էս ծերունին լրիվ է ցնդել, չեղած բաներն իրականություն է տեսնում, Նիկոլին է մեծարում, երբ պարզ չէ, թե իշխանությանը տիրանալուց հետո ով է Նիկոլը դառնալու։Իսկ ինձ էլ դա չէ կարևորը։

Այսօր Նիկոլը հզոր է՝ ես իր հզորությամբ եմ հիանում և սատար կանգնում։ Վաղը Նիկոլը սրիկայականը կանի, ես էլ նույն համառությամբ դրա դեմը կառնեմ՝ ոչ ասօրվա տհասից, ոչ էլ վաղվա չարախոսից վախենալով։ Եվ ոչ միայն ես, բոլորն են նույնն անելու։ Ազգը նոր նիկոլներ է սկսելու ծնել, որովհետև այլևս ոչ թե հաստավիզ բուծելու, այլ Նիկոլ գեներացնելու հրամայականն է մեզ տրված։Քաղաքականությունը ոչ թե փնովելու, այլ մրցակության ու հզոր իմպուլսների դաշտ է։ Եթե ուզում ես նրանում արդյունքի հասնել, ապա պետք է գործես, կռվես, պայքարես, քոն առաջ տանես, այլ ոչ սպասես դեպքերի ընթացքին, կամ էլ, առավել ևս, դիտես ուրիշներին։Հանրային իմաստությունն ասում է՝ կհնձես այն, ինչ կցանես։ Մենք մինչև հիմա մեր տականքի ցանածն ենք հնձել։ Այսուհետ Նիկոլի ու նրա կողքը կանգնած երիտասարդների ցանած սերմերով նոր մարդուն ենք կերտելու։ Եվ դրանց մեջ այլևս չի լինելու այսօրվա սրիկան, ազգադավը, պնակալեզը, պատեհապաշտն ու սողունը։Նիկոլ ֆենոմենը, նոր երիտասարդություն ֆենոմենը, նոր հայ ու նոր հայություն ֆոնոմենները այսօր հրապարակում են և ապագայի կռիվ են տալիս։ Լինենք նրանց հետ, քայլենք նրանց հետ, արարենք նրանց հետ։

Նրանք արդեն իսկ հաղթած են։

Be the first to comment on "Մենք մեծ աղետից ենք փրկվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ