Հայկական հեղափոխությունը՝ աշխարհի ուշադրության ներքո

 

«Ո՛չ արեւմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ. ես հայամետ եմ» Ապրիլի 30-ին խորհրդարանում ՀՀԿ խմբակցության անդամների եւ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն ըստ արժանվույն նախապատրաստվել է՝ բարդ հարցեր ուղղելու առումով, թեեւ դրանց մասը մինչեւ այսօր էլ լրագրողներն ազատորեն կարող էին ուղղել ՀՀԿ-ին՝ որպես նախկին իշխող եւ պատասխանատվություն կրող եւ դեռեւս կրող ուժի՝ ինչ-ինչ թեմաների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով: Եվ ընդհանրապես՝ ինչպիսի՞ Հայաստան մենք կունենայինք, եթե ՀՀԿ-ական պատգամավորները նույնպիսի համառությամբ ու հետեւողականությամբ նույնաբովանդակ հարցերն անցած 10 տարիների ընթացքում համարձակված լինեին ուղղել երկրի նախագահին եւ վարչապետներին:

Ինչեւէ, ՀՀԿ-ականները Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում Նիկոլ Փաշինյանին «նեղը գցելու» հարցում անընդմեջ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵՄ-ի հետ քաղաքականության, ասել է թե՝ «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակելու խոստովանություն էին կարծես ցանկանում կորզել, որպեսզի արձանագրեն, որ ընդդիմադիր գործիչը հայաստանյան իրողություններում, եթե իշխանության ղեկին լինի, կվարվի այնպես, ինչպես ՀՀԿ-ն՝ որպես իշխող ուժ, դրանով իսկ փաստելով, որ ուրեմն ՀՀԿ-ի քաղաքականությունը ճիշտ էր: Իսկ ընդհանրապես, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին խորհրդարանում հանրապետականներն իրենց հարցերի բովանդակությամբ, ապա քվեարկությամբ էլ ավելի մեծացրին անջրպետը հասարակության եւ խորհրդարանական մեծամասնության միջեւ: Իսկ նրանց գլխավոր նպատակը՝ հունից հանել Փաշինյանին, նրան հանրահավաքային ելույթների դաշտ մղել, ուղղակի չհաջողվեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների անհանգստություններին՝ ՀՀ արտաքին քաղաքականության անորոշության վերաբերյալ՝ նկատենք, որ այս օրերին Փաշինյանն անընդհատ խոսել է, բազմիցս շեշտել է՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը չփոխելու, կտրուկ փոփոխությունների չենթարկելու անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ կարծես, ցրելով թե՛ Մոսկվայում առկա անհանգստությունները, թե՛ ներսում շահարկումները:

Օրերս BBC-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր. «Ընդհանրապես ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական ռեւերսները շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար, եւ մենք պատրաստվում ենք հետեւել բոլոր միջազգային պարտավորություններին, որոնք Հայաստանն այժմ ունի ե՛ւ ԵվրԱզԷՍ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի մասով, բայց դա չի նշանակում, որ մենք կարծում ենք, թե այդտեղ ոչ մի խնդիր չկա քննարկելու եւ լուծելու: Մենք պատրաստվում ենք բոլոր այդ հարցերը քննարկել մեր ռուս գործընկերների հետ եւ վստահ ենք, որ այդ բոլոր հարցերում մենք միասնական կարծիքի կգանք: Եվրամիության հետ հարաբերությունների առումով մենք ունենք ստորագրված եւ վավերացված պայմանագիր, եւ մենք պատրաստվում ենք այդ պայմանագիրը եւս կյանքի կոչել: Ես չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կարող է ինչ-որ առումով սպառնալ երկրի անվտանգությանը: Մենք պատրաստվում ենք բարելավել եւ խորացնել հարաբերությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ եվրասիական գործընկերների, ե՛ւ ՀԱՊԿ գործընկերների, ե՛ւ Եվրոպական միության, ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի, եւ ընդհանրապես բոլոր գործընկերների հետ, բայց մենք դա պատկերացնում ենք այսպես. չպետք է մեկը տեղի ունենա մյուսի հաշվին: Դա ամենակարեւորն է, քանի որ Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, եւ մենք պատրաստվում ենք մեզ պահել որպես ընտանիքի արժանի, ինքնիշխան անդամ»: «Շատերն այսօր արեւմտյան մամուլում ինձ ներկայացնում են որպես արեւմտամետ քաղաքական գործիչ: Ես բազմիցս ասել եմ՝ ես ո՛չ արեւմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ. ես հայամետ քաղաքական գործիչ եմ, եւ դա իմ դիրքորոշման իրական գնահատականն է»,- նշել է Փաշինյանը՝ հստակեցնելով, որ այո՛, դեմ է եղել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բայց Հայաստանն այժմ ԵվրԱզԷՍ-ի անդամ է, եւ դա փաստ է: «Եվ ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ: Ես միշտ ասել եմ, որ կտրուկ շարժումներ աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտում շատ եւ շատ անբարենպաստ են՝ հատկապես հաշվի առնելով միջազգային եւ տարածաշրջանային դրությունը: Ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին՝ Ռուսաստանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի Հայաստանի ներքին գործերին:

Այո՛, իհարկե, մենք պետք է դեռ շատ քննարկենք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակում, դա կլինի կառուցողական երկխոսություն: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ես ռուս գործընկերներին ասել եմ, որ չեմ կարծում՝ այստեղ որեւէ խնդիր չկա, այդ խնդիրները մենք պետք է քննարկենք: Ես ասում եմ, որ ռեւերս չի լինի: Այս գործընթացում չկա որեւէ աշխարհաքաղաքական դավադրություն եւ ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ: Այս գործընթացը, մեր շարժումը մաքուր ներհայկական գործընթաց է, այստեղ խառնված չէ որեւէ արտաքին ուժ, եւ դա ես բոլորին երաշխավորում եմ: Եվ դա պարզապես ակնհայտ է, դա չնկատել պարզապես անհնար է»: ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել ՀՀ նոր կառավարության հետ Ապրիլի 30-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։ «Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ եւ օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,- հայտնում էր նա։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուես Միտչելի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին մանրամասնելով՝ ՔՊ-ն այնուհետեւ հայտնել էր. «Նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը, եւ թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը եւ նրանց խորհրդարանական ներկայացուցիչները: Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի Սահմանադրության եւ իրավունքի գերակայության: Նշելով, որ ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին եւ հույս հայտնեց, որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից: Նա նաեւ նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները», – ասված է հաղորդագրությունում: Դեռ ապրիլի 26-ին ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը կարեւոր ուղերձով էր հանդես եկել. «Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում»: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական եւ խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով»: ԱՄՆ-ը ողջունել էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը՝ նշում է Հարրի Քամյանը. «Մենք ծափահարում ենք թե՛ ոստիկանությանը եւ թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ եւ առանց բռնությունների ընթացքը»: ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին՝ բարգավաճ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու հարցում Ապրիլի 30-ին տարածվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը քաղաքական իրավիճակի վերաբերյալ: ԵՄ-ն վերստին հաստատեց աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ «ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:

Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը՝ ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների ու ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները, ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»: Մեկ օր անց այս հայտարարությունից՝ ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարության մեջ ասվում էր, որ ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Միաժամանակ, հրապարակած հայտարարության մեջ անչափ կարեւորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները եւ հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից եւ զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերին»: Եվրամիությունը շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներառյալ քաղաքացիական հասարակությանը, համակողմանի երկխոսություն սկսելու Սահմանադրությանը եւ հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ձեւավորման շուրջ: Մայիսի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վերջինս վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: «Կրեմլը չի հանդուրժի գունավոր հեղափոխություն Հայաստանում» Միջազգային կառույցների հավասարակշիռ պահվածքի ֆոնին՝ մամուլը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հանդես էր գալիս ավելի մանրամասն վերլուծություններով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանի հակամարտող քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել եւ ճգնաժամը լուծել բանակցությունների ճանապարհով՝ հիշեցրել էր Financial Times-ը: BlueBay-ի վերլուծաբան Թիմ Էշը պարբերականին ասել էր, որ Պուտինի այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես «Կրեմլը չի հանդուրժի գունավոր հեղափոխություն»: Մինչդեռ մինչ այժմ Մոսկվան հայտարարում էր, որ այդ ցույցերը Հայաստանի ներքին խնդիրն է, եւ խուսափում էր զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ: Washington Post-ը գրում է, որ ժամանակն աշխատում է Փաշինյանի օգտին: «Ինչպես երեւում է, Հանրապետական կուսակցությունը հույս ունի կառավարություն ձեւավորել եւ պահպանել իշխանությունը անցումային շրջանում: Սա հասկանալի է, քանի որ հիմնականում վարչական լծակներն ու ընտրակաշառքներն էին, որ հաղթանակ ապահովեցին հանրապետականների համար 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե Հանրապետականը կորցնի կառավարությունը, նոր ընտրություններում նրա արդյունքները զգալիորեն ցածր կլինեն»,- գրել էր Open Democracy-ն: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/03/954583/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "Հայկական հեղափոխությունը՝ աշխարհի ուշադրության ներքո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ