ՀՀԿ-ի ներքին խմորումները. Ֆելիքս Ցոլակյանին «կռիս» են համարել

 

Երեկ խորհրդարանում Հանրապետական խմբակցությունը տապալեց վարչապետի ընտրությունը՝ դեմ քվեարկելով միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Այսպիսով` մեկ շաբաթ անց տեղի կունենան վարչապետի նոր ընտրություններ, իսկ եթե դա էլ տապալվի, Ազգային ժողովը Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով կլուծարվի: Փաշինյանի ահազանգը ՀՀԿ-ն իր որոշման մասին հայտնեց միայն քվեարկությունից րոպեներ առաջ: Սակայն ընդգծենք, որ դեռ գիշերը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արդեն ժողովրդին փողոց դուրս գալու կոչ էր արել, քանի որ տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ում որոշել են դեմ քվեարկել ժողովրդի թեկնածուին: Սակայն որքան էլ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը փորձեց ցույց տալ, որ իրենք միասնական են եւ միասնական քվեարկություն կիրականացնեն, չստացվեց: Պարզվում է` այս կուսակցությունում դեռ կան սփաթ մտածող անհատներ: Ճիշտ է` նրանք դեռ մեծամասնություն չեն, բայց փաստ է, որ կան:

Մասնավորապես ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանը, խորհրդարանում գտնվելով, չէր գրանցվել նիստին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս սցենարը միանշանակ սպասելի էր, քանի որ վերջինս ռեյտինգային համակարգով պատգամավոր էր ընտրվել Տավուշի մարզից, իսկ նրան էլ հովանավորում էր «Գրանդ Հոլդինգը», ով էլ մեծ ներդրում էր ունեցել Ավալյանի՝ պատգամավոր դառնալու հարցում: Եվ քանի որ «Գրանդ Հոլդինգը» այս օրերին միացել էր համաժողովրդական շարժմանը, ապա Ավալյանը որոշել էր նման քայլի գնալ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա նախապես իր գործընկերներին տեղեկացրել էր, որ չի կարող գալ եւ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին: Այդ ամենի գինն էլ եղավ մանդատը: Սակայն նա նախօրեին մասնակցել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը նախկինի պես կրկին գիշերով էր եղել: Սարգսյանի հետ գիշերային նիստին չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական պատգամավորը՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավելի վաղ Ցոլակյանի եւ ՀՀԿ-ականների միջեւ բուռն բանավեճեր են եղել, վերջինս հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, սակայն իրենք են կրակն ընկել, ու չի թաքցրել, որ կողմ է քվեարկելու Փաշինյանին: Ավելի ուշ նա հայտարարեց, թե քվեարկել է խղճի թելադրանքով՝ ժողովրդի թեկնածուի օգտին: Ողորմելի էին Երեկ հանրապետականներից շատերը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք ոչ թե մտածում են պետության մասին, ոչ թե պետության ճակատագրով մտահոգված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքեր են փնտրում, այլ պարզապես չեն համակերպվում իշխանությունը կորցնելու մտքի հետ եւ ընկնավորի նման, փրփուրը բերանին` թփրտում են: Նրանք Փաշինյանի ընտրության գործընթացը վարկաբեկելու համար պատրաստ են դիմելու ամենաճղճիմ, ամենաողորմելի, ամենաստոր, ամենանողկալի քայլերին: ՀՀԿ-ականներն անգամ հիշեցնում էին Փաշինյանի՝ հեռավոր 90-ականներին գրված հոդվածները` փորձելով տարբերություններ գտնել նրա այսօրվա եւ 20-25 տարի առաջ արտահայտած մտքերի միջեւ:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ավելի «խելացի» գտնվեց եւ «Նաիրիտ» գործարանի չաշխատելու մեջ մեղադրեց Փաշինյանին՝ ասելով, թե այն ժամանակ վերջինս իշխանություն է եղել: ՀՀԿ մտքի տիտանի այս բացահայտումն իրոք զավեշտի ժանրից է, քանի որ Փաշինյանն իր ողջ կյանքում չի զբաղեցրել որեւէ պետական պաշտոն, չի եղել իշխանության մեջ: Մյուս ՀՀԿ-ականների հնչեցրած հարցերն ու ունեցած ելույթներն իրենց բովանդակությամբ չտարբերվեցին սրանից: Հատկապես ՀՀԿ կին պատգամավորների անզուսպ հիստերիան սրտխառնուք էր առաջացնում: Ու տպավորություն էր, թե իրենք որոշել են ողջ թիմով քաղաքական ինքնասպանություն գործել՝ ժողովրդի աչքում վերածվելով հատակի ջնջոցի: Պատահական չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ իշխանությանը համեմատեց գարշահոտություն բուրող բնապահպանական աղետի հետ: Միակ «ճիշտ» ելույթը, թերեւս, Սեյրան Սարոյանինն էր, ով հանրապետականներին մեղադրեց նույն հարցը հինգ անգամ տալու եւ Փաշինյանին փնովելու փորձերի մեջ` վերջում էլ առաջարկելով քաղաքական ճգնաժամը լուծել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելով: Իսկ ինչ պատահեց Ակնհայտ է, որ վարչապետի ընտրությունը տապալելու ծրագիր ՀՀԿ-ականները վաղուց ունեին՝ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ: Դրանից հետո նրանք որոշել էին Կարեն Կարապետյանի թեկնածությամբ մասնակցել քվեարկությանը, սակայն վերջինիս պահվածքից զայրացած` որոշեցին թեկնածու չառաջադրել, բայց եւ չպաշտպանել Նիկոլ Փաշինյանին: Արդեն նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է Փաշինյանին դեմ քվեարկելու որոշումը՝ ասելով, թե «նա պե՞տք է վարչապետ լինի, սա՞ եք ցանկանում»:

 

Այժմ ՀՀԿ-ականները մինչ հաջորդ շաբաթ փորձելու են հասկանալ ժողովրդի տրամադրությունները՝ արդյո՞ք նրանք այդպիսի ուժգնությամբ կպայքարեն Նիկոլ Փաշինյանի համար, թե՞ միայն դեմ էին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Եվ չի բացառվում, որ հետագա գործողությունները պարզ դառնան այս մեկ շաբաթվա իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է՝ եթե մեկ շաբաթ անց վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովը կլուծարվի: ՀՀԿ-ն այնքան էլ հակված չէ այս տարբերակին, իսկ դրա համար մեկ շաբաթ անց պետք է վարչապետ ընտրվի: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին կրկին կառաջադրեն, սակայն չի բացառվում, որ ՀՀԿ-ն այս անգամ իր թեկնածուին բերի եւ նրան հանգիստ անցկացնի: Կուլիսային տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ի հավանական թեկնածուն այս պահին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է, որը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Ռոբերտ Քոչարյանի կադրն է համարվում: Սակայն այս ամենը կախված է առաջիկա օրերից. չի բացառվում, որ ՀՀԿ-ն ընտրի այս պահի ամենաօպտիմալ տարբերակը եւ պարզապես ցրի խորհրդարանը: Դա գոնե կհանդարտեցնի կրքերը: Նկատենք, որ մինչեւ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀԿ խմբակցությանը` շեշտելով՝ ոչ թե որպես ամբողջություն, այլ որպես անհատների. «Ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլեւս վերադարձ չկա: Ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին. եթե դուք դեռեւս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու»: Նրա հորդորները տեղ չհասան: Ավելի ուշ, արդեն Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի քան 10 ժամ սպասող քաղաքացիներին դիմելիս` հայտարարեց, թե ՀՀԿ-ի հետ միայն մեկ թեմայով կարող է երկխոսել՝ իրենց հուղարկավորության եւ մեռելահացի անցկացման մասին: «ՀՀԿ-ն այլեւս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետականի որեւէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետեւ իրենք այսուհետ գոյություն չունեն»: Նա նաեւ նշեց, թե քաղաքացիական անհնազանդության գործողություններն այսօրվանից վերսկսվում են. «Հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին հայտարարում ենք տոտալ գործադուլ»: Նաիրա Հովհաննիսյան Արման Գալոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/802322/

Be the first to comment on "ՀՀԿ-ի ներքին խմորումները. Ֆելիքս Ցոլակյանին «կռիս» են համարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ