Գագիկ Ծառուկյանի սենսացիոն որոշումը և հեռահար քայլը

 

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և ԱԺ <<Ծառուկյան>> խմբակցության պատգամավորների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի ընթացքում որոշվել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկել: Որպես հիմնավորում Գագիկ Ծառուկյանը նշել է այն, որ Արմեն Սարգսյանի և ԲՀԿ-ի մոտեցումները համընկնում են երկրի խնդիրների լուծման հարցում:

«Հարգելի՛ թիմակիցներ ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է բոլոր ոլորտի ներկայացուցիչների հետ, պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի եւ մեծ ներդրումներ բերի: Այսօր նա այն է ասում, ինչը մեր ցանկությունն է, նպատակն է: Իր տեակետն ու մոտեցումը սա է: Ես էլ եմ ձեր հետ համաձայն: Նա որեւէ կուսակցության անդամ չէ, մնում է, որ իր հեղինակությունը պահպանի»,- հանդիպման ընթացքում ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիմնավորմուները, որոնք նշել է Ծառուկյանը՝ Արմեն Սարգսյանին պաշտպանելու համար, խոցելի են՝ բացառությամբ թերևս նրա, որ թեկնածուն կուսակցական չէ: Արտագաղթը դադարեցնելու, ներգաղթ սկսելու և մեծ ներդրումներ բերելու հետ կապված սպասելիքները իհարկե իրատեսալան չեն, որովհետև 4-րդ նախագահը չունի այնպիսի լծակներ, որ կարողանա երաշխիքներ ապահովել: Դրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծի ապագա վարչապետը: Ընդ որում, ներդրումներ բերելու առումով ինքը՝ Ծառուկյանը ավելի իրատեսական թեկնածու է. նախագահ լինելու դեպքում Ծառուկյանը կարող էր իր 15 մլրդ դոլար օտարերկրյա ներդրումներ ապահովելու խոստումը կատարել:

Սակայն քաղաքական որոշման հիմքում ԲՀԿ առաջնորդը թերևս ավելի հեռահար նպատակներ է դրել: Արմեն Սարգսյանի ընտրության ընթացքը մեծապես կախված էր Ծառուկյանի որոշումից. սա հայտնի իրողություն էր: Եթե, օրինակ, <<Ծառուկյան>> խմբակցությունը որոշեր դեմ քվեարկել Արմեն Սարգսյանին, ապա նա չէր կարող ընտրվել առաջին փուլով, քանի որ դրա համար նրան պետք էր առնվազն 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չունեն. առնվազն 14 ձայն պակասում է: Այսինքն՝ Ծառուկյանի դեմ լինելու պարագայում պետք է առնվազն նախագահի ընտրության երկրորդ փուլ լիներ, որին իշխանությունն  ու անձամբ Սերժ Սարգսյանը այնքան էլ հակված չէին: Ծառուկյանը իհարկե կարող էր սովորական բլեֆ անել և հայտարարել, որ խմբակցության պատգամավորները ազատ են իրենց դիրքորոշման մեջ և կարող են քվեարկել՝ ինչպես կամենան: Այս դեպքում ընտրության հարցը իհարկե կլուծվեր, բայց Ծառուկյանն ու նրա խմբակցությունը ակամայից հայտնվելու էին քաղաքական ինտրիգի նոր հորձանուտում: Լինելու էին անհարկի պիտակավորումներ կեղծ ընդդիմություն լինելու մասին, սկսվելու էր «գաղտնազերծման» գործընթաց,  թե այս կամ այն պատգամավորը իշխանության ներկայացուցիչն է Ծառուկյանի խմբակցությունում և էլի այս շարքի խառը պատմություններ:

 

Գործընթացին  բաց  խաղաքարտերով մասնակցելու Գագիկ Ծառուկյանի ընտրած ճանապարհը միանգամից փակում է անհարկի շահարկումների թեման: Ի վերջո, սա այն դեպքը և տեղը չէր, որ Ծառուկյանը պիտի ապացուցեր Սերժ Սարգսյանին դեմ գնալու պատրաստակամությունը: Մյուս կողմից՝ կողմ քվեարկելով իշխանության նախագահի թեկանծուին՝ տեսականորեն Ծառուկյանը ճանպարհ է հարթում կոալիցիա մտնելու համար: Եթե Սերժ Սարգսյանը կոալիցիա կազմելու խնդիրը Ծառուկայնի հետ չի քննարկում այսօր, դա դեռ չի նշանակում, որ նման քննարկում չի կարող լինել, օրինակ 6 ամիս կամ 1 տարի հետո: Ի վերջո, <<Ծառուկյան>> դաշինքը երկրորդ խորհրդարանական ուժն է, և ըստ խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանության՝ կոալիցիոն ուժի իրական թեկնածուն: Բացի այդ՝ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվում 7 տարի ժամկետով, այսինքն որպես նախագահ՝ նա ավելի երկար պաշտոնավարման ժամկետ ունի, քան կունենա Սերժ Սարգսյանը որպես վարչապետ: Հետևաբար սա կարող է համագործակցության ավելի հեռահար քայլ լինել: Իսկ ամենավերջին դեպքում Գագիկ Ծառուկյանն իր թիմով կարող է լինել Արմեն Սարգսյանի սիրելի ընդդիմությունը խորհրդարանում:

 

 Հայկ  Դավթյան

Be the first to comment on "Գագիկ Ծառուկյանի սենսացիոն որոշումը և հեռահար քայլը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ